«Առաջին լրատվական»​-ի զրուցակիցն է ԱԺ նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանը  (Լեդի Հակոբ), ում 2008-ից հետո «7-ի գործով» առաջադրվել էր նույն մեղադրանքը, ինչ ներկայումս Ռոբերտ Քոչարյանին։ Սակայն 2009 թվականին դատավարության ժամանակ դատավոր Մնացական Մարտիրոսյանը 7 քաղբանտարկյալների նկատմամբ կարճեց քր.օր.-ի 300 հոդվածի 1-ին մասով քրեական գործի վարույթը՝ հանցակազմի բացակայության պատճառաբանությամբ։ Հակոբյանը, սակայն, դատապարտվեց քր.օր.-ի 225 հոդվածի 1-ին մասով։

– Պարոն Հակոբյան, 10 տարի անց վերջապես Մարտի 1-ի գործի քննությունը իրապես վերսկսվեց։ Այդ գործի շրջանակներում բարձրաստիճան պաշտոնյաների մեղադրանք է առաջադրվել։ Հատկապես Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք առաջադրելն ու կալանավորելը լուրջ իրարանցում է առաջացրել Հայաստանում։ Այդ ֆոնին ի հայտ են եկել նաև Քոչարյանի պաշտպանությամբ հանդես եկող անհատներ ու քաղաքական ուժեր։ Առհասարակ ինչպե՞ս եք գնահատում վերջին շրջանի այս զարգացումները։

– Վերջին շրջանի զարգացումները շատ դրական եմ գնահատում, 10 տարի սրան ենք սպասել, բայց միևնույն ժամանակ ես կարծում եմ, որ մի քիչ ուշացնում ենք։ Ինչքան երկար տևի այս պրոցեսը, նրանք այնքան կակտիվանան, քանի դեռ նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանն ազատության մեջ է, ով լավ տեղյակ է ամեն ինչից և անօրինական ձևով ժամանակին մտավ ԱԺ ու ձերբակալել տվեց 4 պատգամավորի։ Հիմա էլ ով որ էդ գործով աշխատանքներ է տանում, նրա ենթականերն են եղել։ Ու քանի դեռ Աղվան Հովսեփյանը, Սերժ Սարգսյանը ազատության մեջ են, նրանք միշտ կխանգարեն գործի բացահայտմանը։ Հիմա նույն Սերժի հրահանգով են բոլոր պատգամավորները ստորագրահավաք սկսել։ Քոչարյանի ազատության համար ստորագրելը ոչ մեկի սրտով էլ չի։ Եթե Սերժ Սարգսյանը շուտ ձերբակալվի, նրանք բոլորն էլ իրենց ստորագրությունները հետ կվերցնեն։

– Բայց Ձեր կարծիքով՝ ինչո՞ւ է հիմա ՀՀԿ-ն դարձել Քոչարյանի պաշտպանը։

– Իրենք իրենց կաշին են փրկում, իրենց համար են վախենում, քանի որ ժամանակին նույն գլխավոր դատախազը, Սերժ Սարգսյանը իրենց վրա կոմպրոմատներ են հավաքել։ Իրենք  վախենում են այդ կոմպրոմատներից։ Դրա համար եմ ասում՝ եթե Սերժ Սարգսյանը իզոլացվի, կտեսնեք՝ ինչքան բան դուրս կգա ջրի երես։ Հարյուրավոր մարդիկ ի հայտ կգան Մարտի 1-ի գործով, կպարզվի, որ ոչ թե 10, այլ ավելի շատ զոհեր են եղել, անհետ կորածներ, հարյուրավոր մարդկանց տներից փախցրել են։ Էս ամեն ինչին հասնելու համար մեկ բան է  պետք՝ Սերժ Սարգսյանի ձերբակալությունը։ Դրանից հետո ամեն ինչ ի հայտ կգա ու կընկնի իր տեղը։ Ժամանակին էլ նույն Սերժ Սարգսյանի հրահանգով ինձ  ու մյուսներին ԱԺ-ից տարան։ Ու նույն պատգամավորներից շատերը ժամանակին  քվեարկեցին նաև մեզ անձեռնմխելիությունից զրկելու համար։ Նրանք ուրիշ ճար չունեին, քանի որ իրենց դեմ տոննայով կոմպրոմատ կար։ Իշխանությունն էլ այդ պատգամավորներին որպես վեշ է օգտագործում, կնոպկա՝ իրենց նպատակներին հասնելու համար։ Հիմա էլ տեսնում ենք, որ նույն Սերժը իր քայլերով ուզում է ուտել էդ բոլորի խելքը, համոզել, որ վաղը-մյուս օրը նորից հետ են բերելու նախկին իշխանությունը։

