Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Վահե Խալաթյանի նախագահությամբ ավարտվել է Գոհարիկ Մ.-ի գործի դատական քննությունը:

Ըստ դատական ակտի՝ 43-ամյա Գոհարիկը, միայնակ մայր լինելով ու խնամքին ունենալով մեկ անչափահաս դուստր, շուրջ 5 տարի սիրային կապի մեջ է եղել Հարություն Ղ.-ի հետ: Վերջին շրջանում Հարությունը խանդել է սիրուհուն, հաճախ վիճել է իրեն դավաճանելու հարցի հետ կապված:

2016 թվականի նոյեմբերի 16-ին, առավոտյան ժամը 10-ի սահմաններում Հարությունը զանգել է Գոհարիկին և զգացել է, որ նա դրսում է:

Միանգամից խանդի զգացողությունը գլուխ է բարձրացրել, Հարությունը սկսել է վիճել Գոհարիկի հետ:

Վերջինս իր հերթին զայրանալով՝ ամբողջ օրը այլևս չի պատասխանել Հարությունի հեռախոսազանգերին:

Երեկոյան՝ ժամը 19-ն անց 30-ի սահմաններում, Գոհարիկը դստեր հետ տանը հեռուստացույց էր նայում, երբ նրանց տուն է գնացել Հարությունը, «զայրացած հայացքով» նայել է Գոհարիկին ու ասել է. «Հեսա գնամ ձեռքերս լվանամ, գամ, նոր քո հետ կխոսամ»:

Հարությունը մտել է լոգասենյակ՝ լվացվելու, քանի որ ճանապարհին մեքենան փչացել էր, նա սարքել ու ձեռքերը մրոտել էր:

Ըստ դատական ակտի՝ Գոհարիկը, գիտակցելով, որ Հարությունն իրեն վնաս չի տալու, սակայն, քանի որ վերջինս այլևս նյութապես իրեն չի օգնել, ինքը հիասթափված է եղել, որոշել է ազատվել նրանից:

Նա չի սպասել, որ Հարությունը լոգասենյակից դուրս գա, ինքը տանից սուսուփուս դուրս է եկել, գնացել է ոստիկանություն և սուտ հաղորդում է տվել, իբր՝ Հարությունը իր տան փակ դուռը բացել, իր կամքին հակառակ իր տուն է մտել, տվել է սպանության սպառնալիքներ, և այդ ժամանակ ինքը նրա գրպանում տեսել է ալյումինե բռնակով դանակ:

Երբ քննությամբ պարզվել է, որ Գոհարիկը սուտ մատնություն է կատարել, նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 333 հոդվածի 1-ին մասով:

Դատարանում Գոհարիկ Մ.-ն իրեն մեղավոր է ճանաչել: Նա հայտնել է, որ միայնակ մայր է, ունի 12-ամյա դուստր, ով անառողջ է: Ինքը մոտ 5 տարի սիրային կապի մեջ է Հարություն Ղ.-ի հետ, իրար հետ ապրում են որպես ամուսիններ:

Բայց վերջին շրջանում Հարությունը խանդի պատճառով իր հետ հաճախ վիճել է:

2016 թվականի նոյեմբերի 16-ի առավոտյան ինքը երեխայի հետ գնում էր հիվանդանոց, երբ զանգել է Հարությունը: Զգալով, որ ինքը դրսում է, նա խանդել է, իրեն մեղադրել է դավաճանելու համար: Նա ասել է. «Աղջի՛, էլի գնում ես …-իդ մո՞տ»:

Ինքն այդ խոսքերից զայրացել է ու այլևս չի պատասխանել Հարությունի զանգերին:

Երեկոյան ինքը երեխայի հետ տանը հեռուստացույց էր դիտում, երբ դուռը թակել են: Ինքը բացել է դուռը, տեսել է, որ Հարությունն է:

Նա ներս է մտել, բարևել է, ինքը զգացել է, որ նա խմած է: Նա ջղային հայացքով նայել է իրեն, հետո գնացել է դեպի լոգասենյակ՝ ասելով. «Հեսա գնամ ձեռքերս լվանամ, գամ, նոր քո հետ կխոսամ»:

Ինքը հիասթափվել էր Հարությունից անհիմն վեճերի ու այն պատճառով, որ նա իրեն նյութապես արդեն չէր օգնում, դրա համար էլ որոշել է ազատվել նրանից:

