Յուրի Խաչատուրովի փաստաբանը երեկ ՀՔԾ-ից ստացել է իր պաշտպանյալի՝ երկրից դուրս գալու առնչությամբ դիմումի դրական պատասխանը, իսկ դա նշանակում է, որ ՀԱՊԿ առայժմ գործող գլխավոր քարտուղարը, որը Մարտի 1-ի գործով մեղադրյալ է և ազատության մեջ է գրավի դիմաց, կարող է մեկնել Մոսկվա՝ իր աշխատավայր։
Համաձայն ՀՀ օրենսդրության՝ Խաչատուրովի նկատմամբ սահմանված խափանման միջոցը՝ գրավը, չի համարվում խոչընդոտ երկրի սահմաններից դուրս գալու համար։ Սակայն նույն օրենսդրությունը նախատեսում է քննչական մարմնի համաձայնություն, ինչի համար էլ փաստաբանը դիմել էր ՀՔԾ։ Փաստաբանը պարզաբանել է, որ քննչական մարմնի համաձայնությունը ենթադրում է, որ Խաչատուրովը կներկայանա քննչական մարմնին առաջին իսկ պահանջով։ Չնայած օրենսդրությունը նախատեսում է նման ընթացակարգ, սակայն շատերն են տարակուսած, որ ՀՔԾ-ն Խաչատուրովին երկիրը լքելու թույլտվություն է տվել՝ հատկապես այն դեպքում, երբ Մարտի 1-ի գործով մեկ այլ մեղադրյալ՝ պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանը, հետախուզման մեջ է և, ամենայն հավանականությամբ, գտնվում է Ռուսաստանում։

Չկա որևէ երաշխիք, որ Խաչատուրովը կվերադառնա Հայաստան, մանավանդ՝ շատերը տեղի ունեցածը մեկնաբանում են անգամ դավադրության տեսության ժանրով՝ կարծիք հայտնելով, թե Խաչատուրովի հանդեպ ՀՔԾ-ի «հումանիզմը» բացատրվում է ռուսական կողմի ճնշմամբ, մասնավորապես՝ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հայտարարությամբ։ Այդպես է դա, թե ոչ՝ կդժվարանանք որևէ պնդում անել, որովհետև նախ՝ քննչական խումբը բավականաչափ բաց չի գործում, և, մենք, ըստ էության, շատ քիչ ենք տեղեկացված գործընթացից։ Չմոռանանք նաև, որ Մարտի 1-ի գործի քննությունը թեև իրավական գործընթաց է, բայց՝ քաղաքական ուժեղ բաղադրիչով, և այս երկու կոմպոնենտները՝ քաղաքական և իրավական, մեկը մյուսի վրա, անշուշտ, ազդում են: Հենց այս հանգամանքը էական է դարձնում քննության բացարձակ օրինական ընթացքը, որպեսզի դրա նկատմամբ լիակատար վստահություն լինի Հայաստանի հասարակության մեջ և արտերկրում։

Այսօր հասարակության գերակշիռ մեծամասնությունը հավատում է քննությանը, որովհետև վստահության մեծ պաշար կա գործող իշխանությունների հանդեպ։ Այսինքն՝ հանրային վստահության հիմքում քաղաքական բարենպաստ կոնյունկտուրան է, որը, սակայն, կարող է փոխվել ցանկացած իրավիճակում, իսկ դա նշանակում է, որ ժամանակի ընթացքում հասարակությունը կարող է բևեռացված մոտեցում ունենալ Մարտի 1-ի գործի քննության նկատմամբ՝ մանավանդ, որ քննության քաղաքական բաղադրիչն օբյեկտիվորեն գնալով ավելի է մեծանալու, ընդ որում՝ երկու կողմից էլ՝ պաշտպանության և մեղադրող կողմի:

Նման իրավիճակում մեծանում են ռիսկերը, որ Մարտի 1-ի գործը կարող է դառնալ քաղաքական կոնյունկտուրայի պատանդը՝ ազդվելով երկրում, նույնիսկ Հայաստանի շուրջ տեղի ունեցող նշանակալի իրադարձությունների տրամաբանությունից։

Երեկ «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում 1992-95թթ. Հայաստանի հատուկ դեսպան, ԱԱԾ նախկին տնօրեն Դավիթ Շահնազարյանն առաջարկել է մեխանիզմ, որը թույլ կտա Մարտի 1-ի քննության շուրջ ստեղծել հասարակության և միջազգային հանրության վստահության, այսպես կոչված, ինստիտուցիոնալ մեխանիզմ։ «Ռուսաստանի ռեակցիան մենք տեսանք, չեմ ուզում գնահատել Հայաստանի արձագանքի համարժեքությունը, բայց ես վստահ էի, որ Հայաստանը հետևյալ կերպ կարձագանքեր. ինձ թվում էր՝ Հայաստանը պետք է առաջարկեր համատեղ քննություն անցկացնել և ոչ միայն Ռուսաստանի ներկայացուցիչների, այլ նաև միջազգային ներկայացուցիչների ընդգրկմամբ: Ես ուզում եմ հիշեցնել, որ դա ընդդիմության պահանջն էր 2008թ. Մարտի 1-ի դեպքերից հետո, նաև անձամբ իմ պահանջն է եղել, միջազգային կազմակերպություններ են դրա մասին խոսել, հակառակ դեպքում՝ ես կասկած չունեմ, որ կողմերը բավարարված չեն լինելու: Եթե բոլոր կողմերը, մեր հասարակությունը ուզում է բազմակողմանի, օբյեկտիվ, անաչառ քննություն, ապա միակ ելքը դա է. այստեղ երկու տարբերակ չկա»,- ասել է Շահնազարյանը՝ առաջարկելով աշխարհաքաղաքական կենտրոններից հրավիրել ներկայացուցիչներ և առաջարկել համատեղ քննություն անցկացնել, և քննչական խմբում ընդգրկել այդ մասնագետներին՝ ԱՄՆ-ից, ԵՄ-ից, ՌԴ-ից և ինչու չէ՝ նաև ՀԱՊԿ-ից, որովհետև ՀԱՊԿ գլխավոր քարտուղարն է որպես մեղադրյալ հանդես գալիս այդ գործում:

