Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Վաղինակ Մկրտչյանի նախագահությամբ ավարտվել է Արտյոմ Կ.-ի գործի դատական քննությունը:
39-ամյա Արտյոմին մեղադրանք էր առաջադրված տուժողի առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս հասցնելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 1-ին մասով:
Տուժողը Արտյոմի մտերմուհին է եղել:
Միաժամանակ Արտյոմը նաև ամուսնացած է, խնամքին են երկու անչափահաս երեխաները՝ որդին ու դուստրը՝ 2002 և 2007 թվականներին ծնված:
Ըստ մեղադրանքի՝ 2015 թվականի հունիսի 27-ի առավոտյան՝ ժամը 9-ին, Արտյոմ Կ.-ն Երևանից մեկնել է Կոտայքի մարզի գյուղերից մեկում բնակվող մտերմուհու՝ Մանեի (անունը փոխված է) տուն՝ իրենց հետագա հարաբերությունների հարցը պարզելու համար: Խոսակցությունը խաղաղ չի ընթացել, Արտյոմն ու Մանեն վիճել են: Արտյոմը դանակով հարվածել է Մանեի որովայնի շրջանին՝ նրա առողջությանը պատճառելով ծանր վնաս:
Առաջադրված մեղադրանքում Արտյոմ Կ.-ն իրեն մեղավոր է ճանաչել, զղջացել է:
Նա հայտնել է, որ Մանեի հետ մտերիմ հարաբերությունների մեջ է եղել: Որոշ ժամանակ ինքն ու Մանեն նույնիսկ բնակվել են իր կողմից վարձակալած բնակարանում:
Դեպքի օրը գնացել է Մանեի տուն՝ նրան տեսնելու, հետը զրուցելու և նրան 10 հազար դրամ փոխանցելու, քանի որ իմացել է՝ Մանեն այդ գումարի կարիքն ունի:
Նրանց բակում հանդիպել է Մանեի մայրիկին, խնդրել է թույլ տալ, որ Մանեին տեսնի: Ներս է մտել, խոհանոցում տեսել է Մանեին: Հարցրել է՝ որտե՞ղ է նրա հեռախոսը: Մանեն վրդովվել ու վիրավորել է իրեն:
Մանեի վերաբերմունքից ինքը հասկացել է՝ քանի որ տվյալ պահին ինքը նյութապես ծանր վիճակում է, Մանեն այլևս չի ցանկանում շփվել իր հետ…
Արտյոմն ասել է, որ նույնիսկ ծնկաչոք խնդրել է Մանեին՝ շարունակել իրենց հարաբերությունները: Սակայն Մանեն չի ցանկացել լսել իրեն:
Այդ պահին, չգիտակցելով, թե ինչ է անում, դանակով հարվածել է Մանեին, հետո էլ հարվածել է ինքն իրեն…
Արտյոմ Կ.-ն հայտնել է, թե Մանեի ներկայացրած քաղհայցի պահանջից ընդունում է միայն այն գումարի պահանջը, որը ծախսվել է նրա առողջության վերականգնման համար՝ 608 հազար դրամը:
Մանեն քաղհայցի պահանջի մեջ ներառել էր ևս 300 հազար դրամ՝ որպես փաստաբանական ծառայությունների համար կատարած վճարում:
Տուժող Մանե Գ.-ն հայտնել է, որ ինքը ամուսնության նպատակով է ընկերություն արել Արտյոմի հետ: 2015 թվականի ապրիլին ինքը Արտյոմի առաջ պայման է դրել՝ եթե նա ցանկանում է, որ իրենց հարաբերությունները շարունակվեն, պիտի ծանոթանա իր ծնողների հետ և իրեն ամուսնության առաջարկություն անի: Արտյոմը վիճել է իր հետ: Իրենք դադարեցրել են շփումը:
Արտյոմը մի քանի անգամ զանգահարել է, ինքը չի պատասխանել նրա զանգերին:
