Երևանի քաղաքապետարանը հայտնում է, որ Մաշտոցի պողոտա-Գր.Լուսավորչի փողոց տրանսպորտային հանգույցում երթևեկության փոփոխություններ կլինեն: Այս մասին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
«Հարգելի համաքաղաքացիներ,
Երևանի քաղաքապետարանի 2018թ. ծրագրով Մաշտոցի պողոտա-Գր. Լուսավորիչ տրանսպորտային հանգույցի թունելային հատվածի բարեկարգման աշխատանքներն իրականացնելու նպատակով ս.թ. հուլիսի 4-ից ժամանակավորապես՝ մեկ ամսով կդադարեցվի երթևեկությունը Հաղթանակի կամրջից դեպի Մաշտոցի պողոտա շարժման ուղղությամբ:
Նշված ժամանակահատվածում տրանսպորտային հանգույցի երթևեկության կազմակերպման սխեմայում փոփոխություններ կատարելու անհրաժեշտություն է առաջացել.
-հանգույցի ստորգետնյա մասում՝ Մաշտոցի պողոտայից դեպի Հաղթանակի կամուրջ շարժման ուղղությամբ կազմակերպվելու է երկկողմ երթևեկություն, իսկ Հաղթանակի կամրջից դեպի Մաշտոցի պողոտա ուղղությամբ բաժանարար գոտուց աջ ընկած հատվածի ստորգետնյա երթևեկությունը դադարեցվելու է,
-հանգույցի վերգետնյա հատվածում շարունակվելու է գործել երթևեկության կազմակերպման ներկայիս ժամանակավոր սխեման:
Շինարարական աշխատանքների ընթացքում խցանումներից հնարավորինս խուսափելու համար, թեթև մարդատար ավտոմեքենաների վարորդներին առաջարկում ենք երթևեկել Հաղթանակի կամուրջ-Արգիշտի-Իտալիայի-Մ.Խորենացու-Մաշտոցի պողոտա շրջանցիկ ճանապարհներով:
Նշված ճանապարհահատվածում շինարարությունը ավարտելու նպատակով աշխատանքներն իրականացվելու են երկհերթ:
Պատճառվող ժամանակավոր անհարմարությունների համար հայցում ենք մեր համաքաղաքացիների ներողամտությունը»,- ասվում է հայտարարության մեջ: