Հայաստանի նոր իշխանությունները ինչ-որ մեկի ընտանիքի կամ անհատի հետևից չի գնում: Այս մասին Արենիում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն՝ անդրադառնալով ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբոր՝ Ալեքսանդր Սարգսյանի ընտանիքի հետ կապված վերջին բացահայտումներին:

Վարչապետը հայտարարեց, որ այդ դեպքերից հետո Սերժ Սարգսյանը կամ որևէ մեկը չի փորձել կապ հաստատել իր հետ: «Ես ուզում եմ հստակեցնել, որ մենք որևէ մեկի ընտանիքի կամ անհատի հետևից չենք գնում: Մենք գնում ենք իրավապահ մարմինների ունեցած ահազանգերի, դիմումների և օպերատիվ տեղեկատվության հետևից: Խնդիրն այլ կերպ է դրված. երկրում պետք է լինի օրինականություն և իրավապահ մարմինները պետք է արդյունավետ աշխատեն»,- ասաց Փաշինյանը: Նա ընդգծեց, որ վերջին բացահայտումներից որոշների դեպքում պարզապես ցնցվել է տվյալ անձանց գործելաոճից: Վարչապետը հավելեց նաև, որ գործողությունների արդյունքում պետական բյուջե է մտցվելու մի քանի տասնյակ միլիոն ԱՄՆ դոլար:

Անդրադառնալով Հայաստան-Ադրբեջան սահմանին տիրող իրավիճակին՝ նա նշեց, որ իրեն ամեն օր զեկուցում են իրադրության մասին: «Կա որոշակի քաղաքական և ռազմաքաղաքական լարվածություն, և սրանով ամեն ինչ ասված է: Ես ուզում եմ, որ մենք այս իրավիճակը ոչ գերագնահատենք, ոչ թերագնահատենք: Հայաստանի բոլոր իշխանություններն էլ միշտ արձանագրել են, որ ըստ էության մենք Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր չունենք, ունենք ընդամենը հրադադար և դրա հաստատումից ի վեր հրադադարի անընդհատ խախտման դեպքեր»,- ասաց նա:

Խոսելով առաջիկայում Բրյուսել կատարելիք այցի օրակարգի մասին՝ Փաշինյանն ասաց. «Մենք ՆԱՏՕ-ի շրջանակում խաղաղապահ առաքելություններ ենք իրականացնում և միջոցառումն էլ այդ առաքելությանն է նվիրված: Իսկ Եվրամիության շրջանակում օրակարգը մեր երկկողմ հարաբերությունների, կնքած պայմանագրերի իրագործման և հետագա համագործակցության խնդիրն է»:

loading...