2015 թվականի հունիսի 22-ին, ժամը 11-ի սահմաններում իրենց տուն է եկել Արտյոմը, ասել է, թե ուզում է խոսել իր ծնողների հետ: Բայց ինքը նրան ասել է, որ նրա հետ ամուսնանալու ցանկություն չունի: Ինքը տեղեկացված չի եղել, որ Արտյոմը արդեն իսկ ամուսնացած է, երկու երեխա ունի: Արտյոմն իրեն այդ մասին ոչինչ չի ասել:
Հունիսի 27-ին, առավոտյան ժամը 9-ին Արտյոմը եկել է իրենց տուն: Իրեն հարցրել է՝ վերջնակա՞ն է որոշումը, որ չի ցանկանում ամուսնանալ: Ինքը պատասխանել է՝ հա:
Այդ ժամանակ Արտյոմը եղել է «հանգիստ, ադեկվատ, տարօրինակ վարքագիծ չի դրսևորել»…, պարզապես՝ անսպասելիորեն դանակով հարվածել է իր որովայնին՝ ասելով՝ եթե իմը չես, ուրիշինն էլ չես լինի:
Ինքը այդ հարվածից բարձր գոռացել է: Իր ձայնից ներս են մտել մայրն ու հորաքույրը: Արտյոմը անընդհատ կրկնում էր, թե կորցնելու բան չունի: Նա, տեսնելով, որ հարազատները ոստիկանություն են զանգում, հեռացել է…
Հետագայում իր ինքնազգացողությունը վատացել է, իրեն տարել են հիվանդանոց: Դեպքի հետո Արտյոմն իրեն որևէ նյութական օգնություն չի ցուցաբերել:
Տուժողը ներկայացրել է 1 միլիոն 150 հազար դրամի քաղհայցի պահանջ:
Տուժողի մայրը հայտնել է, որ Արտյոմը ոչ միայն չի հոգացել Մանեի հիվանդանոցային ծախսերը, այլև նրա հարազատները եկել են հիվանդանոց ու վիրավորել են դստերը:
Դեպքի վայրից առգրավվել է հանցագործության գործիք դանակը՝ 21սմ շեղբի երկարությամբ ու սև բռնակով: Տուժողի ընտանիքը հայտարարել է, որ դա իրենց դանակը չէ, այն Արտյոմ Կ.-ն էր իր հետ բերել դեպքի օրը ու հեռանալիս հետը չի տարել:
Արտյոմ Կ.-ն ճանաչվել է մեղսունակ:
Կրկնակի կատարված դատահոգեբանական փորձաքննության եզրակացությամբ՝ հանցավոր արարքի կատարման պահին Արտյոմ Կ.-ն չի գտնվել ֆիզիոլոգիական աֆեկտի վիճակում, այլ եղել է միայն հոգեկան լարված վիճակում:
Արտյոմ Կ.-ն մեղավոր է ճանաչվել տուժողի առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս հասցնելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 1-ին մասով:
Արտյոմ Կ.-ն դատապարտվել է 4 տարի ազատազրկման: Այս պատժին հաշվակցվել է նախնական կալանքի տակ ամբաստանյալի անցկացրած ժամանակը՝ 6 ամիսը, և վերջնական պատիժ է սահմանվել 3 տարի 6 ամիս ազատազրկում:
Պատժի սկիզբը կհաշվվի Արտյոմ Կ.-ին փաստացի արգելանքի տակ առնելու պահից, երբ դատավճիռն ուժի մեջ մտնի:
Դատավճռով մասնակիորեն է բավարարվել տուժողի ներկայացրած քաղհայցի պահանջը: Արտյոմ Կ.-ից հօգուտ տուժող Մանե Գ.-ի կբռնագանձվի 608 հազար դրամ՝ որպես հանցագործությամբ անմիջականորեն պատճառված վնասի հատուցում:
Քաղհայցը՝ 300 հազար դրամ գումարի պահանջի մասով, թողնվել է առանց քննության՝ տուժողին հնարավորություն տալով այդ պահանջը ներկայացնել քաղաքացիական դատավարության կարգով:
Ամբաստանյալից հօգուտ պետբյուջեի կբռնագանձվի 70 հազար 74 դրամ՝ որպես կատարված փորձաքննության արժեքի հատուցում: