Դերասան Արծրուն Չոբանյանն արդեն երրորդ անգամ է աշխատում ռեժիսոր, սցենարիստ Մհեր Մկրտչյանի հետ: «Կյանք ու կռիվ. 25 տարի անց» գեղարվեստական ֆիլմում եւ «Հոսանքին հակառակ» ֆիլմաշարում հաջող համագործակցությունից հետո դերասանը առաջարկ է ստացել նկարահանվել «Լյուդվիգ անունով ոզնին» (պայմանական վերնագիր) կատակերգությունում, սակայն, իր խոսքով, միայն քասթինգն անցնելուց հետո է հաստատվել իր մասնակցությունը:

«Իհարկե, նախկինում իմ եւ Մհեր Մկրտչյանի համագործակցությունները շատ ավելի հարթ աշխատանքի նախապայման է հանդիսանում, սակայն նոր ֆիլմում ինքնաբերաբար չեմ ընդգրկվել: Ըստ կանոնի` մասնակցել եմ քասթինգին եւ դերին համապատասխանելուց հետո միայն հաստատվեց իմ մասնակցությունը»,- Life.panorama.am-ի հետ զրույցում նշեց Արծրուն Չոբանյանը եւ պատմեց իր կերպարի մասին:

«Հերոսիս անունը Կարեն է: Նա դերասան է, ով խնդիրներ ունի իր մասնագիտությամբ աշխատելու հետ կապված: Ըստ ֆիլմի սյուժեի` մի անգամ նրան հրավիրում են քասթինգի, որին մասնակցելուց հետո վերջապես ընտրվում է: Կերպարս գլխավոր հերոսի`Արթուրի ընկերն է, ում մարմնավորում է  դերասան Սամվել Թոփալյանը: Իմ կերպարն այնքան էլ հումորային չէ, նա ունի իր առօրյա խնդիրները, որոնց մեջ, իհարկե, կան հումորային դիալոգներ: Առավել մանրամասներ ֆիլմի ու իմ հերոսի մասին կխուսափեմ նշել, քանի որ ավելի լավ կլինի, եթե մեծ էկրաններ բարձրանալուց հետո մարդիկ դիտեն ու իրենք իրենց համար բացահայտումներ անեն»,- նշեց դերասանը:

Արծրուն Չոբանյանի կարծիքով` «Լյուդվիգ անունով ոզնին» ունի գծեր, որոնք տարբերվող կլինեն ու կհուշեն Մ. Մկրտչյանի ձեռագրի մասին.

«Ֆիլմը հագեցած է լինելու շատ գեղեցիկ, հետաքրքիր, խորը ու կյանքային դիալոգներով: Ֆիլմը նուրբ հարաբերությունների վրա է կառուցված, իսկ երբ կա անկեղծ խոսք ու բնական իրավիճակներ, միշտ էլ մարդիկ նկատում են ու գնահատում: «Լյուդվիգ անունով ոզնին» կատակերգությունում КВН-ային հումոր չկա, սա չեմ ասում` նկատի ունենալով, թե նման հումորներով ֆիլմերը վատն են, պարզապես այստեղ դա չկա»,- նշեց դերասանն ու ընդգծեց` հավաքված է գերպրոֆեսիոնալ անձնակազմ, ինչը հաջողության առաջին գրավականն է:

«Այստեղ պրոֆեսիոնալիզմը իսկապես չափից ավելի է, զզվեցնելու աստիճան: Սա, ինչ խոսք, դրական իմաստով եմ ասում: Համապատասխան մարդիկ անդադար հետեւում են ամեն ինչին` շորիդ ձեւից սկսած, մինչեւ մազեր: Ինձ հաճելի է այս թիմում աշխատելը»,- հավելեց նա:

Խոսելով ֆիլմի վերնագրի մասին` Արծրունը ժպիտով նկատեց.

«Վերնագիրը աշխատանքային է համարվում, դեռեւս հստակ չէ` վերջում ֆիլմն այդ անունը կկրի, թե ոչ: Ամեն դեպքում, ինքս կցանկանամ, որ այդպես կոչվի` ի պատիվ ոզնու, ում անունը Լյուդվիգ է: Ֆիլմում պարզ կդառնա, թե ինչու է ընտրվել այդ անվանումը, այն դարձյալ նուրբ հարաբերությունների հետ է կապված»:

Արծրուն Չոբանյանը բացի այս ֆիլմից զբաղված է նաեւ թատրոնային գործունեությամբ: Առաջիկայում նա հանդես կգա ինչպես ընթացիկ, այնպես էլ նոր ներկայացումերում:


Աղբյուրը՝ Life.panorama.am

loading...