Ռուբեն Շուխյանի հրապարակումը.

Կարևոր շեշտադրումներ՝ Նախիջևանի հարցում.

Հայաստանի պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը EADaily պարբերականին տված հարցազրույցում կարևոր շեշտադրումներ է արել Նախիջևանի առնչությամբ: Նա ասել է. «Ադրբեջանական զորքերի կուտակումների և ակտիվացման մասին հաղորդագրությունները և նման գործընթացներ նկատվում են ոչ միայն արցախա-ադրբեջանական զորքերի շփման գծում, այլև Հայաստանի և Ադրբեջանի պետական սահմանին, մասնավորապես Նախիջևանի ուղղությամբ: Ադրբեջանի վարքը ոչ այլ ինչ է, քան ուժի կիրառման սպառնալիք»: Սա կարևոր է այն իմաստով, որ տարիներ շարունակ մեր պաշտոնատար անձինք հիմնականում խուսափում էին անմիջապես Նախիջևանին վերաբերող հարցերի շուրջ խոսել:

Դավիթ Տոնոյանն այսպես է շարունակել. «Հատկապես մտահոգությունների տեղիք է տալիս ադրբեջանական զորքերի ակտիվացումը Նախիջևանի ուղղությամբ, որտեղ մինչ օրս համեմատական հանգիստ էր տիրում: Այդ հատվածում ռազմական սադրանքի ցանկացած դրսևորում հղի է մեծ ճգնաժամի հրահրմամբ, որը կազդի նաև տարածաշրջանային մյուս խաղացողների վրա: Այդուհանդերձ, հաշվի առնելով Հայաստանի դիրքորոշման ամբողջ կառուցողական բնույթը, չեմ ցանկանում, որպեսզի ձեզ մոտ տպավորություն ստեղծվի, որ Հայաստանը խաղաղություն խնդրող է»: Ինչպես նշել է նախարարը՝ հայկական կողմը կարող է և զերծ չմնալ իր ունեցած ողջ զինանոցը կիրառելու «գայթակղությունից»՝ հակառակորդին վճռական և մասշտաբային դիմադրություն ցույց տալու համար:

Հայտնի փաստ է, որ մինչ 1920-ին Հայաստանի անկախության կորուստը Նախիջևանի երկրամասը Հայաստանի Հանրապետության անբաժան մասն է հանդիսացել, և դրանից հետո չկա միջազգային իրավական նորմերին համապատասխանող որևէ փաստաթուղթ, որը որ կամրագրի ներկայիս Նախիջևանի ենթակա լինելը անկախ Ադրբեջանի կազմում: Կարծում ենք, սա կարևոր հարց է, որը հայկական կողմը պետք է այսուհետ բարձրացնի, քանի որ մեր տարածաշրջանում հնարավոր չէ լիարժեք և վերջնական խաղաղության հասնել առանց Նախիջևանի հարցի համապարփակ և բազմակողմանի իրավական լուծման:

Կարևոր է նաև հստակ ուրվագծումը, որ եթե հանկարծ ոտնձգություն լինի Նախիջևանի տարածքից Հայաստանի ուղղությամբ, ապա դա կնշանակի, որ Ադրբեջանն իր այդ արկածախնդրության մեջ է ներքաշելու նաև Թուրքիային, որն ի դեպ ներկայումս երկակի վիճակում է գտնվում՝ մի կողմից այդ երկիրը ՆԱՏՕ-ի անդամ է, իսկ մյուս կողմից՝ ՀԱՊԿ-ի անդամ Ռուսաստանի ռազմավարական գործընկերը: Նախարարը նշել է. «Հայաստանի համար անհանգստության հիմնական աղբյուրը Թուրքիայի և Ադրբեջանի միջև ռազմական դաշինքն է: Տվյալ դաշինքի քաղաքականությունն ուղղված է Հայաստանի ազգային անվտանգության դեմ: Անկասկած, նշված երկու երկրների համագործակցությունը սպառնալիք է մեզ համար, հատկապես հաշվի առնելով այն հանգամանքը, որ Ադրբեջանը բացահայտ կերպով Հայաստանին սպառնում է պատերազմով, իսկ Թուրքիան ամեն կերպ աջակցում է Բաքվի ռազմատենչ մտադրությունների իրագործմանը»:

loading...