«Հայ ուսանողները՝ աշխարհի լավագույն բուհերում» շարքում արդեն առիթ ունեցել ենք ներկայացնել բժիշկ Սարգիս Աբրահամյանի պատմությունը: Այն ժամանակ Erasmus Mundus ծրագրի շրջանակում երիտասարդ բժիշկն ուսումը շարունակում էր աշխարհի լավագույն բժշկական բուհերից մեկում՝ Գերմանիայի Շարիտե համալսարանական կլինիկայի նյարդաբանության բաժանմունքում։ Սարգիսը նաև դառնում է DAAD-ի կրթաթոշակառու՝ մեկ տարի ևս ուսանելով Շարիտեում։
Հայաստանում նա ավարտել է Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի բակալավրիատն ու մագիստրատուրան՝ ստանալով բժշկի որակավորում: 2016թ.-ից առ այսօր համարվում է ԵՊԲՀ համալսարանի կլինիկական օրդինատոր՝ նյարդաբանության մասնագիտական ոլորտում։
Երիտասարդ բժշկի հետ հարցազրույցի առիթն այս անգամ ոչ միայն Շարիտեում երկրորդ անգամ նրա ուսանելն է, այլ նաև այնտեղ կատարած հայտնագործությունը։
– Սարգիս, մեր նախորդ հարցազրույցի ժամանակ Erasmus Mundus ծրագրիշրջանակում Ձեր ուսումը շարունակում էիք Բեռլինի Շարիտեհամալսարանական կլինիկայի նյարդաբանության բաժանմունքում։ Հետոդարձյալ մեկնեցիք, այս անգամ, արդեն, DAAD-ի շնորհիվ։ Կմանրամասնե՞ք՝ինչու որոշեցիք նորից մեկնել։
– Գերմանիայում ինձ ընձեռված էր մեծ հնարավորություն՝ խորացնել ոչ միայն մասնագիտական գիտելիքներս, այլ նաև սովորել մի շարք գործիքային հետազոտություններ՝ գլխուղեղի անոթների դոպլեր/դուպլեքս հետազոտություններ, էլեկտրանեյրոմիոգրաֆիա, մոտոր հարուցված պոտենցիալներ, ԷԷԳ։ Վերոնշյալ բոլոր հետազոտություններն իրականացվում են նյարդաբանի կողմից, և ինձ, որպես երիտասարդ նյարդաբանի, ընձեռված էր բացառիկ հնարավորություն՝ տիրապետելու այդ հետազոտություններին։
Բացի այդ, ինձ համար բավականին կարևոր է զբաղվել նաև գիտությամբ, իսկ արտերկրում բժշկությունը և գիտությունը միահյուսված են։ Բոլոր բժիշկները, առանց բացառության, ընդգրկված են տարբեր գիտահետազոտական խմբերում, և դա հենց բժշկությունը զարգացնելու և առաջատար բժշկական երկիր լինելու գրավականն է։ Կարծում եմ՝ մենք նույնպես պետք է օգտագործենք արտերկրի այս մոտեցումները, որպեսզի միաժամանակ նվաճումներ ունենանք և՛ բժշկության, և՛ գիտության ասպարեզներում։ Իհարկե ,այս ամենն իրականություն չէր դառնա, եթե չլիներ ԵՊԲՀ-ի միջազգային կապերի, Erasmus Mundus-ի և Գերմանական Փոխանակման ծառայության (DAAD) աջակցությունը։
– Գիտեմ, որ կարևոր հայտնագործություն եք կատարել ձեր ոլորտում, ևառաջիկայում այն հրապարակվելու է։ Մեր ընթերցողին կներկայացնե՞ք՝ ինչիմասին է խոսքը, և ինչպես դա Ձեզ հաջողվեց։
