«Ես երբեք ոչ մանդատի, ոչ ցուցակի համար կռիվ չեմ տվել, համոզված եմ՝ Արմեն Աշոտյանը ևս, մեր պայքարը մանդատի համար չէ, մեր պայքարը գաղափարի, սկզբունքի համար է, մեր պայքարը ցուցակում լավ տեղ ունենալու համար չէ, մենք ամեն մեկս ունենք մեր տեղը», ՀՀԿ ԳՄ այսօրվա նիստից առաջ լրագրողներին ասել է ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը, պատասխանելով ՀՀԿ նախընտրական ցուցակը իր, Արմեն Աշոտյանի ու Վիգեն Սարգսյանի կողմից գլխավորելու հավանականության մասին հարցին:
Հետաքրքիր է, որ նա Վիգեն Սարգսյանի անունը չի տալիս: Արդյոք Վիգեն Սարգսյանն, ի տարբերություն իրեն ու Աշոտյանի, պայքարում է մանդատի ու ցուցակը գլխավորելու համար:
Ի դեպ, Վիգեն Սարգսյանն այսօր ընտրվել է ՀՀԿ առաջին փոխնախագահ: Այդ պաշտոնը ստեղծել էին նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի համար, թեեւ Սերժ Սարգսյանն իր «ժառանգորդ» էր տեսնում Վիգեն Սարգսյանին: Վիգեն Սարգսյանը Ֆեյսբուքում աշխուժացավ միայն վերջերս, ի տարբերություն Աշոտյանի ու Շարմազանովի:
Տեղեկություններ կան, որ ՀՀԿ-ականներից շատերը հրաժարվել են առաջադրվել ռեյթինգային կարգով:ՀՀԿ խորհրդի այսօրվա նիստում քննարկվել է ընտրություններին մասնակցելու հարցը, ինչպես նաեւ ներքաղաքական իրավիճակը: Հայտնի է դարձել, որ ՀՀԿ-ն այսօր չի հրապարակելու նախընտրական ցուցակը, թեեւ ավելի վաղ ենթադրվում էր: Նիստն անցել է բավական լարված մթնոլորտում, ՀՀԿ խորհրդի անդամ Ռուբեն Հայրապետյանը բարկացած դուրս է եկել ՀՀԿ շենքից ու արագ հեռացել:
ՀՀԿ-ում կռիվ է ցուցակների տեղերի համա՞ր, թե՞ ոչ ոք չի ուզում իր վրա վերցնել ռեյթինգայինի կրակը, նախընտրելով միայն ցուցակը: Երեւում է՝ եւ մեկը, եւ մյուսը:
ՀՀԿ-ն՝ խոշոր սեփականատերերի նախկին ակումբը, փլուզվել է իշխանությունը կորցնելուց հետո: Ներկայում կուսակցությունում մնացել են սեփականատերերի սպասարկուները, որը կոչվում է «ՀՀԿ քաղաքական թեւ»: Նրանք խորհրդարանում էին հայտնվում սեփականատերերի փողերով ու գնած քվեներով, դառնալով քաղաքական ցուցանակ իշխանությունը յուրացրած այդ ակումբի համար:
Վերջին ամիսներին «քաղաքական թեւը» փորձում էր գտնել արտաքին հովանավորներ՝ իր նախկին դերը շարունակելու համար, սակայն այդ փորձերը ձախողվում են: Քոչարյանը մերժեց ստանձնել այդ դերը, նախընտրելով սպասել, իսկ կառավարության կողմ ուղղված ակնարկներն ու առաջարկները՝ «միակ ընդդիմություն» դառնալու, անտեսվում են: Ավելին, Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ արհեստական ընդդիմություն չեն ստեղծելու: Իսկ ՀՀԿ-ն միայն արհեստական ընդդիմություն կարող է լինել:
Աղբյուր՝ Lragir.am