Դավիթ Շահնազարյանը Հայաստանում Արցախի խնդրին տիրապետող եզակի մարդկանցից է, Հանրային հեռուստաընկերության եթերում հայտարարել է ՀՀԿ նախընտրական ցուցակը գլխավորող Վիգեն Սարգսյանը, ի պատասխան Պետրոս Ղազարյանի հարցի ասելով, թե ինչպես է օրինակ Ռուսաստանի հետ հարաբերության մասով ՀՀԿ տեսակետներից տրամագծորեն տարբեր դիրքորոշում ունեցած Դավիթ Շահնազարյանը հայտնվել ցուցակի երրորդ տեղում:

Վիգեն Սարգսյանը նշել է, որ իրենք մեծ նշանակություն են տալիս Արցախի հարցին եւ թույլ են տվել այլ հարցերում բազմազանություն եւ տարակարծություն:

Այստեղ իհարկե իրավիճակը փոքր ինչ տարօրինակ է, որովհետեւ Ռուսաստանի հետ հարաբերությունն ու ՌԴ հանդեպ վերաբերմունքը, այդ թվում եվրասիական քաղաքականության եւ ինտեգրացիոն նախագծերի համատեքստում, Արցախի հարցի համար ունեն առանցքային նշանակություն: Նույնիսկ ՀՀԿ-ն է դա ասել, երբ օրինակ Սերժ Սարգսյանը մեկ գիշերում կայացրել էր ԵՏՄ-ին անդամակցելու որոշումը:

Թեեւ, գուցե հենց այս հանգամանքն էլ ՀՀԿ-ին ստիպել է գալ եզրահանգման, որ Ռուսաստանի հարցում Շահնազարյանը ճիշտ էր՝ երբ հայտարարում էր, որ ՀՀ-ն ու ՌԴ-ն չունեն ընդհանուր շահեր, իսկ ԵՏՄ-ն էլ ռուսական կայսրության վերականգնման փորձ է, իսկ իրենք՝ սխալ, երբ կարծում էին, թե ԵՏՄ-ն դարձնում է մեզ ավելի անվտանգ:Դա բացատրվում էր նրանով, որ բարձրանում է մեր անվտանգությունը, ինչը բնականաբար առաջին հերթին ենթադրում է նաեւ անվտանգություն Արցախի խնդրում: Իհարկե հետո բոլորը տեսան, որ իրականում անվտանգությունը ոչ թե բարձրացել է, այլ Ադրբեջանն ավելի է լկտիացել Ռուսաստանի գործուն աջակցության եւ Հայաստանի անզորության պայմաններում:

Բայց, այդ դեպքում Վիգեն Սարգսյանը պետք է ունենա քաղաքական քաջություն ու ազնվություն, ինչպես Սերժ Սարգսյանն ունեցավ ապրիլի 23-ին, ու հայտարարի, որ Դավիթ Շահնազարյանը ճիշտ էր, երբ մերժում էր ՌԴ քաղաքականությունը: Բայց Վիգեն Սարգսյանն այդպես չի ասել, այլ իր անհամաձայնությունն էր հայտնում Շահնազարյանի հետ, այդպիսով հայտնվելով բավական անհարմար վիճակում եւ այդպիսի անհարմար վիճակում դնելով նաեւ Դավիթ Շահնազարյանին:

Ինչ վերաբերում է Արցախի հարցում Դավիթ Շահնազարյանի եզակի կոմպետենտությանը, ապա այդ առումով Վիգեն Սարգսյանի կարծիքը եզակի չէ, կա այդպիսի տարածված կարծիք: Ավելին, չի էլ բացառվում, որ ՀՀԿ-ն կամ Վիգեն Սարգսյանը իրականում ամենեւին այդ կարծիքին չեն, պարզապես խաղադրույքը կատարվել է հենց հանրային որոշ շրջանակների այդպիսի կարծիքի վրա:

Դավիթ Շահնազարյանն իսկապես այն հատուկենտ պաշտոնյաներից է, որոնք մոտիկից են ծանոթ կարգավորման գործընթացին՝ պաշտոնի բերումով: Դավիթ Շահնազարյանը մի քանի ամիս եղել է Հայաստանի ԱԱԾ պետ, հետո եղել է Արցախի հարցում նախագահի հատուկ հանձնարարությունների դեսպան:

Դավիթ Շահնազարյանը մոտ է եղել գործընթացին մոտ քառորդ դար առաջ: Աշխարհը այժմ ոչ միայն այն չէ, ինչ քառորդ դար առաջ էր, այլ նույնիսկ չորս տարի առաջ աշխարհը բոլորովին այլ էր, ու դատելով փոփոխությունների դինամիկայից, անգամ չորս օր հետո աշխարհը կարող է այլ լինել: Հետեւաբար, ժամանակակից աշխարհում եւ ներկայիս արագությունների պայմաններում քառորդ դարի պատմություն ունեցող բացառիկ կոմպետենտությունից խոսելը բարեխիղճ չէ լսարանի հանդեպ:

Որովհետեւ, ինչպես աշխարհը նույնը չէր քառորդ դար առաջ, նույնը չի կարող լինել նաեւ Արցախի խնդիրն, առավել եւս 2016 թվականի ապրիլի քառօրյա պատերազմից հետո:

Այդ իմաստով, ի դեպ, ՀՀԿ համար ամենաթարմ եւ անփոխարինելի կոմպետենտը կարող էր եւ պետք է որ լիներ Սերժ Սարգսյանը՝ ՀՀԿ առաջնորդը: Ինչու՞ է ՀՀԿ-ն իր առաջնորդին թողած, նախընտրական ցուցակ մտցնում կոմպետենտության հարցում նրան զիջող այլ գործչի:

Միեւնույն ժամանակ, ապրիլյան պատերազմ, որը գործնականում նաեւ փաստացի ջնջեց նախապատերազմական որեւէ կոմպետենտություն, լինի Դավիթ Շահնազարյանի, թե որեւէ այլ ավելի մոտիկ եղած պաշտոնյայի, որովհետեւ 2016-ի քառօրյա պատերազմը գործնականում քառորդ դար առաջ սկսված այդ «կոմպետենտությունների» շղթայի անփառունակ ավարտն էր, որն աղետի չվերածվեց միայն բանակի ու հասարակության միասնական ջանքի եւ դիմադրության շնորհիվ:

Այդ պատերազմը հայկական «կոմպետենտ» քաղաքականության եւ մոտեցումների հետեւանքով ձեւավորված Ադրբեջանի «պատերազմի իրավունքի» իրացումն էր, որը հայկական զինուժի եւ հանրության մակարդակում ստացավ իր պատասխանը, սակայն միջազգային մակարդակում մնաց անպատիժ, որովհետեւ լեգիտիմացել էր հենց հայկական կողմում քառորդ դար տարբեր փաթեթավորումներով գերիշխած կոմպետենտ այն մտածողության շնորհիվ, որը բանակցային գործընթացի հենց սկզբից ճանաչել էր ազատագրված տարածքների հանդեպ Ադրբեջանի իրավունքը, դրա դիմաց պաշտոնապես ստացած չլինելով ոչ մի համարժեք իրավունք:

Մյուս կողմից, այդ առումով իհարկե նախապատերազմական կոմպետենտությունը կարեւոր է այն տեսանկյունից, թե ինչ այլեւս չպետք է անել Արցախի խնդրում, նույն հետեւանքը չունենալու համար:

Աղբյուր՝ Lragir.am

loading...