«Երևան» բժշկական կենտրոնի շուրջ արդեն մի քանի տարի շարունակվող կոնֆլիկտը չի մարել, և դատական քաշքշուկները շարունակվում են։

Հիշեցնենք՝ հիվանդանոցի սեփականատերերից մեկը «Երևան» բժշկական կենտրոնի ընդհանուր և էնդոսկոպիկ վիրաբուժության բաժանմունքի վարիչ, վիրաբույժ Հայկ Բալայանն է (հրապարակախոս Զորի Բալայանի որդին), մյուսը՝ ԲԿ-ի գլխավոր վիրաբույժ Տարոն Տոնոյանը: 2007 թվականից հիվանդանոցը ղեկավարել է Տարոն Տոնոյանը, սակայն դեռ 2014-ին համաձայնել է այդ պաշտոնը փոխանցել Հայկ Բալայանի առաջարկած թեկնածուին՝ Հակոբ Բալայանին, սակայն խնդիրներն այդպես էլ չեն լուծվել: Այնուհետև 2016-ի օգոստոսին Հակոբ Բալայանը առողջական խնդիրների պատճառով հրաժարվել է պաշտոնից և մինչև այժմ կլինիկան մնացել է առանց տնօրենի: Տոնոյանը 50 տոկոս բաժնետեր է։

Այսօր լրագրողների հետ հանդիպմանը Տարոն Տոնոյանը, ով արցախյան ազատամարտի մասնակից բժիշկներից է, հայտարարեց, որ հրապարակախոս Զորի Բալայանը ցանկանում է, փորձում է իրենից խլել հիվանդանոցը։

«Հայտնի, փորձված մեխանիզմներով խլում են ինձանից հիվանդանոցը, ինձ քցում են»,- հայտարարեց Տոնոյանը։

Նա հիշեցրեց 2014 թվականը, երբ այն ժամանակ իր գործընկեր Բալայանի առաջարկով որոշակի կադրային փոփոխություններ է համաձայնել կատարել, սակայն որոշ ժամանակ անց, նրա խոսքով, հայր ու որդի Բալայաններն իրեն ուղիղ ասել են՝ «Դու պետք է գնաս այստեղից»։

Տոնոյանը պատմեց, որ իրեն գումար են առաջարկել հիվանդանոցից թողնել-հեռանալու համար։ Ավելին, նույնիսկ իրեն հրավիրել են Բաղրամյան 26՝ նախագահական։ «Այնտեղ տեղի ունեցավ բավականին կոշտ և, թույլ տվեք ասել, փողոցային խոսակցություն այն մասին, որ ես պետք է վերցնեմ, համաձայնեմ առաջարկին ու դուրս գամ հիվանդանոցից։ Հիմա ազատ եմ խոսում, այն ժամանակ էլ ընդդիմացել եմ, ասել եմ, որ դա չի լինի, ես դուրս չեմ գա հիվանդանոցից։ Ինձ ասում էին՝ տեսա՞ր ինչ արեցինք Ծառուկյան Գագոյի հետ, ես էլ ասեցի, որ երևում է՝ իմ կենսագրությունը չեք ուսումնասիրել»,- ասուլիսում պատմեց Տարոն Տոնոյանը։

loading...