Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանավորումը փոխելու վերաբերյալ նրա պաշտպանների բողոքը պետք է մերժվի, սա ելնում է գործի շահերից․ Հանրային հեռուստատեսության «Օրակարգից դուրս» հաղորդման ժամանակ ասել է ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը: Նա կարծում է, որ ՀՀ երկրորդ նախագահը, ազատության մեջ գտնվելով, կարող է խոչընդոտել գործի քննությանը՝ հաշվի առնելով պաշտոնական դիրքը, սոցիալական կապերը:
ՀՔԾ պետը հայտնել է, որ Ռոբերտ Քոչարյանը, որպես մեղադրյալ, հրաժարվել է ցուցմունք տալ, չի մասնակցել քննչական գործողությունների: «Նա պարզապես չի ցանկացել և լքել է քննչական գործողության սենյակը և, իմ կարծիքով, դա հարիր չէր նրան, և որևէ կերպ ցուցմունք չտալը չի կարող մեկնաբանվել ի վնաս մեղադրյալի, սակայն այն հայտարությունները, որն արեց Քոչարյանը որպես մեղադրյալ ներգրավվելուց հետո, չեն համապատասխանում այն գործողություններին, որը նա հիմա դրսևորում է»,- ասել է ՀՔԾ պետը:
Խափանման միջոց կալանավորումը միակն է, որն ի զորու է ապահովել մեղադրյալ Ռոբերտ Քոչարյանի պատշաճ վարքագիծը։ Հանրայինի եթերում Սասուն Խաչատրյանի ներկայացրած այլ մանրամասներ առավել քան համոզիչ են դարձնում նրա պնդումները։
Սասուն Խաչատրյանն անդրադարձել է հայտնի հույժ գաղտնի թիվ 0038 հրամանին:
ՀՔԾ պետը նշել է, որ այդ չարաբաստիկ հրամանը, մինչև հուլիս ամիսը պաշտոնական տվյալներով քրեական գործում չի եղել, չնայած որ դրա մասին անընդհատ խոսվել է: «Պատահական չի, որ այս հրամանը չի եղել այս գործում, սա ինքնին լուրջ հիմք է, այն խոսում է այն մասին, որ զինված ուժերը ներգրավված են եղել «Մարտի 1»-ի գործում, ընդ որում դրանք ներգրավվել են ոչ թե հենց մարտի 1-ին»,-հավելել է նա, ապա նշել, որ այդ հրամանով, պաշտպանական կողմի խոսքով, զորքը բերվել է պատրաստի վիճակի:
«Ինձ համար անհասկանալի է, որ պաշտպանական կողմն, ունենալով այս նույն հրամանը, այդպիսի հայտարարություններ է անում, թե զորքը մնալու էր զորանոցում»,-ասել է ՀՔԾ պետը:
Այդ հրամանի 3-րդ կետով հրամայվել է ՀՀ ՊՆ ԶՈւ վարչությունների պետերին ու բանակային կորպուսների հրամանատարներին ստեղծել բարձր շարժունակության բարդ իրավիճակներում արդյունավետ գործելու ունակ հավաքական ստորաբաժանումներ, ըստ դասակների կազմակերպել, զինել հրաձգային զենքով, իսկ 10-րդ կետով նախատեսված է, որ այս ստորաբաժանումները պետք է համալրվեն առավելապես պատրաստված, հոգեպես կայուն ենթասպաներով ու զինծառայողներով: «Ինձ մոտ տպավորություն է ստեղծվում, որ կազմավորել են հատուկ խմբեր, որոնք ինչ-որ դիվերսիոն գործողություններ պետք է կազմակերպեին «թշնամու» թիկունքում»,-նշել է Սասուն Խաչատրյանը:
Դիտարկմանը, թե սա չի փաստում, որ որևէ գործողություն եղել է ՊՆ զենքերով, ինչի մասին երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն է հայտարարել, Սասուն Խաչատրյանն արձագանքել է, որ Ռ. Քոչարյանը չէր կարող իմանալ՝ արդյոք զենքերն օգտագործվել են, թե ոչ: «1700-ից ավել պարկուճ է առգրավվել, իդենտիֆիկացվել է 1400-ը, 300-ը չի իդենտիֆիկացվել: Հույս ունեմ, որ կկարողանանք գտնել սպանությունները կատարած անձանց»,-ասել է նա՝ խոստանալով նոր բացահայտումներ:
Կարծում ենք՝ 0038 հրամանի մասին նոր բացահայտումները հուշում են, որ գործ ենք ունեցել սահմանադրական կարգի տապալման կազմակերպված գործողությունների հետ, որն անձամբ համակարգել ու ղեկավարել է Ռոբերտ Քոչարյանը։ Պաշտպանական կողմի բոլոր փաստարկները հօդս են ցնդում ՀՔԾ-ի տրամադրության տակ եղած կոնկրետ փաստերի համատեսքստում։ Ավելին, Ռոբերտ Քոչարյանի իշխանությունը Հայաստանի ժողովրդի դեմ իրականացրել է թշնամական գործողություններ, որոնք ծրագրվել են դեռ փետրվարի 23-ին, երբ Լևոն Տեր-Պետրոսյանի կողմնակիցները խաղաղ հանրահավաքներ էին անցկացնում Ազատության հրապարակում։
Ավելին՝ Մարտի 1-ի գործով ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանին այսօր մեղադրանք է առաջադրվել, բայց ոչ սահմանադրական կարգը տապալելու հոդվածով: «Ըստ Wikileaks-ի՝ Սահմանադրական դատարանի դատավոր Վալերի Պողոսյանի նկատմամբ ճնշում է եղել, նա բողոքել է, ասել է՝ Ռոբերտ Քոչարյանի աշխատակազմից իր վրա ճնշում է եղել, որ ինքը կայացնի Սերժ Սարգսյանին օգտին որոշում: Այս վիկիլիքսյան հրապարակումը հիմնավորվեց. Արմեն Գևորգյանը մեկ այլ պաշտոնյայի հետ միասին, փորձել է ճնշում գործադրել ՍԴ դատավոր Վալերի Պողոսյանի վրա: Նրան մեղադրանք է առաջադրվել արդարադատության իրականացմանը խոչընդոտելու համար՝ 332 հոդվածի 3-րդ մասով: Դա ծանր հանցանք է և մինչև 6 տարվա ազատազրկում է նախատեսում: Խափանման միջոցը ստորագրությունն է՝ չհեռանալու մասին»,- ասել է Սասուն Խաչատրյանը:
Արմեն Գևորգյանը 2008-ի իրադարձությունների ժամանակ եղել է Ռոբերտ Քոչարյանի աշխատակազմի ղեկավարը, Անվտանգության խորհրդի քարտուղարը։ Գևորգյանը ՍԴ-ի վրա ճնշում է բանեցրել, որպեսզի վերջինս մերժի Լևոն Տեր-Պետրոսյանի հայցն՝ ընտրություններն անվավեր ճանաչելու վերաբերյալ։ Կասկածից վեր է, որ Գևրորգյանը գործել է իր անմիջական ղեկավար Ռոբերտ Քոչարյանի ցուցումով, ըստ այդմ՝ Մարտի 1-ի գործով Քոչարյանի մեղադրանքը կարող է խստացվել։
Ուշագրավ է, որ ՍԴ նիստը տեղի է ունեցել արտակարգ դրության պայմաններում և խիստ արժանահավատ է թվում այն վարկածը, որ իշխանությունները կազմակերպել են Մարտի 1-ի ոճիրը՝ հենց ՍԴ ցանկալի որոշումը կանխորոշելու նպատակով։