«Արտյոմս» ոսկերչական ընկերության եւ «Միսս Արմենիա» մրցույթի կազմակերպիչների միջեւ բանակցությունները շարունակվում են: Այս մասին armtimes.com-ի հետ զրույցում նշեց մրցույթի ղեկավար Գոհար Հարությունյանը: Ոսկերչական ընկերությունը թագը սեպտեմբերի 24-ին տեղի ունեցած եզրափակչից հետո հաղթող Լիլի Սարգսյանից ետ էր վերցրել, քանի որ զայրացել էր, որ իրենց բավականաչափ չէին գովազդել մրցույթի ընթացքում:

«Խնդիրը հնարավոր է՝ ժամեր հետո կամ 1-2 օրվա ընթացքում լուծվի: Ուղղակի իրենք դժգոհ էին գովազդի ծավալից՝ չնայած թագը եղել է ֆոյեում, եղել են բուկլետները, լոգոն, բոլորը լուսանկարվել են թագի հետ: Ուղղակի մենք պայմանավորվածություն ենք ունեցել, որ հաղորդավարի խոսքի մեջ իրենց անունը կհնչի, դա չի եղել, եւ զայրացել՝ վերցրել են թագը, բայց բանակցում ենք, դա դեռ վերջնական չէ»,- ասաց Գոհար Հարությունյանը:

«Արտյոմս» ընկերությունից տեղի ունեցածի հետ կապված մեկնաբանություն չեն տալիս: Նախ այսօր՝ սեպտեմբերի 25-ին, աշխատանքային ժամերի ընթացքում armtimes.com-ի զանգին ի պատասխան՝ խնդրեցին ավելի ուշ կապ հաստատել, ապա ֆեյսբուքյան էջով արված հարցմանը պատասխանեցին, որ աշխատանքային ժամն արդեն ավարտել է, եւ իրենք թեմային կանդրադառնան վաղը:

«Միսս 2017»-ի թագն արժե մոտ 2 մլն դրամ: Պատրաստված է արծաթից եւ կիսաթանկարժեք քարերից: Մրցույթից հետո Գոհար Հարությունյանը հույս էր հայտնել, որ իրենք կկարողանան հովանավորներ գտնել, որպեսզի թագը լինի ոչ թե փոխանցիկ, այլ ամեն տարի յուրաքանչյուր հաղթող կարողանա այն իր մոտ պահել:


Աղբյուրը՝ BlogNews

loading...