Առավոտից ստանում եմ ահազանգեր Երևան քաղաքի տարբեր դպրոցներից, մասնավորապես՝ Կենտրոն եւ էրեբունի վարչական շրջանների դպրոցների աշխատակիցներից, որ Նիկոլ Փաշինյանի վաղվա երթի համար իրենց հորդորում են, խորհուրդ են տալիս, հավաքագրում են մասնակցության համար։

Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերում քիչ առաջ հայտարարեց ՀՀԿ Շտաբի ղեկավար Արմեն Աշոտյանը:

«Ասում են, որ խրախուսվում է ձեր մասնակցությունը վաղվա երթին, ձեզ համար լավ կլինի, որ գաք, կոլեկտիվներով հավաքվեք, եկեք երթի: Այդ ահազանգերը ճշտվել են, և այդ մարդիկ վերահաստատել են իրենց իմացած ինֆորմացիան, որ իշխանությունները մաքսիմալ քանակով մարդ են հավաքում, ապավինում են ոչ միայն իրենց կոչերին, այլեւ վարչական լծակներին: Այսինքն՝ այսօրվա իշխանությունները կրկնում են այն աշխատաոճը, որում ժամանակին մեզ էին մեղադրում, վարչական լծակներից օգտվել չեն խորշում՝ դեռ ընտրարշավը չմեկնարկած»,- ասաց նա:


«Ակնհայտ է, որ Ն. Փաշինյանը այս պահի դրությամբ չունի նման լծակների կարիք, քանի որ վաղը բավական շատ մարդ կլինի, բայց մյուս կողմից ուզում են իրենց մուսկուլները ցույց տալ ու վարչական դոփինգը ստուգել»:Աշոտյանը հորդորեց ոլորտի պատասխանատուներին եւ Երևանի քաղաքապետին անհապաղ զբաղվել այս հարցով, կոչ արեց դիտորդներին այս ամենն ընդունել որպես մտահոգություն:

Բացի դրանից, նա նաև մեկ այլ ահազանգ հաղորդեց, որ մի խումբ գիտնականներից նամակ է ստացել,  ովքեր բարձրաձայնում են, որ ՀՀ-ի բոլոր ՊՈԱԿ-ների, նաև գիտակրթական ուսհաստատությունների բանկային հաշիվները տեղափոխվելու են ՀՀ գանձապետական հաշիվ:

«Սուսիկ-փուսիկ մեր իշխանությունները այսպիսի բաներ են անում: Սա մեծ հարված է հասցնելու գիտակրթական հիմնարկների ակադեմիական ազատություններին, այսինքն՝ գիտնականները և կրթությամբ զբաղվող մարդիկ մեծապես կախված են լինելու պետությունից, թե ֆինանսավորումը երբ ու ինչպես կհատկացվի»,- ասաց նա և նշեց, որ շատ գրանտային ծրագրեր ըստ այդմ կարող են չտրամադրել, քանի որ գումարները բացառապես գիտական կառույցներին են փոխանցվում:

Հիշեցնենք, որ այս ամենի մասին ավելի վաղ խոսել էր ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով վարչական ռեսուրսներ կիրառելու մասին իրենց ուղղված մեղադրանքներին, որը վերաբերվում էր նաեւ վաղը սպասվելիք երթին. «ՀՀ որեւէ քաղաքացի սահմանափակվա՞ծ է որեւէ օր որեւէ երթ կազմակերպելու համար: Ամսի 17-ին, որ հանրահավաք էինք անում՝ խախտո՞ւմ էր, թե՞ ոչ: Ես միշտ շփվել եմ ժողովրդի հետ եւ շփվելու եմ: Երթն ունի քայլելու բնույթ: Մենք երթ ենք անելու՝ կարող ենք ընտրական հարցեր քննարկել կամ չքննարկել: Հերիք է, որ ՀՀ-ում խոսեն առանց հիմնավորումների»,- ասել էր Ն. Փաշինյանը:

Օրերս դպրոցների տնօրենների հետ հանդիպում-քննարկում էր ունեցել նաեւ Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը՝ խստագույնս պատվիրելով տնօրեններին չխառնվել քաղաքական զարգացումներին, հեռու մնալ քարոզչություն անելուց:

Աղբյուր՝ Armtimes.com

loading...