Առաջին դասարանցիների գրանցման էլեկտրոնային համակարգը գործելու է 2019 թվականի մարտից:

ՀՀ ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը հայտարարել է, որ առաջիկայում առաջին դասարանցիների գրանցման հայտերը կլինեն բացառապես էլեկտրոնային եղանակով՝ բացառելով կոռուպցիոն ռիսկերը և տնօրենների կողմից իրենց լիցենզիայով թույլատրվածից ավելի աշակերտ ընդունելու հնարավորությունը։

Ծրագիրն իրականացնում է Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնը (ԿՏԱԿ): Նման ծրագիր ունենալու գաղափարը ծնվել է 2017 թվականին. մեկ տարի առաջ՝ 2017 թվականի հուլիսին, ԿՏԱԿ-ի տնօրեն Արտակ Պողոսյանը, մասնակցելով ստարտափների ծրագրին, ներկայացրել է այն, և ՄԱԿ-ի ֆինանսավորմամբ ստեղծվել է համակարգը:

«Շատ ուրախ եմ, որ ԿԳ ներկայիս նախարարը մեծ կարևորություն է տալիս նման համակարգերի օգտագործմանը: Դպրոցների ընդունելության կարգում կլինեն համապատասխան փոփոխություններ, որպեսզի էլեկտրոնային գրանցումը դառնա պարտադիր բոլոր դպրոցների համար: Որևէ դպրոց պետք է չունենա առավելություն մեկ այլ դպրոցի համեմատությամբ»,- ասաց Արտակ Պողոսյանը:

Համակարգը գործելու է հանրապետության բոլոր դպրոցների համար: Նախատեսվում է, որ այն դպրոցներում առաջին դասարանցիների գրանցումը կդարձնի ավելի թափանցիկ, քանի որ ծնողը հնարավորություն կունենա ցանկացած պահի տեսնելու դպրոցների ազատ տեղերի քանակը: Ազատ տեղի առկայության դեպքում ծնողը կարող է գրանցել երեխային: Հայտագրելուց հետո ծնողին ծանուցում է գալիս այն մասին, թե ինչ փաստաթղթեր է անհրաժեշտ դպրոց ներկայացնել ընդունելության համար:

Ծրագիրն անվանվում է դպրոցների հայտագրման համակարգ, իսկ էլեկտրոնային գրանցումների կայքի դոմեյնի համար կան առաջարկված տարբերակներ, որոնցից, սակայն, առայժմ վերջնական տարբերակ ընտրված չէ:

Արայիկ Հարությունյանը նշել է նաև, որ հիմա համակարգը պատրաստ է և այս ընթացքում աշխատելու են իրավական կարգավորումների ուղղությամբ:

Մի շարք երկրներում տարածված է ոչ միայն առաջին դասարանցիների գրանցման էլեկտրոնային տարբերակը, այլ նաև էլեկտրոնային տարբերակով է իրականացվում ընդունելության ողջ ընթացքը:

Վրաստանում, օրինակ, աշակերտների էլեկտրոնային գրանցումն իրականացվում է www.emis.ge կայքի միջոցով: Այստեղ առաջին դասարանցիների ընդունելությունն իրականացվում է երեք փուլով: Եվ միայն երկրորդ փուլն է, որ իրականացվում է համընդհանուր էլեկտրոնային գրանցման տարբերակով: Այս փուլին կարող են մասնակցել բոլոր երեխաները, որոնք ուսումնական տարվա մեկնարկին դառնալու են 6 տարեկան: Ըստ Արտակ Պողոսյանի, Հայաստանում կարիք չկա գրանցման ընթացքը բաժանել փուլերի, քանի որ դա էական նշանակություն չի ունենա:

Ռուսաստանում ևս երեխային էլեկտրոնային տարբերակով գրանցելու և դպրոց ընդունելու հնարավորություն կա: Էլեկտրոնային հայտադիմումի մեջ ծնողները կարող են նշել այն երեք ուսումնական հաստատությունների անվանումները, որտեղ ցանկանում են, որ իրենց երեխան ուսում ստանա: Այդ դպրոցները պետք է գտնվեն դիմողների հաշվառման և բնակության տարածքում: Իսկ օրենսդրությամբ Հայաստանում ամրագրված չէ տարածքային սահմանափակման որևէ պահանջ: Ըստ օրենսդրության ծնողն է որոշում, թե երեխան որ դպրոցը պետք է հաճախի, և կապ չունի, թե որտեղ է վերջինս հաշվառված:

Դպրոցներում ընդունելությունը էլեկտրոնային տարբերակով կատարվում է, օրինակ, Ղազախստանում: Սակայն այնտեղ ընդունվում է նաև փաստաթղթային տարբերակը: Արտակ Պողոսյանը նշեց, որ քննարկել են նաև դպրոցներում ընդունելության ողջ ընթացքը էլեկտրոնային դարձնելու տարբերակը: Այսինքն՝ ծնողները, գրանցումից զատ, համակարգում կկարողանան ներբեռնել նաև անհրաժեշտ փաստաթղթերը: Սակայն այս պարագայում պետք է բոլոր ծնողներն ունենան էլեկտրոնային ստորագրություն: Այս դեպքում լրացուցիչ ծախսեր կառաջանան քաղաքացիների համար, քանի որ էլեկտրոնային ստորագրության տարեկան սպասարկման գումարը 3000 ՀՀ դրամ է: Այդ իսկ պատճառով այս տարբերակին նախապատվություն չի տրվել, և ստեղծվել է միայն հայտագրման համակարգ:

Կոռուպցիոն ռիսկերը նույնպես բացառվելու են, քանի որ համակարգը ստուգում է հայտագրված բոլոր տվյալները: Հայտագրողը ծանուցվելու է այն մասին, որ եթե իր կողմից հայտագրված տեղեկությունները (իր և երեխայի տվյալները և այլն) չհամապատասխանեն իրականությանը, ապա կեղծ տվյալներ ներկայացնելու համար ենթարկվելու է օրենքով սահմանված պատասխանատվության:

loading...