Հուլիսի 8-ին կայացավ «Միսս Հայուհի» գեղեցկության մրցույթը, որի հաղթող ճանաչվեց 24-ամյա Արենա Զեյնալյանը՝ Թեհրանից: Այսօր Life.panorama.am-ը զրուցել է գեղեցկուհու հետ, ով դեկտեմբերին Հայաստանը կներկայացնի «Միսս աշխարհ» հեղինակավոր մրցույթում:

– Արենա, վստահ եմ, որ երբ հնչեց Ձեր անունը՝ որպես «Միսս Հայուհի 2018», զգացողությունները շատ բուռն էին: Հիմա, երբ ժամանակ է անցել եւ հաղթանակն էլ սառն եք դատում, ինչպիսի՞նն են զգացողությունները:

– Այո, ճիշտ եք, երբ հնչեց անունս՝ որպես հաղթող, շատ հուզվեցի, դա իսկապես մեծ անակնկալ էր ինձ համար, սիրտս շատ արագ էր աշխատում: Հիմա անգամ դժվարությամբ եմ հիշում այդ պահը, քանի որ այդչափ հուզված էի. զգացողություններս անբացատրելի էին: Իսկ այժմ շատ մեծ պատասխանատվություն եմ զգում, շատ լավ եմ հասկանում, որ պետք է արժանի լինել այս կոչմանն ու լինել պատրաստ թե հոգեպես, թե ֆիզիկապես: Անշուշտ, հիմա լինում են նաեւ դժվար օրեր, անքուն գիշերներ, բայց ես ամեն կերպ փորձում եմ ըստ արժանվույն ներկայանալ եւ պատրաստ լինել նաեւ «Միսս աաշխարհ» հեղինակավոր մրցույթում Հայաստանը ներկայացնելուն, նաեւ աշխատում եմ անգամ ծանրաբեռնված օրերին հաճույք ստանալ այս ամենից:

– Գրեթե ցանկացած մրցույթիից հետո մասնակիցները տարատեսակ ասեկոսեներ են տարածում ու կասկածի տակ վերցնում ժյուրիի արդարացի գնահատականը: Այս անգամ եւս նման սցենար հաջորդեց «Միսս Հայուհի 2018»-ին: Կասկածներ կան, թե Ձեր հաղթանակը նախապես որոշված էր: Այդ խոսակցությունները Ձեր վրա ազդեցություն ունենո՞մ են:

– Այդ խոսակցություններն իմ տրամադրությունն ընդհանրապես չեն գցում եւ անգամ ընդհակառակը՝ դրանք պատճառ են դառնում, որ ես ինձ ավելի ինքնավստահ զգամ, որովհետեւ այդպիսով նշանակում է, որ ես հենց սկզբից ֆավորիտ եմ եղել: Այդ ամենը ինձ ավելի մեծ ուժ են տալիս: Նման խոսակցությունները գուցե կանացի նախանձ եւ մանկական մտածելակերպ են որակվում, ամեն դեպքում, ուզում եմ, որ մարդիկ վերջ տան իրենց չարախոսությանն ու զբաղվեն իրենց սեփական կյանքով, լինեն բարի, չէ որ իրենց առջեւ դեռ շատ դռներ պետք է բացվեն: Մրցույթին պետք է ադեկվատ ու առողջ վերաբերել, ինքս հաստատ մեկ այլ մասնակցի հաղթանակի դեպքում լավը կմաղթեի նրան, կքաջալերեի եւ կասեի՝ գնա ու ըստ արժանվուն ներկայացիր «Միսս Աշխարհ»-ում, որովհետեւ այլեւս հաղթողը իր անվան համար չի միայն պայքարում, այլ երկրի:

– Ի դեպ՝ ինչպե՞ս որոշեցիք մասնակցել այս մրցույթին՝ հստակ գիտակցելով, որ հաղթանակի դեպքում, դուք պետք է գոնե մի որոշ ժամանակով տեղափոխվեիք Երեւան:

– Մրցույթին մասնակցելու որոշումը կայացրեցի դեռ անցյալ սեպտեմբերին, երբ «Միսս Հայաստան» մրցույթը նոր էր կայացել: Այն ժամանակ Հայաստանում էի եւ որոշեցի գնալ նրանց գրասենյակ, հանդիպեցի Գոհար Հարությունյանին, եւ նա էլ հուշեց, որ տվյալներ ունեմ ու կարող եմ հաջորդ տարի մասնակցել: Հետաքրքրականն այնն էր, որ ես գնացել էի գրասենյակ ուղղակի ծանոթության, բայց տեղում հենց որոշեցի, որ հաջորդ մրցույթին մասնակցելու եմ: Այն ժամանակ ես միայն մտածում էի մի բան՝ որքան լավ կլինի, որ ես՝ սփյուռքում ապրող մի հայ, կարողանամ որեւէ կերպ Հայաստանը ներկայացնել ինչ-որ հեղինակավոր բեմում: Փառք Աստծո, այդ շանսը տրվեց ինձ: Ինչ վերաբերրվում է Երեւան տեղափոխվելուն, իհարկե, ցանկացած պարագայում դժվար է տարիների ապրածդ տունը թողնել ու երկար ժամանակով տեղափոխվել, բայց ես ունեմ նպատակ, որի կողքին այդ հարցերը շատ փոքր են: Ես նպատակասլաց մարդ եմ եւ ուզում եմ առաջ գնալ, դրա համար ոչինչ չի կարող ինձ շեղել իմ ճանապարհից: Եվ անկախ ամեն ինչից՝ ես պարզապես խելագարվում եմ Երեւանի համար, միշտ էլ արձակուրդներս փորձել եմ այստեղ անցկացնել:

– Ի դեպ՝ Թեհրանում ինչո՞վ էիք զբաղվում:

– Ես մասնագիտությամբ կենսաբան եմ, բայց զբաղվում եմ ոսկերչական դիզայնով: Հայրս ոսկերիչ էր, եւ ես էլ մեծ սիրով շարունակում եմ նրա ուղին: Թեհրանի լավագույն ոսկերիչները հայեր են, եւ հիմա մեծ նպատակ ունեմ, որպեսզի կարողանամ հանդիպել ու համագործակցել մեր մեծ ոսկերիչների հետ:

– Արենա, դուք անթերի հայերեն եք խոսում այն դեպքում, երբ ծնվել ու մեծացել եք Թեհրանում: Հայերենին վարժ տիրապետելը ծնողների շնորհի՞վ է:

– Այո, ծնողներիս շնորհիվ: Ես 12 տարի սովորել եմ հայկական դպրոցում, բայց նախքան դպրոց գնալը՝ վարժ հայերեն գիտեի, քանի որ մեր տանը միշտ խոսել են հայերեն: Հայրս շատ խիստ հետեւում էր, որ մի բառ անգամ պարսկերեն չխոսենք, անգամ ես դպրոցում եմ պարսկերեն սովորել: Դրան զուգահեռ հաճախել եմ հայկական մշակութային կենտրոններ, հայկական եկեղեցի, ծնողներիս միջամտությամբ մենք միշտ եղել ենք հայկական մթնոլորտում: Ի դեպ՝ ես ու իմ ընտանիքը հրաշալի տիրապետում է ոչ միայն հայերենին, այլեւ շատ լավ տեղյակ է հայոց պատմությանը: Հենց այդ բոլոր հանգամանքներն էլ պատճառ են դարձել, որ ես դեռ փոքրուց շատ եմ սիրել իմ հայրենիքը:

loading...