Օրերս ԱՄՆ Սենատում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի առաջադրած ՀՀ-ում ԱՄՆ դեսպանի թեկնածու Լին Թրեյսին ներկայացրել է Հայաստանում Միացյալ Նահանգների քաղաքականության հիմնական նպատակները։

Սենատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովում կայացած լսումների ժամանակ Լին Թրեյսին ասել է, որ Հայաստանում ԱՄՆ քաղաքականության նպատակը մնում է անփոփոխ։ «Անկախ, ժողովրդավար և բարգավաճող Հայաստանի ամրապնդումը, որը խաղաղության մեջ է ապրում իր հարևանների հետ: Եվ մենք կրկին հաստատում ենք մեր նվիրվածությունն ինքնիշխան Հայաստանին, որն ազատ է ընտրելու սեփական գործընկերներին»,- հայտարարել է Թրեյսին:

Ամերիկացի գործիչն ասել է, որ շատերի նման ոգևորված է եղել Հայաստանի «թավշյա հեղափոխությամբ»՝ միաժամանակ ավելացնելով, որ Հայաստանին առջևում դեռ մեծ աշխատանք է սպասում՝ անցած վեց ամիսների ձեռքբերումներն ամրապնդելու համար: «Իսկ Միացյալ Նահանգները շարունակելու է աջակցել հայ ժողովրդի ազատության ձգտմանը»,- ասել է նա:

Լին Թրեյսիի խոսքով, Միացյալ Նահանգները կենտրոնացնելու է ջանքերը երեք ուղղություններով, որոնք օգնում են պահպանել ժողովրդավար հասարակության համար անհրաժեշտ հավասարակշռությունը.

«Կոռուպցիայի դեմ պայքար՝ մի բան, որն այս նոր կառավարությունը նույնպես առաջնահերթություն է որակել, և մենք փորձում ենք աջակցել նրանց այս ուղղությամբ: Քաղաքացիական հասարակության ամրապնդում. այդ ձևավորված հասարակությունը կարևոր դեր խաղաց անցած իրադարձություններում: Եվ՝ անկախ լրատվամիջոցների աջակցություն»:

նչ վերաբերում է Հայոց ցեղասպանության ճանաչման ուղղությամբ կատարվելիք քայլերի տեսլականին, Թրեյսին ասել է, որ 1915 թվականի սարսափելի իրադարձությունները 20-րդ դարի վատագույն դաժանություններից մեկն էին, երբ Օսմանյան կայսրության վերջին տարիներին մեկ և կես միլիոն հայ արտաքսվել, սպանվել կամ մահվան էր ուղարկվել: Ինչպես այս տարի Հայերի հիշատակի օրն ընդգծել էր նախագահ Թրամփը, նման դաժանությունները չպետք է կրկնվեն: Դեսպանի թեկնածուն նշել է, որ հաստատման դեպքում խոստանում է իր լիազորությունների սահմաններում անել ամեն ինչ «ճանաչելու և հարգելու կորուստները և տառապանքները», և մասնակցելու է զոհերի հիշատակի միջոցառումներին:

Տեղեկացնենք, որ Միացյալ Նահանգներն արտերկրում ներկայացնող դեսպանները առաջադրվում են նախագահի, բայց հաստատվում Սենատի կողմից գրավոր հարցումների պատասխաններից հետո: 24 տարվա հանրային ոլորտում աշխատանքի փորձ ունեցող Լին Թրեյսին ԱՄՆ-ի Պետքարտուղարության Ռուսաստանի հարցերով ավագ խորհրդականն էր: Նախկինում զբաղեցրել է Ռուսաստանում ու Թուրքմենստանում ԱՄՆ-ի փոխդեսպանի պաշտոնը, եղել ԱՄՆ-ի փոխպետքարտուղարի տեղակալ Հարավային և Կենտրոնական Ասիայի երկրների գծով:

