Ընտրակաշառքի և ՀՀ-ում առաջիկա խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ «Ասպարեզը» զրուցել է «Թրանսփարենսի հնթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի ծրագրերի ղեկավար Վարուժան Հոկտանյանի հետ։
- Պարոն Հոկտանյան, ըստ ՀԱԿ-ի, ընտրողների ցուցակների հրապարակումը կկանխի մոտ կես մլն կեղծ ձայն, այդ թվում՝ կրկնակի քվեարկությունները։ Միևնույն ժամանակ, ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանի խոսքով, բարձրացել են ընտրակաշառքի չափերը՝ ընդհուպ մինչև100 դոլար։ Արդյո՞ք ընտրակաշառքը զգալի դեր է ունենալու առաջիկա խորհրդարանական ընտրությունների ժամանակ։
- Այստեղ խոսքը գնում է ընտրություններից հետո քվեարկածների ցուցակների հրապարակման մասին։ Ինչ վերաբերում է ընտրակաշառքին, ապա ես էլ եմ լսել, որ մեծանում են թվերը։ Նույն ձեր քաղաքում՝ (նկատի ունի Գյումրին.հեղ) 2013 թվականի փետրվարին դուք տեսաք, թե ինչ տեղի ունեցավ։ Որքան ես տեղյակ եմ՝ բավական մասսայական կերպով ընտրակաշառք բաժանվեց, բայց մարդիկ չգնացին և չքվեարկեցին այդ բաժանողների օգտին։
- Բացի ընտրակաշառքից, էլ ի՞նչ վտանգավոր երևույթներ գոյություն ունեն։
- Իհարկե, ընտրակաշառքն իր դերը կխաղա, դրանում ես չեմ կասկածում, բայց ավելի վտանգավոր երևույթներ կարող են լինել։ Որպեսզի ընտրակաշառք բաժանողները վստահ լինեն, որ ընտրակաշառքն աշխատել է (որովհետև վերջին տարիներին այդ միտումը կա, որ մարդիկ վերցնում են և չեն քվեարկում) այդ պատճառով մտցնելու են մեխանիզմներ, որպեսզի գոնե ինչ-որ չափով բաց լինի քվեարկությունը, (իհարկե ոչ պաշտոնապես), որպեսզի կարողանան տարբեր ձևերով հասնել իրենց նպատակին, կոպիտ ասած՝ աշխատեցնել ընտրակաշառքը։ Այ սրա վրա պետք է ուշադրություն դարձնել, զգուշանալ և համապատասխան կանխարգելիչ քայլերի դիմել։ Դրա համար պետք է քվեախցիկների այնպիսի տեղադրում լինի քվեարկության սենյակում, որպեսզի համապատասխան մարդիկ չկարողանան ստուգել։ Որովհետև, եթե կասկածներ կան, որ քվեարկության գաղտնիությունը խախտվում է, սա կարող է լուրջ դեր խաղալ։ Պետք է այնպիսի ապահովություն լինի, որ քվեաթերթիկներ դուրս հանելը բացառվի։
Այս առումով պետք է ուշադիր լինեն դիտորդները, վստահված անձինք, հանձնաժողովի անդամները և ԶԼՄ ներկայացուցիչները, որպեսզի բացառվի գաղտնիության խախտումը։