Լիբանանի Gardenia Lebanese Farms ընկերությունը ցանկանում է մինչև 2025թ-ը Հայաստանում տարեկան 8 հազար տոննա ընկույզ արտադրել։ Այս մասին Sputnik Արմենիային ասաց ընկերության հիմնադիր Նիկոլյա Աբու Ֆայսալը։ Նա ուզում է բերքն արտահանել Ռուսաստան և այլ երկրներ։

Ինչո՞ւ է նա ընտրել Հայաստանը։ Այստեղից` Եվրասիական միության երկրից, հեշտ է մտնել ռուսական շուկա։ Բայց սա դեռ ամենը չէ։ Աբու Ֆայսալը ոչ միայն ողջամիտ գործարար է, այլ նաև ընտանիքը սիրող մարդ։ Արաբ քրիստոնյան ամուսնացել է Լիբանանի հայուհու հետ։ Ստացվում է` երեխաները կիսով չափ հայ են։ Տղամարդը մտածել է` թող նրանք իրենց գործն ունենան Հայաստանում։

«Լիբանանում նույնպես շատ լավ պայմաններ կան գյուղատնտեսության համար, բայց ուզում ենք աշխատել նաև Հայաստանում», — ասում է գործարարը։

Առաջին ընկույզները կհայտնվեն երկու տարի անց, բայց Աբու Ֆասյալն արդեն հիմա բարենպաստ հող է ստեղծում դրանց համար ուղիղ և փոխաբերական իմաստով։ Բոլոր այգիներում կաթիլային ոռոգման համակարգ է անցկացվում։ Արդեն լուծված է նաև բերքը վաճառելու հարցը։

«Մենք պայմանագիր ենք կնքել ամերիկյան դիլերի հետ, որը կգնի մեր մթերքը։ Այսինքն ընկույզը ծառերի վրա չի մնա, անհանգստանալու կարիք չկա», — ժպտում է նա։

Ընկերությունն արդեն 16 հազար ծառ է տնկել Երևանից ոչ հեռու (Եղվարդ քաղաքի մոտ) և վրացական սահմանի մոտ (Բագրատաշեն գյուղում)։ 300 հա տարածքում ուզում են 100 հազար ծառ տնկել։

Ռուսաստանցիներին էլ ուզում են կերակրել ամերիկյան պեկան տեսակի ընկույզով։ Աբու Ֆայսալը որոշել է Հայաստանում ստեղծել պեկանի ամենամեծ այգիները, որպեսզի բավականացնի բոլոր ցանկացողներին։

Պեկանից բացի, տնկել են նաև հունական ընկույզ։ Իսկ դրանց կողքին կկանաչեն մի քանի տեսակի ընկույզի ծառեր։

Ծառերը լիարժեք բերք կտան մինչև 2025թ-ը. բերքի տարեկան ծավալը կհասնի 8 հազար տոննայի։ Նշանակում է` Հայաստանը կդառնա ընկույզի ոչ մեծ, բայց նկատելի արտահանող, հավելեց արաբ գործարարը։

Հիմա այգիներում ձմռանն աշխատում են 50 մարդ, ամռանը` 100։ Իսկ ժամանակի ընթացքում աշխատողների թիվն ուզում են հասցնել 500-ի։

loading...