Դավիթ Շահնազարյանի առաջարկությունն առաջին հայացքից գուցե չի ընկալվում, որովհետև կարող է թյուր տպավորություն ստեղծվել, թե մենք չենք վստահում մեր իշխանություններին կամ տեղի ենք տալիս արտաքին միջամտություններին։ Սակայն սրանք մակերեսային դատողություններ են, որովհետև առաջարկվող մեխանիզմը միտված է հենց նրան, որպեսզի քննությունն ազատի քաղաքական որևէ ճնշումից, կոնյունկտուրայից՝ մեր հասարակության և միջազգային հանրության աչքերում դրա լեգիտիմությունն ու որակը բարձրացնելու ճանապարհով։ Միջազգային քննության նման դեպքեր համաշխարհային պրակտիկայում գոյություն ունեն. օրինակ՝ մեր հարևան Վրաստանում արտերկրից հրավիրված մասնագետներ էին մասնակցում վարչապետ Զուրաբ Ժվանիայի սպանության գործի քննությանը։

Կասկածից վեր է, որ Ռոբերտ Քոչարյանը մեղսակից է Մարտի 1-ի հանցագործությանը, սակայն որպեսզի Հայաստանում կամ դրա սահմաններից դուրս որևէ մեկը չխոսի քաղաքական հետապնդումների, վենդետայի դրսևորման մասին, խիստ նպատակահարմար է, որ նախաքննությանը մասնակցություն ունենան իրավաբաններ արտերկրից, որոնք Հայաստանում չունեն սուբյեկտիվ քաղաքական շահեր ու իրենց ներկայությամբ քննության արդյունքի հանդեպ լիակատար վստահություն կձևավորեն մեր հասարակության ներսում և արտերկրում։

Այս օրերին գործ ունենք հայ-ռուսական հարաբերությունների ճգնաժամի հետ, որն, իհարկե, շատ ավելի բազմաշերտ հիմքեր ունի, սակայն պայմանավորված է կամ գոնե դրսևորվում է նաև Մարտի 1-ի շուրջ ծավալվող իրադարձությունների հետևանքով։ Լավրովի տեքստում թաքնված տեսակետ կար, որ Հայաստանի իշխանությունները Մարտի 1-ի գործով քաղաքական նպատակներ են հետապնդում, ենթադրաբար՝ Ռուսաստանի դեմ։

Այն, ինչ Լավրովն ասում էր դիվանագիտորեն, բաց տեքստով հայտարարում են ռուսաստանցի փորձագետները։ Օրինակ՝ «Взгляд»-ը հարցազրույց է ներկայացրել Քաղաքական հետազոտությունների ինստիտուտի տնօրեն Սերգեյ Մարկովի հետ, որը բառացիորեն ասել է. «Պատկերացրեք՝ եթե ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարին ձերբակալեր Նորվեգիայի ոստիկանությունը: Ինչպիսի՞ն կլիներ ԱՄՆ իշխանությունների արձագանքը: ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հետ կապված ողջ իրավիճակը, ես գրեթե վստահ եմ, համաձայնեցված է եղել ամերիկյան հատուկ ծառայությունների հետ: Եվ այդ պատճառով Կրեմլում, կարծում եմ, աճում է ոչ միայն նյարդայնությունը, այլև գիտակցումը, որ Հայաստանի ղեկավարությունը գաղտնի երկխոսության մեջ է Ռուսաստանի թշնամիների հետ ՆԱՏՕ-ի երկրների, ըստ երևույթին՝ ԱՄՆ հատուկ ծառայությունների միջոցով»:

Կրկնում ենք՝ Հայաստան-Ռուսաստան հարաբերությունների այսօրվա ճգնաժամը շատ ավելի խորքային է և պայմանավորված չէ ընդամենը մեկ գործոնով, սակայն, անշուշտ, Մարտի 1-ի գործով միջազգային քննությունը գոնե թույլ կտա ավելի չխորացնել ճգնաժամը։ Ի վերջո, չպետք է մոռանանք, որ հայ-ռուսական հարաբերությունների ճգնաժամի հիմնական շահառուն Ադրբեջանն է, և բոլոր զարգացումները պտտվում են ԼՂ հիմնախնդրի շուրջ։

Այս իմաստով, կարծում ենք, Մարտի 1-ի քննության լեգիտիմության ուժեղացումը միայն կնպաստի արտաքին ու ներքին ռիսկերի չեզոքացմանը՝ Հայաստանին թույլ տալով բացահայտել իր պատմության ողբերգական էջերից մեկը։ Ի վերջո, բոլորս ենք հասկանում, որ առանց Մարտի 1-ի և Հոկտեմբերի 27-ի ոճրագործությունների բացահայտման Հայաստանն առաջ գնալ չի կարող։ Ու խիստ էական է, որ քննության արդյունքները որևէ մեկի մեջ կասկածներ չառաջացնեն՝ Հայաստանի ներսում և դրա սահմաններից դուրս։

loading...