Մեր զրուցակիցն է Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի տնօրեն Ստյոպա Սաֆարյանը

Պարոն ՍաֆարյանԳյումրիում ռուսական ռազմաբազայի զինծառայողը կասկածվում է 57-ամյա կնոջ սպանության մեջ եւ պահվում է ռազմակայանի տարածքում։ Ինչպե՞ս եք գնահատում ստեղծված իրավիճակը։

Ես, անկեղծ ասած, մի փոքր տարակուսում եմ, որովհետև նախ՝ մինչև ընտրությունները պարզ դարձավ, որ նման բան է տեղի ունեցել, և եթե հիշում եք, լրատվամիջոցներից մեկը գրեց, որ սպանության մեջ կասկածվում է ռազմակայանի զինծառայողը։ Հայաստանի իշխանությունները դրան որևէ կերպ չարձագանքեցին, ՌԴ դեսպանատունը հայտարարություն տարածեց՝ նշելով, որ անթույլատրելի է դրա շահարկումը։ Բայց հետո պարզվեց, որ դա իրականությանը համապատասխանում է։ Թե ինչու այդ մասին բարձրաձայնվեց ընտրություններից հետո, ինչ էր դա փոխելու, եթե դրա մասին ասվեր ընտրություններից առաջ կամ հենց ընտրությունների օրը, առանձին քննարկման թեմա է։ Բայց բոլոր դեպքերում հարց է ծագում, թե ինչ է անում Հայաստանի իշխանությունը։ Ես չեմ ասում, որ էմոցիաներին տրվեն, կոշտ հայտարարություններ անեն, բայց պետք է գիտակցեն, որ սա ռեգուլյար երևույթ է։ Դուք տեսե՞լ եք, որ ասենք Հայաստանի զինված ուժերի զինծառայողը դուրս գա զինվորական տեղամասից և նման «հերոսություններ» անի։ Այդպիսի դեպք մենք չունենք։ Հայաստանի զինված ուժերում հարյուր հազարավոր տղաներ են ծառայել, միջադեպեր եղել են, այո, զինվորների միջև, բայց ես չեմ հիշում, որ որևէ մեկը դուրս գա և վնաս պատճառի տեղի բնակչությանը։ Հիմա հարց է ծագում, ինչո՞ւ է այդքան սահմանափակ անձնակազմով զորամասում այդպիսի բաներ տեղի ունենում։ Այդ ինչ է կատարվում այդտեղ, ում են բերում, այդ ինչ մոտիվացիաներ են ունենում, որ դուրս են գալիս ու սկսում են տեղի բնակչության հետ կամ կոնֆլիկտներ ունենալ, կամ արկածախնդիր վարքագիծ դրսևորել, կամ մարդ սպանել, ընտանիք վերացնել կամ կնոջ ծեծելով սպանել։


Եթե արձագանքը չկա, կարո՞ղ ենք ասել, որ նույն գծի շարունակությունն է, ինչ նախորդ իշխանությունների ժամանակ էր, երբ Ավետիսյանների դեպքով պահանջում էինք կոշտ արձագանք, բայց դա այդպես էլ չկար։Այսինքն ինչ-որ խնդիր, այնուամենայնիվ, կա։ Ես չեմ ասում, որ ՀՀ իշխանությունները աղմկեն, պատերազմ հայտարարեն, դնեն ռուսական ռազմաբազան Հայաստանից հանելու խնդիր, բայց եղած հարցերին պետք է պատասխաններ հնչեն։ Ինչն է սրա պատճառը, ովքեր են այնտեղ, ինչ ձևով են հավաքագրում Հայաստան բերվող կոնտինգենտին, հոգեպես նրանք առողջ են, թե ոչ, ինչ են կերակրում, ինչ են խմեցնում։ Էդ ի՞նչ են անում, որ այդպես գազան են դառնում, որ ամեն մի արարքից սարսռում ես։ Այս խնդիրն է, որ ես կցանկանայի, որ ՀՀ կառավարությունը քննարկի։ Դեռևս պարզ չէ, թե ինչ են անում իրենք, արդյոք ինչ-որ բան անում են, թե ուղղակի որոշել են հարաբերություններ չվատացնել, ես չգիտեմ։

Ես այս կառավարությանը վստահում եմ, աջակցում եմ՝ անկախ նրանից, թե ինչ հարցերում իրենց հետ համաձայն չեմ լինի։ Ես չեմ ուզում տեսնել, որ նրանք նախկին գիծն են շարունակում։ Բայց ինչու ավելի հիմնարար և ավելի համոզիչ վարքագիծ չեն ցուցաբերում։ Ես սրա պատասխանը չունեմ։ Ես չեմ ուզում, որ գնան, մտնեն ռազմակայան ու ինչպես վարչապետն է փոխաբերական իմաստով ասում՝ ասֆալտին փռեն կամ պատերով տան։ Ես ընդամենը հարցնում եմ՝ այս խնդրին լուծում լինելո՞ւ է, թե ոչ։ Ինչ ենք մենք անելու, որ այլևս այսպիսի դեպք չունենանք։ Ի վերջո, նման դեպքերը թունավորում են հայ-ռուսական երկկողմ հարաբերությունները։ Այնպես չի, որ եթե մարդիկ սրա մասին խոսում են և իշխանություններից պահանջում են համապատասխան վերաբերմունք, նրանք իշխանությունների թշնամին են։ Ընդհակառակը, պետք չի թույլ տալ, որ խնդիրներ կուտակվեն, որ հետո չիմանանք, թե ինչպես դրանք լուծենք։

