Yelaket.am-ը գրում է. Մեր զրուցակիցն է Երևան քաղաքի Նորք Մարաշ վարչական շրջանի 50-ամյա մի բնակչուհի, ով օրերս կորցրել է ընտանիքի լավագույն բարեկամներից մեկին: «Չապին արդեն 9 տարի մեզ հետ էր ապրում, մեր ընտանիքի անդամն էր: 2007թ.-ին այդ փոքրիկ սև պուդելին գնեցի 50 հազար դրամով, այն ժամանակվա համար մեծ գումար էր: Այդքան տարիներ նա մեզ հետ էր ապրում, իսկ հիմա որոշ մարդկանց վատ աշխատանքի պատճառով մենք կորցրեցինք նրան: Ամեն առավոտ Չապին դուրս էր գալիս տանից իր բնական կարիքները հոգալու, բայց այդ օրը շատ ուշացավ: Նա դրսում էր, ես շան վնգստոցի ձայներ լսեցի, բայց չմտածեցի, որ նա է: Հետո դուրս եկա ու սարսափելի տեսարանի ականատես եղա: Մեր Չապիին հոշոտել էին թաղամասում շրջող կատաղած թափառական շները»,- պատմեց նա: Կինը մեզ հետ զրույցում մանրամասնեց, որ իրենց թաղամասի թափառական շները իսկական չարիք են դարձել նաև մարդկանց համար: «Ես գրեթե ամեն օր ուշանում եմ աշխատանքից շների պատճառով, քանի որ ուղղակի վախենում եմ նրանց բաժին դառնալ: Այժմ, երբ լույսն ուշ է բացվում, այդ կատաղած շների պատճառով ընդհանրապես հնարավոր չէ ժամանակին աշխատանքի հասնել: Այնտեղ ուղղակի ոհմակ է գոյացել»,- շարունակում էր պատմել նա: Մեր հանրապետությունում և հատկապես Երևանում թափառող կենդանիների խնդիրը կարծես այդպես էլ չի լուծվում: Կամ կենդանիներին ամենաանմարդկային ձևով ոչնչացնում են, կամ դրանք շարունակում են թափառել փողոցներում՝ վտանգ ներկայացնելով հասարակության համար: Ըստ «Հետք»-ի 2015թ.-ի հոդվածի, Երևանի քաղաքապետարանը 2006թ.-ից սկսած հայտարարում է թափառող կենդանիների վնասազերծման ծառայությունների ձեռք բերման նպատակով մրցույթներ: 2009 թ.-ից սկսած՝ հայտարարված բաց ընթացակարգերին մասնակցելու համար հայտ է ներկայացրել միայն «Յունիգրաֆ-Իքս» ՍՊԸ-ն: 2015թ.-ին ընկերությունը որոշեց չմասնակցել հայտարարված մրցույթին մի շարք սկանդալային պատմությունների պատճառով, սակայն, ի վերջո հաղթող ճանաչվեց կրկին տվյալ ընկերությունը: Ըստ ընկերության տեղեկատվության հարցերով փոխտնօրեն Լիլիթ Գրիգորյանի, իրենք այնուամենայնիվ դիմել են 3-րդ անգամ հայտարարված մրցույթին. 2 անգամ մրցույթը չի կայացել հայտերի բացակայության պատճառով: Այսինքն «Յունիգրաֆ-Իքս» ՍՊԸ-ը միակ ընկերությունն է, որ մասնակցության հայտ է ներկայացնում: «Յունիգրաֆ-Իքս» ՍՊԸ-ն բնապահպանների և կենդանիների շահերի պաշտպանների շրջանում դժոխային կազմակերպություն է համարվում: Ընկերության անմարդկային մեթոդների մասին լուսանկարներ և տեսանյութեր են հրապարակվել անգամ: «Փրկենք կենդանիներին» բարեգործական ՀԿ նախագահ Նունե Մեհրաբյանը տվյալ ընկերության դեմ պայքարող ամենաակտիվ մասնակիցներից է: Դեռ 2014թ.-ին YN.am-ի (Երևան Նյուզ լրատվական կայք) հետ զրույցում նա ասել է, որ կազմակերպությունը Երևանից մոտ 18 կմ հեռու գտնվող Նոր Արտամետ գյուղի բնակիչները ցույց են տվել այրված շների ոսկորներ, լիդոկայինի ամպուլաներ: «Սա կրիմինալի գործ է, որովհետև հնարավոր չէ պատկերացնել, թե մարդկային դաժանության որ աստիճանում է գտնվում շանը լիդոկայինով քնեցնելը»,- ասել է Ն. Մեհրաբյանը՝ նշելով, որ բնակիչների հետ էլ են խոսել, ովքեր ասել են, որ բացի սարսափելի հոտերից, ամեն օր լսում են այդ կրակոցների ձայները: Ըստ «Հետք»-ի, այս ընկերության հիմնադիրները և սեփականատերերը 2005-2007 թթ. եղել են ՀՀԿ պատգամավոր Ռուբեն Սադոյանը ու Դավիթ Ներսիսյանը, 2007-2012 թվականներին սեփականատեր է դարձել Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Արա Սադոյանը, ով Ռուբեն Սադոյանի եղբայրն է: 2012-ից ընկերության 100% բաժնետեր է դարձել «Համայնքների աջակցման և զարգացման կենտրոն» հիմնադրամի տնօրեն Միհրան Փիլոսյանը: Ռուբեն Սադոյանը Փիլոսյանի ղեկավարած հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ է: Ընկերության ծառայություններից օգտվելու համար Երևանի քաղաքապետարանը հսկայական գումարներ է ծախսում: Խոսքը գնում է 220 մլն դրամի մասին, որը յուրաքանչյուր տարի վճարվում է ընկերությանը: Այս խնդիրը, որն այդպես էլ պատշաճ լուծում չի ստանում, Հայաստանի Հանրապետությանը որակային տեսանկյունից երկար տարիներով հետ է մղում զարգացման սանդղակից: Կենդանիների նկատմամբ այսպիսի վարմունքը բնորոշ է քաղաքակրթության և զարգացվածության ցածր մակարդակ ունեցող երկրներին:
loading...