«168 Ժամի» հետ զրույցում ամերիկացի նախկին դիվանագետ Փոլ Գոբլն ասաց, որ ամերիկյան քաղաքականությունն իսկապես անփոփոխ է: Սակայն, նրա պարզաբանմամբ, Հայաստանում տեղի ունեցած փոփոխությունները և իշխանությունների՝ լայնածավալ ժողովրդավարական գործընթացների նախաձեռնման մասին հայտարարությունները թույլ են տալիս ենթադրել, որ նոր թափ և նոր որակ է հաղորդվելու երկրի ներքին կյանքին ու արտաքին հարաբերություններին: Այսինքն, ըստ նրա՝ Հայաստանի ներքին օրակարգից բխող փոփոխություններ երկկողմ հարաբերություններում գուցե լինեն, քանի որ հայ հասարակությունը ցույց տվեց, որ ցանկանում է ապրել որակապես նոր երկրում, որը կհամապատասխանի ժողովրդավարական երկրի չափանիշերին և չի ունենա արտաքին վտանգներ, այսինքն` կունենա անվտանգություն: Սակայն, նրա կարծիքով, այս երկու գաղափարները ոչ միշտ են համադրելի հետսովետական տարածքում, խոսքը ժողովրդավարության և անվտանգության մասին է, քանի որ կա ԼՂ հակամարտությունն ու Ռուսաստանի ներկայությունն այդ հակամարտությունում:

«Կարծում եմ` ժամանակի ընթացքում կբացահայտվի, թե որքանով նոր իրավիճակում կհաջողվի համադրել այս ամենը` չվախեցնելով նաև Մոսկվային, քանի որ եվրասիական տարածքում կա մեծ վախ ժողովրդավարական գործընթացներից, կա վախ այն փոփոխություններից, որոնք տեղի են ունեցել: Սակայն, ինչպես երևում է, ուկրաինական դասերն ապարդյուն չեն անցել, և Ռուսաստանը հաշվի է առնում, որ հնարավոր ճնշումները կարող են է՛լ ավելի բորբոքել հայ-ռուսական հարաբերությունները, ամրապնդել երկիրը ներսից` Հայաստանին հեռացնելով Ռուսաստանից, ինչը ծայրահեղ անցանկալի սցենար է Ռուսաստանի համար:

Սակայն նման իրավիճակում չեն բացառվում անկայունություններ ԼՂ հակամարտության գոտում, կամ կարգավորման գործընթացում փոքր հաղթանակների հարցում միջամտություններ, որի նպատակը կլինի Հայաստանի աչքում Ռուսաստանի արժեքի բարձրացումն ու անվտանգության ոլորտում կախվածության առկայության ամրագրումը: Այս դեպքում հարկավոր է ակտիվ աշխատանք նաև Արևմուտքի կողմից, որպեսզի անվտանգության հարցը վերջ չդնի ժողովրդավարական փոփոխությունների ցանկությանը: Ուստի պետք է լինեն ակտիվ բանակցություններ ԼՂ հակամարտության կարգավորման ուղղությամբ: Եվ այստեղ ամենաբարդ փուլն է հասունանալու, թե որ կողմն ինչ պատկերացում ունի կարգավորման տարրերի վերաբերյալ»,- ասաց Փոլ Գոբլը:

Իսկ ժողովրդավարական գործընթացների հարցում, նրա խոսքով, Հայաստանն ու ԱՄՆ-ը համագործակցության լայն դաշտ ունեն, եթե իշխանությունները շարժվեն այդ ուղղությամբ: «Դեսպանի խոսքերն այդ մասին են: Բայց պետք է հասկանալ, որ կա ԼՂ հակամարտության չկարգավորվածության հանգամանքը, որը լուրջ խոչընդոտ է, և ԱՄՆ-ը դա հասկանում է, ինչպես երևաց Բոլթոնի տեսլականից»,- նկատեց նա: Թե ինչպես կհաջողվի ԱՄՆ-ին նպաստել կարգավորման գործընթացին՝ վերացնելով անվտանգության խնդիրը, և ինչպիսի որոշումներ կկարողանան կայացնել իշխանությունները, ըստ նրա՝ ցույց կտան առաջիկա ամիսներն ու տարիները:

Իր հերթին՝ եվրոպացի փորձագետ Թրեյսի Ջերմանն ասաց, որ՝ ինչպես ամերիկյան, այնպես էլ՝ եվրոպական կողմը գուցե հույսեր ունեն, որ նոր իշխանությունների դեպքում էական փոփոխություններ են լինելու Հայաստանի արտաքին հարաբերություններում, չնայած ՀՀ իշխանությունները բացառում են «կտրուկ արտաքին քաղաքական շարժումները»:

Նյութի աղբյուր՝ https://168.am

loading...