Այս ամենին զուգահեռ Հայաստանում այլ գործընթացներ էլ են ընթանում։ Մենք տեսնում ենք, որ Վաչագան Ղազարյանն է 6 մլն դոլար պատրաստ վերադարձնել պետությանը, դրանից առաջ Ալեքսանդր Սարգսյանն էր պատրաստակամություն հայտնել վերադարձնել 30 մլն դոլարը։ Այս գործընթացն ինչպե՞ս եք գնահատում։

Ինձ համար դա անհասկանալի է։ Ես դրա համար չեմ մեղադրում գործող կառավարությանը, բայց նոր կառավարությունը պետք է մտածի, թե արդյոք սրանով թույլ չի տալիս ուղղակի մաղարիչ անելով ազատվել թալանի, կողոպուտի, ապօրինի հարստացման համար պատասխանատվությունից։ Այսինքն՝ ստացվում է, որ մարդիկ կարող են տարիներով, տասնամյակներով թալանել, հետո հայտարարել, որ ինչ-որ մի մաս նվիրում են պետությանը և մարսել այն, ինչ արդեն ունեն։ Ես չեմ կարծում, որ սա լավ ճանապարհ է։ Դրա համար եմ ասում, որ կցանկանայի, որ նոր կառավարությունը դնի այդ խնդիրը, թե ի վերջո, որն է կոնցեպցիան, ոնց ենք վարվելու նմանատիպ դեպքերում։

Մենք ունենք խնդիր, ունենք ապօրինի հարստացում, ունենք համակարգային կոռուպցիա։ Ինչպես եք սահմանում դա, ինչ շերտերի վրա է դա տարածվելու և ում դեպքում ինչպես ենք վարվելու։ Ակնհայտ է, որ տասնյակ հազարավոր մարդիկ են այդ համակարգում գործել։ Ակնհայտ է, որ այդ 100  հազարներին չես պատժելու, բերդերը չես լցնելու։ Պետք է հստակեցնել, թե ում ես համաներում, ում ես համարում այդ խաղի կանոնների զոհերը, և ում ես համարում դրա պատասխանատուն։ Գոնե այս հարցերի պատասխանները պետք է տաս, որ հետո հասկանաս, թե բավարարվո՞ւմ ես արդյոք, երբ որևէ մեկը իր թալանած ասենք, 10 մլն դոլարից 6-ը վերադարձնում է, իսկ մյուս 4-ը պահում է իրեն։

Պարոն Սաֆարյան, մի կողմից այս քրեական գործերն են, մյուս կողմից Ռոբերտ Քոչարյանի գործը։ Այս համալիր խնդիրների կուտակումից հետո իշխանությունը կկարողանա՞ այս ամենի տակից դուրս գալ՝ դեռևս չունենալով արդար դատական համակարգ։

Արդեն 7 ամիս է անցել, ու այս ընթացքում ես չգիտեմ, թե այս կառավարությունն ինչ է արել անցումային արդարադատության մեխանիզմների և գործիքների մշակման առումով, որովհետև էֆեկտիվ գործելու համար հարկ կլինի երբեմն նման գործիքներ ստեղծել։ Եթե այդ գործիքները չես ստեղծում, ապա հարց է, թե ինչ ժամկետներում ես ոտքի կանգնեցնելու դատական իշխանությունը և ինչ ճանապարհով արմատական ինչ փոփոխությունների ես գնալու, որպեսզի դատարաններն իսկապես իրենց գործառույթը կատարեն, իրականացնեն արդարադատություն, հասանելի լինեն յուրաքանչյուր քաղաքացու համար, յուրաքանչյուր քաղաքացու վեճին տան արդար ու բավարար լուծում։ Այս առումով, իհարկե, կան հարցեր, որոնց պատասխանը պետք է տա գործող իշխանությունը։

Շատերը նշում են, որ այսօր կա ընդդիմության խնդիր, որը բոլոր այդ հարցերը պետք է բարձրացնի։

Ցավալիորեն, այդ խնդիրների մասին խոսելը մնացել է մեզ վրա, քաղաքացիական հասարակության վրա։ Իհարկե, այդ գործառույթը պետք է կատարեն քաղաքական ուժերը, պահանջները դնեն։ Ես չեմ ասում, որ քաղաքացիական հասարակությունը նման պահանջներ դնելու իրավունք չունի, կամ դա չի անելու, բայց այդուհանդերձ, հասարակական կազմակերպության դերն այլ կերպ է ձևակերպվում և նա այլ դինամիկա է բերում, քաղաքական ուժը՝ այլ։ Այդ առումով մի տեսակ թմբիր է։ Ես կցանկանայի, որ հերթական անգամ ընտրություններից հետո քաղաքական ուժերը դեպրեսիայի մեջ չհայտնվեին, այլ խնդիրներ ձևակերպեին նոր կառավարության համար, թե ինչ է արել կամ անելու նոր կառավարությունը։ Արդեն փորձեին մտածել իշխանությանը հաշվետու պահելու, նրա հանձնառություններն ուժեղացնելու մեխանիզմներ ստեղծելու մասին։ Ցավոք սրտի, ես այդ վիճակը չեմ տեսնում։

Աղբյուր՝ Lragir.am

loading...