Հանրային հեռուստաընկերության լրատվական-վերլուծական հաղորդումների բաժինը նոր տնօրեն ունի: Այս պաշտոնին հուլիսի 2-ին նշանակվել է լրագրող Վահագն Թևոսյանը: Հանրային հեռուստաընկերության ղեկավարության կողմից ստացած առաջարկի մասին նա հայտնել էր հունիսի 21-ին, սակայն, իր խոսքով, չէր շտապում դրական պատասխան տալ, մինչև ոլորտի մասնագետների հետ խորհրդակցելը:

«Երկար մտածելու պատճառը պայմանավորված էր միայն նրանով, թե որքանով կարող եմ ինձ թույլ տալ` իմ պրոֆեսիոնալ հնարավորությունները համատեղել Հանրային հեռուստաընկերության լրատվական-վերլուծական հաղորդումների տնօրենի պաշտոնի հետ: Որքանով է դա իմ ուժերի շրջանակում, և արդյո՞ք կարող եմ վերահսկել իրավիճակն այստեղ, որովհետև սա ահռելի մեծ կառույց է: Ի վերջո, մի քանի խորհրդատվության արդյունքում հասկացա, որ սա հաղթահարելի բեռ է»,- ասաց Վահագն Թևոսյանը:

Լրատվական-վերլուծական հաղորդումների նորանշանակ տնօրենն արդեն իր համար առաջնային փոփոխությունների նախագիծ է կազմել, որոնց արդյունքում հանրայինի լուրերը կդառնան ավելի դինամիկ ու ընկալելի:

«Առաջնային փոփոխությունները վերաբերելու են կոնտենտի մատուցման ձևին ու բովանդակությանը: Կլինեն կառուցվածքային որոշակի փոփոխություններ: Եթերը կդարձնենք ավելի դինամիկ, վերլուծական, հետաքննական ու նվազ պաշտոնական, իհարկե՝ չբացառելով արարողակարգային լուրերը, որոնք մտնում են մեր պարտավորությունների մեջ»,– նշում է Թևոսյանը:

Վահագն Թևոսյանին իր նախորդների աշխատանքում որոշ բաներ բարկացրել են, սակայն դրանք միայն կառավարչական մեխանիզմների հետ կապված խնդիրներ են: Այս մասին լրատվական-վերլուծական հաղորդումների նոր ղեկավարը գրել է «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում:

«Իմ տեսակի համար անհասկանալի բաներ կան, որոնք բարկություն են առաջացրել, բայց դրանք պայմանավորում եմ ոչ թե մարդկանց տեսակներով, այլ կոնկրետ իրողություններով ու համակարգով, որն ինչ-որ բաներ է պարտադրել: Դրանք ներքին կառավարչական  փոքրիկ հարցեր են, որոնք աստիճանաբար կլուծվեն»,- ասաց նա:

Ինչ վերաբերում է օրեր առաջ Հանրային հեռուստաընկերությունից «Օրակարգ» լրատվական ծառայության ղեկավար-պրոդյուսեր Արտակ Հերիքյանի և մեկնաբաններ Լարա Առաքելյանի ու Տարոն Կոխլիկյանի հեռանալու պատճառներին ու հնարավոր վերադարձին՝ Վահագն Թևոսյանը հայտնեց, որ ինքը պարտավոր է հարգել յուրաքանչյուրի իրավունքը:

«Ես գնահատում եմ յուրաքանչյուրի իրավունքը ու կարծում, որ, եթե իրենք կատարել են իրենց ընտրությունն առանց սպասելու ու ինձ հետ խոսելու, ապա ես պարտավոր եմ այդ որոշումներն ուղղակի հարգել»,- նշեց Վահագն Թևոսյանը:

Հանրային հեռուստաընկերության լրատվական-վերլուծական հաղորդումների նոր տնօրենն իր լրագրողներին գնահատելու է նրանց մասնագիտական պրոֆեսիոնալիզմով, ոչ թե քաղաքական հայացքներով: «Թավշյա հեղափոխության» օրերին  շատ հակասական իրողություններ են եղել, ու լրագրողները, գուցե, երբեմն չեն կողմնորոշվել, բայց, եթե նյութեր լինեն, որոնք կխախտեն մասնագիտական պրոֆեսիոնալիզմն ու էթիկան, այդ լրագրողների հետ առանձին խոսակցություն կլինի:

«Եթե այդ օրերին ռեպորտաժները կառուցված են եղել լրագրողական հմտությունների բոլոր օրենքներին համապատասխան և գրագետ, ապա ամեն ինչ նորմալ է: Բայց, եթե կան նյութեր, որոնք լրագրողական պրոֆեսիոնալիզմին կամ էթիկայի կանոններին հակասող են, բնականաբար, այդ լրագրողների հետ առանձին խոսակցություն պետք է լինի»,- ասաց Թևոսյանը:

Վահագն Թևոսյանի խոսքով` իր պատկերացումները հիմա շատ ռոմանտիկ են ու նոր պետք է հարմարվի իրողություններին, սակայն հավելեց, որ փոխված իրավիճակն իրեն հնարավորություն է տալիս ջանք չխնայել իր մտքերն ու ակնկալիքները հեռուստադիտողին տեսանելի դարձնելու համար:

loading...