Հայաստանի հանրային հեռուստաընկերության նոր եթերաշրջանում «Առավոտ լուսո»-ն հեռուստադիտողներին կներկայանա հաղորդավարական փոփոխված կազմով: Այս եթերաշրջանում յուրաքանչյուր աշխատանքային առավոտ Թինա Խաչատրյանի, Արման Մարգարյանի եւ Հերմինե Ստեփանյանի հետ մեր հայրենակիցներին բարի լույս կմաղթի նաեւ Հանրայինի բազմամյա եւ սիրված հաղորդավար Մարատ Օրդյանը:
Հաղորդավարները կներկայացնեն մշակութային, կրթական ու հասարակական անցուդարձը, հետաքրքիր հյուրերի ու կպատմեն կարեւոր իրադարձությունների մասին՝ օրվա ռիթմին համահունչ: «Առավոտ լուսո» ծրագիրը Առաջին ալիքի ուղիղ եթերում կլինի յուրաքանչյուր աշխատանքային օր՝ 09:30-11:45-ը: Նոր եթերաշրջանում «Առավոտ լուսո»-ն հագեցած կլինի նոր խորագրերով` սոցիալական, հայրենագիտական, առողջապահական, մշակութային, կրթական, ժամանցային ու սպորտային: Հիշեցնենք, որ Հանրային հեռուստաընկերության աշնանային նոր եթերաշրջանի մեկնարկը պաշտոնապես կտրվի սեպտեմբերի 11-ին, որով եւ կազդարարվի մի շարք նոր ու թարմ հաղորդումների եւ հետաքրքիր նախագծերի սկիզբը: Մանրամասների մասին կհաղորդվի շատ շուտով:
Աղբյուրը՝ BlogNews