Yelaket.am-ը գրում է.

Ինչպես հայտնի է, Հայաստանի Հանրապետությունում առկա տնտեսական մենաշնորհի առկայության փաստը՝ նախորդ և ներկա կառավարությունների կողմից համառորեն մերժվում է, մի պարզ պատճառով՝ իշխանահպատակ օլիգարխներին բռունցքի մեջ պահելը չափազանց կարևոր է... բանան, բենզին, շաքարավազ: Վերջին ապրանքատեսակի շուրջ ծավալվող «իրադարձություններն» այսօր առավել քան ակտուալ են:

Շաքարավազը կրկին թանկանում է, թեպետ պետք է հակառակը լիներ՝ չէ որ առջևում ընտրություններ են, և դրա էժանացումը կարող էր ծառայել ընտրակաշառքի ևս մի արդյունավետ տեսակ, սակայն, ինչպես կռահեցիք, ապագա խորհրդարան մտնելու ցավով տառապող բիզնես չունեցող, Մալաթիա-Սեբաստիայի տեր ու տիրակալ, բարերար Սամվել Ալեքսանյանը, որը պնդում է, թե աշխատավարձով ապրող շարքային դեպուտատ է, որոշել է նորից խաղեր տալ շաքարավազի գների հետ:

Ասել է, թե մենաշնորհի տերն եմ, ինչ կուզեմ, կանեմ: Թեմայի շուրջ որոշ մանրամասներ է հայտնում «Հայկական ժամանակ» թերթը. «Նախօրեի դրությամբ «Երևան Սիթի սուպերմարկետներում մեկ կիլոգրամ շաքարը վաճառվում էր 410 դրամով: Հունվարի համեմատ շաքարավազը թանկացել է 5-10 դրամով»:

Համոզվելու համար փոքրիկ հետախուզություն անկացրեցինք Արաբկիր համայնքի մերձբակային մինի-մարկետներում, որտեղ խանութպաններն հանդգնել են մի կոպեկ էլ իրենց կողմից ավելացնել: Ստացվում է, որ Ալեքսանյանին պատկանող սուպերմարկետներում 410 դրամ է, մինի-մարկետներում՝ 420-425:

Մտահոգիչն այն է, որ հակամրցակցային հանձնաժողովը կարծես արջի քնից դեռ չի արթնացել ու չի նայել, որ դրսում գարուն է: Թեպետ առջևում ընտրություններ են, համապատասխան կառույցները որոշել են չխփեն մեր հարգարժան խոշոր տնտեսվարողների գրպաններին, այլապես վերջիններս նեղը կընկնեմ ու չեն կարողանա հավուր պատշաճի զբաղվել ձայն գնելով:

 
 
loading...