– Այո իրավացի եք։ Ես ընդգրկված էի Շարիտե համալսարանական կլինիկայի գիտահետազոտական խմբերից մեկում, և զբաղվում էինք ցրված սկլերոզ կոչվող հիվանդության հետազոտություններով։ Ցրված սկլերոզն աուտոիմուն-բորբոքային հիվանդություն է, որի ժամանակ սեփական օրգանիզմի իմունային համակարգն արտադրում է հակամարմիններ և արդյունքում՝ վնասում է կենտրոնական նյարդային համակարգի (գլխուղեղ և ողնուղեղ) նյարդային բջիջների միելինային թաղանթը։ Միելինային թաղանթն ապահովում է նյարդային իմպուլսի անխափան փոխանցումը կենտրոնական նյարդային համակարգում։ Հիվանդությունը կարող է ունենալ բավականին տարբեր կլինիկական դրսևորումներ՝ վերջույթներում զգացողության խանգարումներ, տեսողական խանգարումներ, մկանային ուժի նվազում, քայլքի խանգարումներ՝ պայմանավորված մկանային տոնուսի բարձրացմամբ, խիստ արտահայտված հոգնածություն և բազմաթիվ այլ կլինիկական դրսևորումներ։
Հիվանդության առաջացման պատճառագիտությունը մնում է դեռևս չբացահայտված, և տարիներ շարունակ քննարկվում է մի շարք գործոնների դերը հիվանդության առաջացման գործում։ Այդպիսի գործոններից են ժառանգական նախատրամադրվածությունը, ծխելը, արտաքին միջավայի անբարենպաստ պայմանները, հիպովիտամինոզ կամ ավիտամինոզ D-ն, Էպշտեյն-Բարր վիրուսը։
Մեր հետազոտությունը վերաբերում էր Էպշտեյն-Բարր վիրուսի և ցրված սկլերոզի միջև կապի հայտնաբերմանը։ Հետազոտության մեջ ընդգրկված էր շուրջ 900 հիվանդ։ Իհարկե, սպասելի էր, որ Էպշտեյն-Բարր վիրուսակիր անձանց թիվը բավականին մեծ էր լինելու, սակայն այն արդյունքները, որոնք մենք ստացանք, ապշեցուցիչ էին։ Ցրված սկլերոզ ունեցող բոլոր հիվանդների մոտ առկա է Էպշտեյն-Բարր վիրուսը։ Սա վկայում է այն մասին, որ կա հստակ կապ վիրուսի և հիվանդության առաջացման միջև։ Այժմ մեր կողմից քննարկվում են մի քանի հնարավոր վարկածներ, թե ինչ մեխանիզմով վիրուսը կարող է ակտիվացնել իմունային համակարգը, և արդյունքում՝ վնասել սեփական նյարդային համակարգը։
– Նախորդ անգամ նշել էիք, որ, թեև Գերմանիայում մնալու գայթակղությունըշատ մեծ է, և ունեք դրա հնարավորությունը, բայց անպայման վերադառնալուեք Հայաստան և փորձելու եք Գերմանիայում ձեռք բերած գիտելիքներն ուհմտությունները ներդնել Հայաստանում։ Հաջողվո՞ւմ է ձեր նպատակներն իրականացնել, մնալո՞ւ եք Հայաստանում։
– Գերմանիայում մնալու գայթակղությունն այժմ նույնպես շատ մեծ է, և ունեմ բազմաթիվ առաջարկներ գերմանական տարբեր կլինիկաներից: Կարծում եմ՝ յուրաքանչյուր մարդ պետք է գործունեություն ծավալի այնտեղ, որտեղ պահանջված է և գնահատված։
Անկեղծ ասած՝ չեմ սիրում նախապես խոսել ապագայի ծրագրերի մասին, սակայն մի բան հստակ գիտեմ՝ անկախ իմ գտնվելու վայրից՝ փորձելու եմ իմ գիտելիքներով, հմտություններով, կապերով ծառայել մեր երկրի շահերին։
Աղբյուր՝ 168.am