Կոտայքի մարզի գյուղերից մեկում հայտնաբերվել է ստորգետնյա գազատար խողովակներով անցնող գազի մեծ արտահոսք, ինչի կապակցությամբ Քննչական կոմիտեն դիմել է իրավասու մարմիններին՝ գազամատակարարումն անհապաղ դադարեցնելու համար։ 

2017 թվականի փետրվարի 14-ին Կոտայքի մարզի Լեռնանիստ գյուղում խանութ էր փլուզվել, ինչի հետևանքով 2 մարդ զոհվել էր։

ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով շարունակվում են իրականացվել անհրաժեշտ քննչական գործողություններ այդ փաստի առթիվ։

Քրեական գործի նախաքննության շրջանակներում չորեքշաբթի «Գազպրոմ» ՀԲԸ «Կոտայք» ԳԳՄ-ի մասնաճյուղի աշխատակիցների մասնակցությամբ և համապատասխան սարքավորման կիրառմամբ կատարվել է տեղանքի զննում՝ ստորգետնյա գազատար խողովակից հնարավոր գազի արտահոսքի ստուգման նպատակով: Արդյունքում պարզվել է, որ փլուզված շինության հետնամասի հատվածում առկա է գազի մեծ արտահոսք:

Նշված տարածքում գտնվում են բնակելի տներ, ինչպես նաև` գյուղի միջնակարգ դպրոցը։ Գյուղի դպրոցի աշակերտները ու ուսուցչակազմը տարհանվել են։ 

Հնարավոր վտանգավոր հետևանքներից խուսափելու համար գրություն է ուղարկվել «Կոտայք» ԳԳՄ-ի ղեկավարին՝ տվյալ տարածքի գազամատակարարումն անմիջապես դադարեցնելու համար, ինչպես նաև` լրացուցիչ մասնագետներ տրամադրելու՝ 02.03.2017թ նշված տեղանքում ստորգետնյա գազատար խողովակները հողից մաքրելու, գազի արտահոսքի աղբյուրը պարզելու և տեղում վերացնելու նպատակով:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ 2017 թվականի փետրվարի 14-ին՝ ժամը 10:00-ի սահմաններում, փլուզվել են Կոտայքի մարզի Լեռնանիստ գյուղի միջնակարգ դպրոցի հարևանությամբ գտնվող առևտրի սրահի պատերն ու տանիքը, ինչի հետևանքով նույն գյուղի բնակչուհիներ Ալմիդա Մեսրոպյանը և Անուշ Սարգսյանը մնացել են փլատակների տակ և ստացած վնասվածքներից տեղում մահացել: 

Գյուղի ևս երեք բնակիչներ մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Հրազդան ԲԿ» ՓԲԸ։

Դեպքի առթիվ Կոտայքի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 230-րդ հոդվածի 2-րդ մասով: -0-

loading...