Նունե Եսայանն ու Սոսո Պավլիաշվիլին ներկայանոմ են երկրորդ զուգերգով. «Ես սիրում եմ քեզ» երգի տեսահոլովակը նկարահանվել է Երեւանում, ռեժիսորը դերասան-հաղորդավար Արսեն Գրիգորյանն է։ Վրացի երգչի հետ առաջին զուգերգը՝ «Сильнее чем прежде»-ն, երգչուհին կատարել է երկու տարի առաջ։
BRAVO.am-ի հետ զրույցում Նունեն հայտնել է, որ նոր երգը ժանրով կտրուկ տարբերվում է նախորդից.«Իրականում, «Ես սիրում եմ քեզ»-ը պետք է առաջինը ձայնագրեինք, բայց Սոսոն առաջարկեց իր ռուսալեզու մեղեդային երգն առաջինը թողարկել։ Սա հատուկ մեզ համար գրված հայերենով ու ռուսերենով երգ է սիրո մասին։ Հոլովակում մի փոքր հումոր ենք մտցրել, բացի այդ, զգացվում է հայկական, վրացական՝ կովկասյան, շունչը։ Առաջին զուգերգը արտերկրում նոր դռներ բացելու համար չէր, իսկ երկրորդի դեպքում, կարծում եմ, միջոցառումներից հրավերներ կլինեն, որովհետեւ կոմերցիոն երգ է»։
Երգչուհին «Հայաստանի ձայնը 4» հեռուստաշոուի մարզիչներից մեկն է։ Խոսելով իր մասնակցության մասին՝ պատմել է, որ սկզբում մտավախություն է ունեցել.«Երբ դիտում էի այս նախագծի արտասահմանյան տարբերակները, մտածում էի՝ ժյուրի-մարզիչները վատ դրության մեջ են, ստիպված են մասնակիցների հանել: Իսկ կույր լսումներին մտածում էի՝ արդյոք կլինեն այդքան լավ ձայներ, բայց հետաքրքիր մասնակիցներ ունենք, իմ ընտրությունից գոհ եմ, տեսնենք պայքարն ինչպիսին կլինի։ Եթե ներգրավված եմ, առաջնահերթ ցանկանում եմ, որ իմ թիմի անդամը հաղթի, մրցույթի հիմնական գաղափարը դա է, բայց եթե իմ մասնակցիները չհաղթեն, լավագույնների հետ հետագայում միգուցե աշխատեմ»։
Նունեն սեպտեմբերի սկզբին Լոս Անջելեսում էր, որտեղ առաջին անգամ բեմում եղել է դերասանուհու կարգավիճակում՝ Վահիկ Փիրհամզեի ներկայացման մեջ.«Վահիկն իրանահայ դերասան է, ով ամերիկահայ հանդիսատեսի համար սքեթչերից բաղկացած ներկայացում էր պատրաստել։ Քանի որ ինձ շատ հետաքրքիր էր դերասանի աշխատանքը, երկու սքեթչում փոքրիկ դերերով ներկայացա ու երկու երգ կատարեցի։ Ավոն կողքիս էր, մասնագիտական խորհուրդներով օգնում էր»։
Աղբյուրը՝ Bravo.am