Սոս Ջանիբեկյանի, Անի Երանյանի, Խորեն Լևոնյանի մասնակցությամբ «Հետհաշվարկ» հոգեբանական թրիլլերն այսօրվանից կլինի եթերում։ Ucom ցանցում գործող «Արմենիա Պրեմիում» հեռուստաալիքի բաժանորդներն ամեն շաբաթ և կիրակի հնարավորություն կունենան հետևելու դրամայի լարված ընթացքին։

Այս ֆիլմում իր մասնակցությունն ունի նաև դերասանուհի Քրիստինա Կույումչյանը, ում հետ  Tert.am Life–ը խոսել է նոր դերի մասին։

Քրիստինան մարմնավորում է գլխավոր հերոսի՝ Սոսի կերպարի կնոջը։ «Նա միշտ ամուսնու կողքին է` չնայած մի շարք դժվարություններին։ Նա համբերատար է և հանդուրժող, սակայն ինչ–որ պահ է գալիս, երբ նրա համար էլ է դժվար լինում դիմադրել»,– ասաց դերասանուհին։

 



Քրիստինայի կերպարային գիծը զարգանում է Խորեն Լևոնյանի և Սոս Ջանիբեկյանի հետ։ «Ինձ համար մեծ փորձ էր խաղալ իրենց հետո։ Երկուսն էլ այնպիսի դերասաններ են, որ քեզ տալիս են էներգետիկա»,– ասաց նա ու խոստովանեց, որ ի սկզբանե մտավախություն է ունեցել կապված դերասանական կազմի հետ։

«Երկմտում էի, մտածում էի` գուցե չկարողանամ, սակայն նկարահանման հրապարակում բոլոր վախերս ցրվեցին։ Երկուսն էլ այնպիսի մարդ են, որ քեզ չեն փակում։ Ճիշտ հակառակը` շատ լավ խաղընկերներ են և շատ են օգնում»,– ասաց դերասանուհին։

 



Քրիստինան նշեց, որ բարդ տեսարաններ ունեցել է թե՛ Խորենի, թե՛ Սոսի հետ։ Խորենի հետ տեսարանը բարդ էր ֆիզիկական տեսանկյունից, Սոսի հետ եղել է հոգեբանական բարդ տեսարան. «Չգիտեմ` ինչքանով եմ հաղթահարել, հուսով եմ հաղթահարել եմ։ Մենք երկրորդ փորձից նկարահանեցինք Սոսի հետ տեսարանը, քանի որ առաջին անգամ ինձ մոտ լավ չստացվեց։ Սոսն առաջարկեց երկրորդ անգամ էլ փորձել։ Շատ կարևոր է, երբ շուրջդ հավաքված մարդիկ ուզում են քեզ համար լավ լինի։ Դրանից միայն ոգևորվում ես»։


Ռեժիսոր Ելենա Արշակյանի հետ աշխատելու փորձ Քրիստինան ունի։ Հենց նա է գտել Թատերական ինստիտուտի ուսանողուհուն և տվել առաջին պատասխանատու` գլխավոր դերը։ Քրիստինան նկատեց, որ Ելենան իրեն կոփում է` որպես դերասանուհի։ «Ելենայի հետ աշխատելը շատ հետաքրքիր է, որովհետև մինչև իր ուզածը չստանա, չի հանգստանա։ Կարծում եմ` դա դերասանի հետ աշխատելու լավագույն տարբերակն է»,– եզրափակեց երիտասարդ դերասանուհին։

 


Աղբյուրը՝ tert.am

loading...