Հենց նա լոգասենյակ է մտել, ինքը դուրս է եկել տանից, գնացել է ոստիկանություն ու հաղորդում է տվել, իբր՝ Հարությունը իր տան դուռը բացել, ներս է մտել ու իրեն սպանության սպառնալիքներ է տվել:

Բացատրություն տալու ժամանակ ինքը «սուտ-մուտ բաներ է գրել», իբր՝ չի իմացել, թե Հարությունն ինչպես է բացել դուռը, իբր՝ նրա գրպանում դանակ է տեսել ու վախեցել, որ նա իրեն իրականում կսպանի…

Իրականում իր տան դուռը ինքն է բացել, թողել է, որ Հարությունը ներս մտնի, նրա գրպանում էլ դանակ չի տեսել, Հարությունն իրեն սպանության սպառնալիքներ չի տվել:

Գոհարիկ Մ.-ն ասել է, թե Հարությունը «վատ մարդ չի, բայց երբ խմում է, վատ-վատ բառեր է ասում»… Ինքը մինչև հիմա անտարբեր չէ նրա նկատմամբ, բայց նա անկապ խանդում է իրեն…

Գոհարիկը խնդրել է, որ դատարանը ների իրեն…

Հարությունը դատարանում ասել է, թե կնոջ մահից հետո ծանոթացել է Գոհարիկի հետ, սիրային կապի մեջ է մտել:

Վերջին շրջանում սկսել է խանդել նրան:

Նոյեմբերի 16-ի առավոտյան զանգել է Գոհարիկին, ասել է, թե ուզում է այցելել նրան, բայց նա կտրականապես մերժել է: Ինքը մերժումից վատ է զգացել: Այդ ժամանակ կողքից տղամարդու ձայն էլ է լսել ու ավելի է զայրացել:

Մինչև այդ՝ ինքը Գոհարիկին խոստացել էր, որ հանձնած խաղողի գումարը ստանալուն պես նրան գումար կտա, բայց քանի որ բանկային խնդիրներ ուներ, գումար չի ստացել, Գոհարիկին էլ գումար չի տվել: Գոհարիկը վիճել է իր հետ ու արգելել է իր տուն գնալ…

Ինքը երեկոյան գնացել է նրա տուն: Ավելի վաղ մի երկու բաժակ խմել էր: Պատահական մեքենայով գնացել է Գոհարիկի տուն, ճանապարհին այդ մեքենան փչացել է, ինքը օգնել է վարորդին, որ մեքենայի շարժիչը գործի գցի: Ձեռքերը մրոտվել են:

Գոհարիկի դուռը թակել է, Գոհարիկը դուռը բացել է, ինքը ներս է մտել:

Ցանկացել է սկզբում ձեռքերը լվանալ, հետո Գոհարիկի հետ լուրջ խոսել: Գնացել է լոգասենյակ: Լվացվել, եկել է սենյակ, տեսել է Գոհարիկը տանը չէ: Երեխային հարցրել է, նա ասել է, թե չգիտի՝ ուր գնաց մայրը:

Քանի որ մինչև այդ էլ իմացել է, որ Գոհարիկը «շառլատան» բնավորություն ունի, թողել-գնացել է: Բայց հետո իրեն հրավիրել են ոստիկանություն, հայտնել են, որ Գոհարիկը հաղորդում է տվել…

Հարությունը խնդրել է Գոհարիկի նկատմամբ մեղմ վարվել…

Գոհարիկի անչափահաս դուստրն ասել է, թե Հարությունն իրեն վերաբերվել է հոր նման, հոգացել է իրենց սննդի հարցերը: Պատահել է, որ մայրն ու Հարությունը վիճել են, բայց Հարությունը մոր վրա ձեռք չի բարձրացրել: Դեպքի օրը Հարությունը մորը սպանության սպառնալիքներ չի տվել, մինչև նա դուրս է եկել լոգասենյակից, մայրն արդեն տանը չէր…

Գոհարիկ Մ.-ն մեղավոր է ճանաչվել սուտ մատնության համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 333 հոդվածի 1-ին մասով, և դատապարտվել է տուգանքի՝ 200 հազար դրամի չափով:

loading...