Ադրբեջանական Թարթառի շրջանի Ջամիլլի գյուղի բնակիչ և Թարթառի շրջանի զորամասերից մեկում պայմանագրային զինծառայող, վարորդ Սեխվեթ Բիննեթովի կինը ամուսնու սպանության վերաբերյալ մանրամասներ է ներկայացրել:
Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է ադրբեջանական meydan.tv-ն:
Սեխվեթ Բիննեթովի կինը՝ Խավար Հագվերդիևան նշել է, որ իր ամուսինը սպանվելուց հետո անմեղ է ճանաչվել:
Խավար Հագվերդիևան հայտնել է, որ իր ամուսինը 2017 թ. մայիսի 8-ին գնացել է աշխատանքի և տուն չի վերադարձել: Նրա փոխանցմամբ՝ զորամասից տեղեկացրել են, որ ամուսնուն ձերբակալել և տարել են դիմակավորված անձինք, և պարզ չի եղել, թե ովքեր են եղել ձերբակալողները:
Կնոջ փոխանցմամբ՝ մայիսի 16-ին բերել են ամուսնու դին և հայտնել, որ նա «հայրենիքի դավաճան է եղել և ծախվել է», չթույլատրելով բացել դիակը:
Զինվորականի կինը նշել է, որ ամիսներ անց իրավապահ մարմինները խոստովանել են, որ իր ամուսինը անմեղ է եղել, և որ այս գործով տրված վկայություններում նրա անունը չի եղել:
2017 թ. մայիսի 7-ին Ադրբեջանի գլխավոր դատախազությունը, Պաշտպանության նախարարությունը, ներքին գործերի նախարարությունն ու պետական անվտանգության ծառայությունը հայտնել էին, որ մի խումբ զինվորականներ և քաղաքացիական անձինք մեղադրվում են հայկական հետախուզական ծառայության հետ համագործակցելու մեջ:
Այս գործով ձերբակալվել էր ընդհանուր առմամբ 10 անձ: Ադրբեջանական լրատվամիջոցներում տեղ գտած տեղեկությունների համաձայն` մնացած 9 անձանցից ոչ ոք ներկայումս կենդանի չէ և նրանց նկատմամբ իրականացվել են արտադատարանական մահապատիժներ:
Եվրոպայի խորհրդի խոշտանգումների կանխարգելման կոմիտեն (ԽԿԿ) հուլիսի 18-ին հրապարակել էր 2004, 2012, 2013, 2015, 2016, 2017 թթ. Ադրբեջան կատարած այցերի վերաբերյալ զեկույցը:
ԽԿԿ-ի զեկույցում նշվում էր, որ կոմիտեի տպավորությամբ Ադրբեջանում շարունակում է տարածված և էնդեմիկ մնալ ոստիկանության, այլ իրավապահ մարմինների և բանակի կողմից մարդկանց նկատմամբ իրականացվող խոշտանգման դեպքերը, ֆիզիկական վատ վերաբերմունքի այլ ձևերը, ամբողջ իրավապահ համակարգում կոռուպցիայի և անպատժելիության մթնոլորտը:
Զեկույցում անդրադարձ էր կատարվել նաև վերոնշյալ զինվորականների հարցին և նշվել, որ զինվորականները, Թարթառի զորամասերում պահվելուց հետո, տեղափոխվել են Մինգեչաուրի շրջանի չգործածվող զորամասեր, պահվել և խոշտանգումների ենթարկվել զինվորական ոստիկանության կողմից: