Ագրարագյուղացիական միավորման նախագահ Հրաչ Բերբերյանը 168.am-ի հետ զրույցում ասաց, որ ամեն ինչ արդեն այնքան է թանկացել, որ Նոր տարվա շեմին էլ թանկացում չի լինի։ Օրինակ՝ կարտոֆիլը, ըստ նրա՝ թանկացել է, որովհետև 15-20 տոկոսով պակասել են ցանքատարածությունները։

 

«Բացի այդ՝ շատ լավ սերմացու հանրապետություն քիչ է մտել։ Այսօր ՌԴ-ն ամեն ինչ անում է, որ անկախ գյուղատնտեսություն ունենա, իսկ մենք ամեն ինչ անում ենք, որ գյուղատնտեսություն ընդհանրապես չունենանք։ Մեր միավորումը հիմա լուրջ բանակցություններ է տանում ՌԴ-ի հետ՝ 40 հազար տոննա պարարտանյութ ներկրելու համար։ Ստիպված մենք ենք դրանով զբաղվում, թեպետ դա մշտական պետական հովանավորության տակ է եղել։ Կաշխատենք այնպես անել, որ սուբսիդավորված գներից մի փոքր էլ էժան լինի։ Ֆերմերներին կփորձենք կարտոֆիլի տնկանյութով ապահովել, եթե չապահովենք, էլ ավելի կվատթարանա իրավիճակը»,- ասաց Հրաչ Բերբերյանը։

Նա նշեց, որ այսօր ցանքատարածությունների ավելացման համար ոչինչ չի արվում.

«Վարչապետը հանձնարարել էր, որ մորմազգի ցեցի դեմ պայքարի առաջարկ ներկայացնեն, բայց համոզված եմ, որ աբսուրդ են ներկայացրել, որը պայքարի միջոց չի կարող լինել։ Գյուղնախարարությունը կոչով դիմել է ֆերմերներին, որ խորը վար անեն, բայց դա պայքարի միջոց չէ։ Մեր կողմից մշակված պայքարի միջոց կա, եթե կառավարությունը ցանկանա, մենք այդ ծրագիրը կներկայացնենք»։

Նյութի աղբյուր ՝ https://168.am

loading...