Այս օրերին ՌԴ Սոչի քաղաքում անցկացվում է ամենամյա «Նոր ալիք» միջազգային երաժշտական մրցույթը, որին այս տարի Հայաստանը ներկայացնում են երկու երգչուհիներ՝ Էռնա Միրզոյանը և Սյուզաննա Մելքոնյանը:

Մրցութային երկու օրերի ընթացքում մեր երկիրը ներկայացնող երգչուհիները հրաշալի արդյունքներ են գրանցել. Սյուզաննան 4-րդ տեղում է (ընդհանուր՝ 237 միավոր), իսկ ահա արցախցի Էռնա Միրը (Էռնա Միրզոյան)  մրցութային երկու ելույթների համար էլ ստացել է ժյուրիի մաքսիմալ միավորները՝ երկու օրում հավաքելով հնարավոր 242 միավորն ամբողջությամբ, և ներկա պահին նա գլխավորում է մրցույթի հաղթողի հորիզոնականը՝ Ուզբեկստանի ներկայացուցչի հետ միասին. 

«Սա իմ կյանքի ամենալուրջ մրցույթն է: Ճիշտ է, տարբեր մրցույթների եմ մասնակցել վաղ տարիքից, բայց «Նոր ալիքը» բոլորովին այլ  է»,- BlogNews.am-ի հետ զրույցում ասաց Էռնան՝ հավելելով, որ անչափ մեծ պատասխանատվություն է զգում այս մրցույթին մասնակցելով ու մեր երկիրը ներկայացնելով:      

Ինչ վերաբերում է երկու օր անընդմեջ մաքսիմալ միավորներ հավաքելու փաստին, Էռնան ասում է. «Ամեն անգամ ետնաբեմում, երբ լսել եմ միավորներս, երջանկությունից լացել եմ: Ես երկար ժամանակ եմ փորձել հասնել «Նոր ալիք»։ Երկու անգամ մասնակցել եմ մանկական «Նոր ալիքի» ընտրական փուլերին, բայց չեմ անցել: Սա իմ երրորդ փորձն է, ու ահա, ես արդեն մեծերի «Նոր ալիք»-ում ներկայացնում եմ իմ հայրենիքը»:

Թիմն արդեն 10 օր է՝ Սոչիում է: Այս օրերի ընթացքում բեմում շատ փորձեր են արել, ու Էռնան ասում է, որ այս ամենի արդյունքում հաղթահարել է մեծ բեմի հետ կապված հոգեբանական բարդությունները և հիմա անկաշկանդ ու համարձակ է բեմի վրա. «Լիրա Կուբատովնան միշտ ասում էր, որ արդեն ելույթի ժամանակ հուզմունքը նորից է լինելու, բայց պետք է հաղթահարել ու այդ պահին կենտրոնանալ միայն ելույթի վրա, բայց չէի պատկերացնում, որ, այո, ամեն ելույթից առաջ այսքան շատ կհուզվեմ»:

Էռնան ասում է, որ ելույթից առաջ մի քանի վայրկյան մեկուսանում ու ինքն իր հետ խոսում է, հետո անպայման ձեռքի մեջ սեղմում է իր թալիսման խաչը, որը նրան ամենուր ուղեկցում է: Էռնային գոտեպնդում է նաև այն, որ իր ամենահարազատ մարդիկ են իրեն շրջապատում. «Ինձ հետ այստեղ իմ ուսուցիչն է, իմ անփոխարինելի պրոդյուսեր Լիրա Կուբատովնան, մայրիկս է ինձ հետ ու «Արցախի ձայներից» իմ ընկերներից մի քանիսը»:

Նշենք, որ Էռնան մրցույթի ամենակրտսեր մասնակիցն է (19 տարեկան է),  սակայն դա չի խանգարում, որ Էռնան բեմի վրա ելույթ ունենա նույնքան պրոֆեսիոնալ, ազատ ու արտիստիկ. «Երբ ելույթներից հետո ժյուրիի անդամները ետնաբեմ են գալիս, ինձ տեսնելով, առաջին բանը, որ ասում են՝ այսքան փոքրամարմին, որտեղի՞ց քեզ այդքան հզոր էներգիա»:

