Ռուբեն Շուխյանի ֆեյսբուքյան գրառումը. «Ամբողջ խնդիրը, կարծում եմ, նրանում է, որ մինչ հիմա դեռևս Հայաստանը Ռուսաստանի կողմից ընկալվում է ոչ թե որպես լիարժեք անկախ պետականություն ունեցող առանձին երկիր, այլ ընդամենը որպես, այսպես ասենք, խորհրդային նախկին հանրապետության կարգավիճակում գտնվող, ոչ ինքնիշխան աշխարհագրական մի տարածք: Իհարկե, դրան մեծապես նպաստել է Հայաստանի նախկին իշխանավորների կողմից տարվող այդ ամենն էլ ավելի խորացնելու քաղաքականությունը:

Ինչպե՞ս վերջապես դուրս գալ խորհրդային հանրապետություն ընկալվելու այդ սխալ կարծրատիպից՝ հիմա դա Հայաստանի առջև ծառացած ամենադժվարին հարցերից մեկն է: Սա գլոբալ հարց է, որն առաջին հերթին առնչվում է մեր երկրի անվտանգության խնդիրների հետ, և դա կրկին անգամ ապացուցեցին ռուսական ռազմաբազայի շուրջ տեղի ունեցած վերջին հայտնի իրադարձությունները:

Պետք է հասկանալ, որ ռուս-հայկական միջպետական հարաբերությունների հիմնական խնդիրը հենց այստեղից է գալիս, և եթե ռուսական կողմի այս թյուրըմբռնումը հնարավոր եղավ խաղաղ, համբերատար կերպով և համատեղ ջանքերով շտկել, ապա դա միանշանակորեն դրական է լինելու հավասարապես և՛ Հայաստանի, և՛ Ռուսաստանի համար: Այլապես՝ ամեն ինչ մնալու է անկանխատեսելիության տիրույթում»:

loading...