Մարտի 1-ի գործով Ռոբերտ Քոչարյանի կալանավորումն էական շրջադարձ էր Հայաստանի ներքաղաքական կյանքում։ Երկրորդ նախագահը նշանային ֆիգուր է՝ հանդիսանալով քրեաօլիգարխիայի փաստացի առաջնորդը, մյուս կողմից՝ Մարտի 1-ը համակարգաստեղծ հանցագործություն է, որը մագնիսի դեր է կատարում բոլոր այն ուժերի համար, որոնք պատասխանատվության իրենց բաժինն ունեն գործընթացում։ Պատահական չէ, որ Քոչարյանի գործոնը փոխեց ներքաղաքական կոնֆիգուրացիան՝ անգամ կալանավորված նախագահին դարձնելով ներքաղաքական հակադրության հիմնական կողմ, սուբյեկտ։

ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն Քոչարյանի ճամբարին ինտեգրվեցին կամ նրա առջև կապիտուլացվեցին անմիջապես՝ փաստորեն օպերատիվ արձագանքելով քաղաքական իրողությունների փոփոխություններին։

Քոչարյանի գործոնը, սակայն, ամենից շատ շոշափում է ԲՀԿ-ի շահերը, ընդ որում՝ այստեղ խնդիրը ոչ այնքան այս կուսակցության պատմությունն է, որի ակունքներում կանգնած է երկրորդ նախագահը, կամ այն փաստը, որ Ծառուկյանի թիկնազորն ակտիվ մասնակցել է Մարտի 1-ի արյունոտ իրադարձություններին, այլ առաջին հերթին այն, որ ԲՀԿ-ն ինքն էր մտադիր այլընտրանք մարմնավորել Նիկոլ Փաշինյանի կառավարությանը՝ իր քաղաքական օրակարգում մեծ կարևորություն տալով Երևանի ավագանու և խորհրդարանի արտահերթ ընտրություններին։ Ռոբերտ Քոչարյանն այս հարթության մեջ փաստորեն մրցակից է Գագիկ Ծառուկյանին, նույնիսկ կարելի է պնդել, որ ի դերև է անում նրա քաղաքական ծրագրերը։ Նաև այս հանգամանքով է պայմանավորված ԲՀԿ ընդգծված սառնությունը Ռոբերտ Քոչարյանի կալանավորման հարցում։

Վարդան Բոստանջյանն առաջին անգամ չէ, որ հրապարակավ հակադրվում է ԲՀԿ պաշտոնական տեսակետին, սակայն Քոչարյանի հարցով նրա տեսակետը կուսակցությունում չներվեց, ինչի հետևանքով Ծառուկյանի երկարամյա թիմակիցը վայր դրեց մանդատը։ Նման կատեգորիկ մոտեցումը բացատրելի է միայն այն պարագայում, եթե Բոստանջյանի քայլն ուղղակիորեն հարվածել է Ծառուկյանի շահերին։ Տվյալ դեպքում նման իրավիճակ կա, որովհետև Բոստանջյանը լեգիտիմացրել է Քոչարյանի այլընտրանքի գաղափարը՝ Ծառուկյանի հավակնությունների, նրա ցանկությունների ու քաղաքական օրակարգի հաշվին։

Գևորգ Պետրոսյանը կուսակցության առաջնորդի կամ ղեկավարության հետ հակադրվել է միանգայն այլ, թվում է՝ լոկալ հարցում։ Սակայն այնպիսի տպավորություն է, որ ԲՀԿ-ից դուրս գտնվող մի կենտրոն ինֆորմացիոն, իրադարձային տարբեր առիթներով կասկածի տակ է դնում ԲՀԿ-ում Գագիկ Ծառուկյանի անվերապահ հեղինակության և ազդեցության հանգամանքը՝ կուսակցությունում անվերահսկելի իրավիճակ առաջացնելու նպատակով։

Քանի որ ԲՀԿ-ում ներքին խմորումները սկսվեցին Քոչարյանի կալանավորումից և քաղաքական հակադրության հիմնական սուբյեկտ դառնալուց հետո, հիմքեր ունենք մտածելու, թե ԲՀԿ-ում կառավարելի քաոսն ուղղորդվում է հենց Քոչարյանի շրջապատի կողմից։ Հասունացվում է ներկուսակցական գրեթե անխուսափելի ճգնաժամ, որի հանգուցալուծումը կարող է դառնալ ԲՀԿ-ի, այսպես կոչված, ինտեգրումը Ռոբերտ Քոչարյանին աջակցող ուժերի ճամբարին։ Ընդ որում՝ ընտրվել է ԲՀԿ-ն ներսից «պայթեցնելու» ամենահարմար ժամանակը, եթե նկատի ունենանք այն հանգամանքը, որ Գագիկ Ծառուկյանին քաղաքականությունից դուրս թողնելը նաև Նիկոլ Փաշինյանի թիմի առաջնահերթություններից մեկն է, տվյալ դեպքում՝ ռացիոնալ մոտիվով, հակաօլիգարխիկ քաղաքականության համատեքստում։

Թավշյա հեղափոխությունից հետո ԲՀԿ-ն անխուսափելիորեն ունենալու էր ադապտացիայի անհրաժեշտություն, և բացարձակապես փաստ չէ, որ կարողանալու է հաղթահարել այդ ֆորս-մաժորային իրավիճակը։ Համենայնդեպս, տպավորություն է, որ կուսակցության ներսում մեծանում է ինստիտուցիոնալ ճգնաժամը, ինչը համընկավ Քոչարյանի գործոնի ակտիվացման հետ։

Այս փաստն անուղղակիորեն հաստատվում է մեկ այլ տեղեկատվությամբ։ Այսօր երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը տեղեկացրել է, որ երկրի սահմանադրական կարգը տապալելու մեջ մեղադրվող Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանքը փոխելու ստորագրահավաքին այս պահին միացել է 45 պատգամավոր: Ակնհայտ է, որ ներկայումս ՀՀԿ խմբակցությունում փաստացի չկա 45 պատգամավոր, ու Քոչարյանի թիմը ակնարկում է, որ աջակցողներ ունեն նաև այլ խմբակցություններից։ Քոչարյանի գրասենյակը խոստանում է առաջիկա օրերին հրապարակել աջակցող պատգամավորների ցանկը։ Եթե դրանում լինեն ԲՀԿ անդամներ, ապա դա կլինի այն ականը, որը վերջնականապես «կպայթեցնի» ԲՀԿ-ն։

loading...