Ինչ վերաբերում է Էռնայի երգացանկին, երգչուհին ասում է, որ այն հենց մրցույթի կանոններին համապատասխան է ընտրված. «Առաջին ելույթի ժամանակ պետք է համաշխահային հիթ կատարել, որը կբացահայտի մասնակցի ողջ պոտենցյալը: Ես երգեցի Բրունո Մարսի «24K magic» հիթը: Երկրորդ ելույթի ժամանակ արդեն պետք էր ներկայացնել հայրենիքի հիթը, որը պիտի բացահայտի մասնակցի բնությունը, կոլորիտը: Ընտրեցինք Ալեքսանդր Դնեպրովի ու Թաթա Սիմոնյանի հանրահայտ «Армения моя» երգը, որի հրաշալի գործիքավորումն արեց «ԿարենՍևակ» փրոդաքշընը: Կարծում եմ՝ այս երգով կարողացա ունկնդրին պատմել՝ որքան թանկ բառեր են ամեն հայի համար Արարատն ու Հայաստանը»:

«Իսկ ահա երրորդ օրը պետք է այնպիսի թեթև, գրավիչ երգ կատարել, որը կզբաղեցնի, կգրավի հանդիսատեսին ու պարելու ցանկություն կառաջացնի: Ներկայացնելու եմ նոր՝  «In Love» երգը, որի հեղինակներն են «Արցախի ձայները» ներկայացնող Արտեմ Վալտերն ու Սարինը: Դրական էներգիայով, աշխույժ, պոզիտիվ ստեղծագործություն է: Փորձերի ժամանակ արդեն տեսանք, որ այն հանդիսատեսին միանգամից գրավում է»:

Էռնան ասում է, որ մրցույթի մասնակիցների հետ հրաշալի շփվում է ու նոր ընկերներ է ձեռք բերել: Էռնան շատ ջերմ հարաբերություններ ունի նաև իր գլխավոր մրցակցի՝ Սարդորի հետ. «Իրականում շատ տաղանդավոր ու բարի տղա է Սարդորը, և պիտի ասեմ, որ ուրախ եմ նրա միավորների համար»: 


Ինչ վերաբերում է Էռնայի բեմական կերպարներին, հագուստներին, ապա, մրցույթի կանոնների համաձայն, ամեն մասնակցի հանդերձավորում է մեկ դիզայներ: Էռնայի հագուստները դիզայներ Անաստասիա Զադորինայի հավաքածուներից են, իսկ դրանց ընտրությունն Էռնան անում է Օքսաննա Բաբուրյանի (Նախշուն)  հետ միասին, ով, բացի երգչուհի լինելուց, նաև «Արցախի ձայների» ոճաբանն է:

Մրցութային վերջին օրվան Էռնան իսկապես մարտական է տրամադրված: Ասում է. «Մինչև մրցույթի մեկնարկը երբեք չեմ ասել՝ պիտի գնամ, հաղթեմ: Նպատակս եղել է լավ ելույթներով ժյուրիին ներկայացնել իմ հայրենիքը: Բայց հիմա, երբ երկու անգամ հավաքել եմ մաքսիմալ միավորներ, հասկանում եմ, որ հաղթանակից մի քայլ է պակասում: Ամեն ինչ անելու եմ հաղթանակը Հայաստան ու Արցախ բերելու համար»:

Նշենք, որ «Նոր ալիք» մրցույթի եզրափակիչ համերգը կայանալու է սեպտեմբերի 13-ին: Այս տարի մրցույթին մասնակցում է 8 երկիր: Հայաստանն այս տարի մրցույթում ունի երկու մասնակից:

Աղբյուրը՝ BlogNews

loading...