Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը բացեիբաց հայտարարում է, որ հիմնախնդրի լուծման միակ ճանապարհը ռազմականն է: Դա արվել է միջազգային հանրության առաջ: Նկատելի է դարձել զրահատանկային, տանկային ստորաբաժանումների ընդգրկումը զորավարժություններում: Այդ բոլորը մեր կողմից վերահսկվել է, որոշ ուղղություններում տեսանելի եղել: Այս մասին այսօր Արցախում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Պաշտպանության բանակի հրամանատար Լևոն Մնացականյանը:

«Իրենց մոտ շարունակվում են ինժեներական աշխատանքները: Իսկ հրադադարի ռեժիմը նախորդ տարիների նկատմամբ կտրուկ նվազել է: Երեկվա տվյալներով՝ կրակել են 200 փամփուշտ: Առաջնային գծում իրադրությունը կայուն հանգիստ է, բայց լի է հնարավոր լոկալ դեպքերից լայնամասշտաբ գործողությունների անցմամբ: Հիմա իրենց մոտ իրականացվում են սպասարկման աշխատանքներ, և հնարավոր աճը կարող է լինել սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին: Կրկնում եմ՝ հնարավոր է: Նման հանգիստ վիճակ երբևիցե չի եղել: Այս պահին կան կուտակումներ հյուսիսային և հարավային հատվածներում, մեր կողմից վերահսկվում է: Հնարավոր է ցանկացած սադրանք, մասշտաբի մասին չեմ կարող ասել: Ցանկացած փոքր միջադեպ կարող է վերածվել լայնածավալ գործողությունների: Մենք բոլոր զարգացումներին պատրաստ ենք՝ լինի լոկալ, թե լայնամասշտաբ»,- շեշտեց հրամանատարը:

Ինչ է անում ՊԲ-ն այս ուղղությամբ: Նախարարի տեղեկացմամբ՝ ՊՆ-ն շարունակում է բոլոր ուղղություններով վերահսկել ու շարունակել որդեգրած քաղաքականությունը: «Մեզ համար առաջնահերթություն են առաջնային գոտում աշխատանքները՝ ինժեներական, տեսահսկման համակարգերի տեղադրումը և այլն: Մենք աշխատել ենք նաև զինվորական կարգապահության ամրապնդման վրա և ունենք շոշափելի առաջխաղացում»,- հակիրճ ներկայացրեց ՊԲ հրամանատարը:

Նախարարի խոսքով՝ այսօր առաջնագծում չկա մի հատված, որը տեսանելի չէ համապատասխան ցերեկային և գիշերային տեսահսկման սարքերով:

loading...