ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ նշանակեց Տաթևիկ Ռևազյանին:
Քաղավիացիայի նոր նախագահը 30 տարեկան է, ծնվել է Երևանում: 1993 թվականին ընտանիքով տեղափոխվել են Դանիա: Դանիայի Կոպենհագեն քաղաքում է մեծացել Տաթևիկ Ռևազյանը: Մագիստորսի երկու աստիճան ունի՝ Ստոկհոլմի տնտեսագիտության դպրոցում սովորել է միջազգային կառավարում, երկրոդ մասնագիտությունն է՝ Նորարարության բիզնեսի զարգացում և կառավարում:
– Տաթևիկ, ի՞նչ մասնագիտացում ունեք և մինչ այս ինչո՞վ եք զբաղվել:
– Եթե ուսանողական տարիներն էլ հաշվի առնենք՝ ավիացիայի ոլորտում համարյա տասը տարվա փորձ ունեմ: Կոպենհագենի օդնավակայանում եմ աշխատել, «Կառավարական ազդեցությունը օդանավակայաններում» թեմայով թեզ եմ գրել, համեմատել եմ «Զվարթնոց» և «Կոպենհագեն» օդանավակայանները: Աշխատել եմ momondo ընկերությունում՝ ցանց է, որտեղ ավիատոմսերի գներն են համեմատում: Սկզբում զբաղվում էի ռուսական շուկայով, իսկ դրանից հետո, արդեն միջազգային մակարդակով, աշխատում էի բոլոր մեծ պարտնյորների հետ: Մինչ այս FLYR-ում էի աշխատում: Ինձ համար այնտեղ աշխատելը շատ հետաքրքրիր էր, որովհետև մի փոքր ուսումնասիրելով՝ հասկացա, որ այնտեղ ամբիցիոզ մարդիկ են աշխատում: Ինձ առաջարկեցին, որ իրենց ավիաընկերությունների արտադրանքը ներկայացնեմ: Նրանք ուզում էին, որ Եվրոպայում օֆիս բացեմ, ես էլ բացատրեցի, որ դեռ թիմ չունեմ, առաջարկեցի Երևանում թիմ ստեղծել, ասացի՝ ձեզ համար ի՞նչ տարբերություն՝ ես Կոպենհագենում եմ նստած աշխատում, թե՞ Երևանում: Ուզում էի տեղափոխվել այստեղ, իրենք ինձ թույլ տվեցին: 2017 թվականից ես Հայաստանում եմ ապրում: Հայաստանում ինժեներական թիմ հավաքեցինք, հիմա հինգ հոգանոց թիմ ունենք:
– Իսկ քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահը դառնալուառաջարկն ինչպե՞ս ստացաք:
– Ուզում էի աշխատանքային խումբ ստեղծել և կողքից կամավորական ձևով օգնել, ուղղություն ցույց տալ քաղավիացիային և «Զվարթնոց»-ին: Միակ միտքը դա էր: Երբեք մտքովս չէր անցնի, որ ինձ առաջարկ կարվի, որ ինքս այդ գործով զբաղվեմ: Մինչ այդ էլ կամավորական ձևով իրենց օգնել եմ, որովհետև ուզում էի, որ Հայաստանի ավիացիան զարգանա: Գնացի Կառավարություն՝ հանդիպման, որպեսզի ներկայացնեմ աշխատանքային խումբ ստեղծելու իմ գաղափարը, հանդիպեցի փոխվարչապետ Տիգրան Ավինյանի հետ, խնդրեց ինքնակենսագրականս ուղարկեմ: Ուղարկելուց հետո, մոտ վեց անգամ հանդիպել եմ իրենց, այնպես չէր, որ հեշտ, առանց ոչ մի բանի ստացվեց: Ինձ լիքը հարցեր են տվել, օրինակ, թե ինչպես եմ ես պատկերացնում ոլորտը, ինչպես եմ ուզում այն զարգացնել: Ես ներկայացրեցի և՛ Հայաստանում և՛ դրսում իմ փորձը: Մանրամասն խոսել ենք: