Հայկական ֆուտբոլում ստեղծված լարված իրավիճակը կարծես թե թևակոխում է հանգուցալուծման փուլ: Սեպտեմբերի երկրորդ տասնօրյակում տեղի կունենան Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի ընտրություններ, որին գործող նախագահ Ռուբեն Հայրապետյանն ըստ ամենայնի չի մասնակցի:

«Եթե Արթուր Վանեցյանը առաջադրվի, ես չեմ առաջադրվի: Ես կոչ կանեմ ինձ ընտրել ցանկացողներին ընտրել նրան, և կլինի այն, ինչ կլինի: Թող քանի հոգի ուզում է դնի Արթուր Վանեցյանի հետ՝ կտեսնեք»,- երեկ 3 լրատվամիջոցների հետ զրույցում ասել էր ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը: Վերջինս կարծում է, որ ԱԱԾ տնօրենը կարող է արդյունավետ աշխատել ՀՖՖ-ում և պայքարել պայմանավորված հանդիպումների դեմ:

«Եթե Արթուր Վանեցյանն իրականում ցանկանում է դառնալ ֆեդերացիայի նախագահ, ես գտնում եմ, որ դա լավագույն լուծումն է: Հավատացեք ինձ: ՀՖՖ նախագահը պետք է լինի իշխանության հետ անմիջական կապ ունեցող մարդ, դա իմ անձնական կարծիքն է: Իմ աշխատանքային փորձը ցույց է տալիս, որ կան հարցեր, որոնք ունեն արագ լուծումների կարիք: Չունես իշխանությունների հետ անմիջական կապ, շատ հարցեր մնում են: Այժմ այդ խնդիրների առջև կանգնած ենք: Արթուր Վանեցյանին համարում եմ լավագույն թեկնածուն: Պայմանավորված խաղերը նրա ղեկավարության դեպքում կբացառվեն»,- նշել էր Հայրապետյանը:

Վերջինիս հայտարարությունը ստիպում է ենթադրել, որ ՀՖՖ հաջորդ նախագահը, այնուամենայնիվ, լինելու է հենց ԱԱԾ տնօրենը: Ու հիմա գնդակը Արթուր Վանեցյանի մոտ է: Թե ինչ կտան սպասվող փոփոխությունները հայկական ֆուտբոլին՝ ցույց կտա ժամանակը: Բայց այն, որ 2002 թվականից հաստատված ռեժիմը կարծես թե փլուզվում է, միանգամայն դրական և հուսադրող իրողություն է: Հասարակությունն այժմ սպասում է Վանեցյանի քայլին, որը վերջնականապես կբացառի Ռուբեն Հայրապետյանի վերարտադրությունը ՀՖՖ նախագահի պաշտոնում:

«Արթուր Վանեցյանի առաջադրման հարցը քննարկելու և վերլուծելու կարիք ունի, ինչից հետո ԱԱԾ ղեկավարը կներկայացնի իր դիրքորոշումը»: Այս մասին այսօր «Ազատության» հետ զրույցում ասել է ԱԱԾ խոսնակ Սամսոն Գալստյանը: Նա նշել է նաև, որ այս պահին Վանեցյանը ձեռնպահ է մնում իր դիրքորոշումը հրապարակելուց: Բնական է, որ պատասխանատու առաքելությունը ստանձնելուց առաջ հարկավոր է վերլուծել և գնահատել իրավիճակը:

Ստեղծված իրավիճակում, սակայն, Արթուր Վանեցյանի հապաղումը կարող է ծանր հետևանքներ ունենալ մեր ֆուտբոլի համար: Օգոստոսին մեկնարկելու է Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնությունը, որը հայկական ֆուտբոլի, այսպես կոչված, մայր մրցաշարն է: Նախօրեին Երևանի «Փյունիկ» ակումբի նախագահ Արթուր Սողոմոնյանը հայտարարել էր, որ իրենք մի քանի այլ ակումբների հետ մտադիր են ՀՖՖ-ից անկախ պրոֆեսիոնալ լիգա ստեղծել: 5-6 թիմեր այսօր ուղղակի չեն ցանկանում մասնակցել Ռուբեն Հայրապետյանի գլխավորած ՀՖՖ-ի հովանու ներքո անցկացվող մրցաշարերին: Գյումրիի «Շիրակ» ակումբը բազմիցս է հայտարարել, որ Հայաստանի առաջնությանը կմասնակցի միայն Ռուբեն Հայրապետյանի և նրա աշխատակազմի հեռանալու դեպքում:

Արթուր Վանեցյանի առաջադրվելու, ինչպես նաև Ռուբեն Հայրապետյանի՝ ընտրություններին չմասնակցելու մասին հայտարարությունը զգալիորեն կփոխի իրավիճակը: «Շիրակի» և մյուս ակումբների Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնությանը մասնակցելն այսօր ուղղակի անհրաժեշտություն է: Եթե կան փոփոխությունների լուրջ նախադրյալներ, Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության տապալումն ուղղակի անթույլատրելի է:

«Նշեմ, որ դիմել եմ գործկոմին, որպեսզի ընդառաջեն, ու «Շիրակը» վերադառնա Բարձրագույն խումբ»,- երեկ նշել էր Ռուբեն Հայրապետյանը: Փաստորեն «Շիրակը», այնուամենայնիվ, Բարձրագույն խմբի առաջնությանը մասնակցելու հայտ ներկայացրել է՝ հույս ունենալով, որ ֆուտբոլի ֆեդերացիայում տեղի կունենան փոփոխություններ: Ու հիմա եթե մոտ օրերս վերջնական հստակեցում լինի սպասվող փոփոխությունների վերաբերյալ, կարող ենք ունենալ 9 թիմանոց Բարձրագույն խմբի առաջնություն:

Վանեցյանի՝ ՀՖՖ նախագահի ընտրություններում առաջադրվելու մասին հայտարարությունը կարևոր է նաև Հայաստանի ազգային հավաքականի համար: Հիշեցնենք, որ սեպտեմբերի 6-ին մեկնարկելու է Ազգերի լիգայի խաղարկությունը, որը մեզ համար հիանալի հնարավորություն է Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլում հայտնվելու: Երկրպագուների շարքերում խոսակցություններ են շրջանառվում, որ Ռուբեն Հայրապետյանի՝ ՀՖՖ նախագահի պաշտոնից հեռանալու պարագայում Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնից կհեռանա Վարդան Մինասյանը: Սա կարևորագույն մի հարց է, որը պահանջում է արագ հստակեցում:

Անհրաժեշտ է, որ Հայրապետյանի՝ ընտրություններին չմասնակցելու պարագայում հստակ որոշում կայացվի նաև ազգային հավաքականի գլխավոր մարզչի հարցով: Պարզից էլ պարզ է, որ Մինասյանը պետք է շարունակի աշխատանքը՝ անկախ փոփոխություններից: Մեր ազգային թիմն առանց այն էլ ծանր իրավիճակում է, և ավելորդ ցնցումները կարող են Ազգերի լիգայում տապալվելու պատճառ դառնալ: Մինասյանն այն մասնագետն է, որը կարող է ոտքի կանգնեցնել Հայաստանի հավաքականը: Կարճ ասած՝ ժամանակը քիչ է, և ֆուտբոլային կոլապսը հաղթահարելու համար անհրաժեշտ են արագ և միևնույն ժամանակ ռացիոնալ լուծումներ:

 
loading...