Թուրքիայում ռազմական հեղաշրջման փորձից հետո սկիզբ առած կադրային զտումների և անվտանգության միջոցառումների շրջանակում խուզարկողական գործողություններ են իրականացվել 30 խոշոր նահանգներում: Այս մասին հայտնում է թուրքական «Ջումհուրիյեթ» պարբերականը:
 

 

Ձեռնարկված ոստիկանական գործողության շրջանակում ձերբակալվել է 102 մարդ, որոնք կասկածվում են Ֆեթուլլահ Գյուլենի «Հիզմեթ» («Ծառայություն») կրոնական շարժման հետ կապ ունենալու համար: Ամենախոշոր խուզարկողական գործողությունն իրականացվել է Կոնիայի նահանգում:

Հիշեցնենք, որ 2016թ.-ի հուլիսի 15-ին Թուրքիայում տեղի է ունեցել ռազմական հեղաշրջման փորձ: Դրան հաջորդել են ձերբակալությունները երկրի զինված ուժերում և այլ կառույցներում, փակվել են բազմաթիվ թերթեր, կազմակերպություններ, կենտրոններ, երկրում հայտարարվել է արտակարգ դրություն: Հեղաշրջման փորձի համար Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մեղադրում է «Հիզմեթ» («Ծառայություն») կրոնական շարժման հիմնադիր և իր հակառակորդ Ֆեթուլլահ Գյուլենին, որը ներկայում բնակվում է ԱՄՆ Փենսիլվանիա նահանգում:

loading...