Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան երեկ հանդես եկավ «փառահեղ» մի «գաղափարով»: «Վերջին ժամանակահատվածում պրոֆեսիոնալ լիգա ստեղծելու վերաբերյալ հանրային տարբեր միջոցներով հաճախ քննարկվող և բարձրաձայնվող կարծիքների կապակցությամբ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան հանդես է գալիս պրոֆեսիոնալ լիգա ստեղծելու նպատակով անհրաժեշտ քննարկումներ սկսելու նախաձեռնությամբ: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ նախկինում ակումբների մեծամասնությունը մշտապես դեմ է եղել պրոֆեսիոնալ լիգա ստեղծելու գաղափարին՝ այսօր Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան դիմել է ՀՀ Բարձրագույն խմբի և Առաջին խմբի առաջնություններին մասնակցության հայտ ներկայացրած ակումբներին՝ վերջիններիս դիրքորոշումը նշված հարցի վերաբերյալ պարզելու նպատակով: Ակումբները մինչև 2018 թվականի հուլիսի 11-ը պետք է արտահայտեն իրենց դիրքորոշումը՝ արդյոք համաձայն են, թե ոչ պրոֆեսիոնալ լիգա ստեղծելու գաղափարին:

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան, պրոֆեսիոնալ լիգա ստեղծվելու պարագայում կօժանդակի մասնակից ակումբներին իրավական և կանոնակարգային նորմերի ձևավորման հարցում, ինչպես նաև յուրաքանչյուր մրցաշրջանի համար 100,000,000 ՀՀ դրամ գումարի չափով ֆինանսական աջակցություն կցուցաբերի՝ հաշվի առնելով նորաստեղծ պրոֆեսիոնալ լիգայի շրջանակներում անցկացվելիք առաջնությունների կազմակերպման համար անհրաժեշտ միջոցների կարևորությունը և հնարավոր ծախսերի առկայությունը:

Ակումբների կողմից հնարավոր դրական արձագանքի և համապատասխան դիրքորոշման առկայության դեպքում կստեղծվի աշխատանքային խումբ պրոֆեսիոնալ լիգա ստեղծելու ուղղությամբ անհրաժեշտ աշխատանքների իրականացման նպատակով»,- ասված է ՀՖՖ-ի տարածած հայտարության մեջ:

Փրփուրներից կախված Ռուբեն Հայրապետյանի «հանճարեղ» խորհրդականներն ու վերլուծաբանները հույս ունեն, որ այս քայլով կարող են փրկել իրենց շեֆին: Նշենք, որ մեր տեղեկություններով՝ հայկական 5-6 ակումբներ մտադիր են բոյկոտել ՀՖՖ-ի կազմակերպած Բարձրագույն խմբի առաջնությունը և ստեղծել այլընտրանքային լիգա: Հայրապետյան Ռուբենին թվում է, թե պրոֆեսիոնալ լիգա ստեղծելով՝ ակումբները պետք է առանց երկմտելու մասնակցեն այդ մրցաշարին: Նշենք, որ պրոֆեսինալ լիգան իրենից ներկայացնում է ֆուտբոլի ֆեդերացիայից անջատ մրցաշար, որն ունենալու է իր կազմկոմիտեն: Ինչ խոսք պրոֆեսիոնալ լիգա ունենալը վատ գաղափար չէ, բայց այն կարելի է ստեղծել միայն ու միայն Ռուբեն Հայրապետյանի և նրա աշխատակազմի հեռանալուց հետո: Հողը դուրս է գալիս Հայրապետյանի ոտքերի տակից և պրոֆեսիոնալ լիգայի ստեղծելու նախաձեռնությանբ ՀՖՖ-ի նախագահն ուղղակի «կուտ է տալիս» ակումբներին, որպեսզի նրանք չբոյկոտեն Բարձրագույն խմբի առաջնությունը: Հայրապետյանը և նրա խորհրդատուները չեն գիտակցում, որ ակումբները ոչ թե բոյկոտում են ՀՖՖ-ին, այլ հենց Հայրապետյան Ռուբենին, որը կործանել է մեր ֆուտբոլը:

Այս անձի առկայությունը հայկական ֆուտբոլում ուղղակի թույլ չի տալիս որպեսզի ներդրումներ արվեն, ակումբներ ստեղծվեն, քայլեր արվեն ֆուտբոլը զարգացնելու համար: Ու հիմա նա խոսում է պրոֆեսիոնալ լիգայի մասին: Ուղղակի ամոթ է: Հազարավոր ֆուտբոլասերներ այսօր ակումբներին կոչ են անում բոյկոտել Հայրապետյան Ռուբենի յուրաքանչյուր որոշում ու նախաձեռնություն: Միայն այս կերպ է հնարավոր ձերբազատվել այս անձից և փրկել հայկական ֆուտբոլը: Այն ակումբները, որոնք կմասնակցեն Հայրաետյանի նախաձեռնած Բարձրագույն խմբի առաջնությանը կամ որևէ այլ մրցաշարին՝ երկրպագուների կողմից կդիտվեն որպես դավաճաններ, խայտառակ ռեժիմի ջրաղացին ջուր լցնողներ: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում լեգենդար ֆուտբոլիստ Խորեն Հովհաննիսյանը նշել էր նաև, որ Հայրապետյանի հեռանալուց հետո կունենանք մոտ 12 ակումբներ, որոնց սեփականատերերը լուրջ ներդրումներ կանեն:

Հայկական ֆուտբոլն այնուամենայնիվ հնարավոր է փրկել և վստահաբար կարող ենք ասել, որ Հայրապետյանի ռեժիմի նկատմամբ հաղթանակը երբեք այսքան մոտ չի եղել: Աթոռից կառչած Հայրապետյանը փորձելու է ամեն գնով մնալ պաշտոնում, բայց արդեն իսկ պարզ է, որ դա չի ստացվելու: Այսօր էլ Հայրապետյանը փորձում է շանտաժի ու ահաբեկչության եղանակով ճնշում գործադրել որոշ ակումբների նկատմամբ: Համակարգը իսկապես հոգեվարքի մեջ է ու չի գիտակցում, որ նման մեթոդները նոր Հայաստանում դատապարված են ձախողման: Հայրապետյանը չի գիտակցում նաև, որ նման մեթոդներն իր իսկ համար կարող են ծանր հետևանքներ ունենալ:

Հետևաբար, ֆուտբոլասերների անունից հայկական բոլոր ակումբներին կոչ ենք անում դառնալ մեկ բռունցք և վերջնական հարված հասցնել Հայրապետյան Ռուբենին:

loading...