Հայկական ֆուտբոլում նախօրեին տեղի է ունեցել նշանակալի իրադարձություն, որը ըստ էության նոկաուտի մեջ է գցել ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի համակարգին: «Բանանց» և «Փյունիկ» ակումբները հրաժարվել են իրենց ֆուտբոլիստներին տրամադրել Հայաստանի 17 և 19 տարեկանների հավաքականներին:
Այս կապակցությամբ ՀՖՖ-ն այսօր հանդես է եկել հետևյալ հայտարարությամբ. «Ինչպես հայտնի է, 2019թ. հուլիսին Հայաստանը հյուրընկալելու է Մ-19 Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլը, որին մասնակցելու է նաև Հայաստանի հավաքականը: Այդ կարևոր և պատասխանատու մրցաշարին լավագույնս նախապատրաստվելու համար ՀՖՖ տեխնիկական տնօրեն Վ. Մինասյանի և դեռևս փետրվարին այդ նպատակով Հայաստան հրավիրված արգենտինացի մարզչական խմբի կողմից կազմվել էր Մ-19 և Մ-17 Ազգային հավաքականների ուսումնամարզական հավաքների և միջազգային ընկերական խաղերի երկարաժամկետ նախապատրաստական ծրագիր: Այդ ծրագրի շրջանակներում մեր հավաքականները սկսած ս/թ մարտ ամսից արդեն հասցրել են կազմակերպել 5 ուսումնամարզական հավաքներ և անցկացնել 12 միջազգային ընկերական հանդիպումներ: Հերթական ուսումնամարզական հավաքին թույլատրելու ՀՖՖ նամակին ի պատասխան՝ «Փյունիկ» և «Բանանց» ակումբները հրաժարվել են հավաքականներ գործուղել իրենց ընդհանուր թվով 29 ֆուտբոլիստներին՝ հուլիսի 6-ին ուշ երեկոյան ուղարկելով բավական անսովոր համատեղ գրություն: Հետևաբար և հաշվի առնելով, որ նման գործելաոճի արդյունքում գլխավորապես տուժում են Հայաստանի ազգային հավաքականները՝ հնարավոր ձախողումների ողջ պատասխանատվությունն ընկնում է նշված ակումբների՝ այդ որոշումը կայացրած պատասխանատուների վրա»:

Բնական է, որ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան ակումբների այս որոշումը ցանկանում է ներկայացնել որպես դավաճանություն: Նման հայտարարություն տարածելով՝ ՀՖՖ-ին թվում է, որ երկրպագուները կամ մամուլը պետք է նախատեն «Փյունիկին» և «Բանանցին» նման որոշում կայացնելու համար: Նշենք, որ պատանեկան հավաքականներում հանդես եկող ֆուտբոլիստների մոտ 90 տոկոսը հենց «Փյունիկի» և «Բանանցի» ներկայացուցիչներ են:

Այո, զրկվելով առաջատար ֆուտբոլիստներից՝ հավաքականները կտուժեն և ամենայն հավանականությամբ կձախողվեն: Ընդունենք, սակայն, որ Հայրապետյանի ջանքերով ձախողումներն ու խայտառակ պարտություններն այնքան շատ են եղել, որ սպասվող անհաջողություններին մի կերպ կդիմանանք:

Ակնհայտ է, սակայն, որ այդ ձախողումներին կհաջորդի վերելքի փուլը: Ռուբեն Հայրապետյանի հեռանալուց հետո հայկական ֆուտբոլը կսկսի շնչել: Ընդունենք նաև, որ առկա իրավիճակում թիմերը ֆունդամենտալ քայլ են կատարել հայկական ֆուտբոլը ազատագրելու գործընթացում: Արդեն իսկ շատերն են հասկացել, որ ուղղակի ամոթ է ելույթ ունենալ Հայրապետյան Ռուբենի կազմակերպած մրցաշարում և ընդհանրապես ֆուտբոլի ասպարեզում առնչություն ունենալ այս անձի հետ: Շատ թիմեր Ռուբեն Հայրապետյանի ջանքերով ուղղակի վերացել են կամ մի կերպ գոյությունն են պահպանում: Այսօր կա Հայրապետյանից ձերբազատվելու միայն մեկ ճանապարհ, որը տոտալ բոյկոտն է: Վերոնշյալ ակումբների օրինակին պետք է հետևեն նաև հայկական մյուս թիմերը և ֆուտբոլիստներ չտրամադրեն բոլոր հավաքականներին:

Նշենք, որ Հայաստանի ազգային հավաքականի կորիզը կազմում են լեգեոներները: Հետևաբար ֆուտբոլիստներն իրենց հերթին պետք է ուղղակի հրաժարվեն հանդես գալ մասնավորապես Հայաստանի ազգային հավաքականում: Վերջինս վաղուց արդեն Հայրապետյանի ձեռքի գործիքն է դարձել: Հավաքական, որի կազմը տարիներ շարունակ որոշել է Ռուբեն Հայրապետյանը:

Նշենք, որ «Առաջին լրատվական»-ի տեղեկություններով՝ 5-6 թիմեր մտադիր են մերժել Հայաստանի Բարձրագույն խմբի մեկնարկելիք առաջնությունը և ստեղծել այլընտրանքային լիգա: Այսօր Բարձրագույն խմբում կան թերևս երկու ակումբներ, որոնք կանգնած են Հայրապետյանի կողքին: Խոսքը «Լոռիի» մասին է, որը պատկանում է Թովմաս Գրիգորյանին, և «Արարատ Արմենիայի», որի սեփականատերը ռուսաստանաբնակ գործարար Սամվել Կարապետյանն է: Թե՛ Գրիգորյանը և թե՛ Կարապետյանը լավ հաբարերությունների մեջ են Հայրապետյան Ռուբենի հետ, ուստի այս ակումբներից դրական քայլեր ակնկալել ուղղակի չի կարելի:

Փաստորեն ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ հայկական ֆուտբոլի վերաբերյալ հայտարարությունից հետո ակումբներն անցան գործի ու հաստատուն քայլեր են կատարում Հայրապետյանի ռեժիմից փրկվելու ուղղությամբ: Այժմ հերթը ՀՀ կառավարությանն է, որը պարտավոր է քայլեր ձեռնարկել ստեղծված իրավիճակը շտկելու համար: Իսկ իրավիճակը կշտկվի միայն այն դեպքում, երբ Հայրապետյանը և նրա աշխատակազմն անհապաղ հրաժարական տան:

Հայաստանի գալիք առաջնությունը պետք է տեղի ունենա նորմալ պայմաններում, առանց Ռուբեն Հայրապետյանի: Հայաստանի ազգային հավաքականը ևս պետք է Ազգերի լիգայում պայքարը սկսի առանց նեգատիվ երևույթների, որոնք տարիներ շարունակ արատավորել են մեր գլխավոր թիմը:

loading...