– Իսկ Ձեր կարծիքով՝ նման հնարավորություն տեսականում և գործնականում կա՞։ Քոչարյանի շուրջ  ներկա իշխանություններից դժգոհ մասսայի կոնսոլիդացիա հնարավո՞ր է։

– Դրանք սուտ բաներ են։ Քոչարյանի շուրջ չի կարող կոնսոլիդացիա լինել։ Այս քայլերը Սերժ Սարգսյանի կողմից իմիտացիոն քայլեր են, գործողություններ են, որոնցով Սերժ Սարգսյանը փորձում է  շեղել իրականությունը և փրկել իրեն, որպեսզի ալիքը չհասնի նաև իրեն։  Սերժն ու մյուսները շատ լուրջ վախենում են, քանի որ Մարտի 1-ի բացահայտումից հետո Հոկտեմբերի 27-ը կբացահայտվի, ու իրենք արդեն կհայտնվեն համապատասխան տեղում։ Դրա համար էլ իրենք այս փուլում աշխատելու են ամեն ինչ անել, որ ջրից չոր դուրս գան։ Մարտի 1-ին իրենք քիլլերների բրիգադ էին հանել, հիմա էլ կհանեն։ Իրենք պատրաստ են իրենց ստորությունները, սրիկայություններն անել, միայն թե ալիքն իրենց չհասնի։ Դրա համար էլ ասում եմ, որ որքան երկար ձգվեց ժամանակը, զարգացումները ի վնաս մեզ են լինելու և հօգուտ Սերժ Սարգսյանի ու Քոչարյանի։ Ամեն ինչ պետք է արագ անել։

– Պարոն Հակոբյան, այս օրերին շատ է խոսվում հնարավոր հակահեղափոխության մասին։ Ձեր ասած ժամանակի ձգձգումը կարո՞ղ է հանգեցնել հակահեղափոխության։

– Այո, այ դրանից եմ ես վախենում։ Իրենց քիլլերների բրիգադը ինչպես հոկտեմբերի 27-ին օգտագործվեց, ինչպես մարտի 1-ին օգտագործեցին, այնպես էլ հիմա կարող են օգտագործել։ Եթե իմ մատնանշած անձինք արանքից չհանվեն, նրանք գնալու են այդ քիլլերների բրիգադի օգտագործմանը։ Ինչ խնդիր ունեն իրենք։ Իրենց դարդ ու ցավը Քոչարյանը չի, միակ խնդիրն այն է, որ Սերժ Սարգսյանին չհասնեն։ Դրա համար էլ պետք է ժոստկի քայլերի գնալ։ Դրել ենք ասում ենք՝ օրենքով չի, Սահմանադրությամբ չի։ Էդ իրենք 20 տարի օրենքով ու Սահմանադրությա՞մբ էին շարժվում։ Պետք է արագ շարժվել ու վերջ տալ այս պրոցեսին, թե չէ դրանք վիճակը շուռ կտան ու Նիկոլին կվնասեն ու արանքից կհանեն։ Ես դրանում համոզված եմ։ Իսկ Նիկոլը հայ ժողովրդին փրկեց։ Սաղ հայ ժողովուրդը գաղթական էր դարձել, ինչը նախկին իշխանությունների պլանն էր։ Նրանք ուզում էին երկիրը դատարկել։ Նրանք էս երկիրը  իրենց համար օֆիս էին սարքել։ Նիկոլի մոտ ստացվեց, ու նա փրկեց  մեր երկիրը։ Բայց հիմա, այս փուլը շատ վտանգավոր է։ Նախկին իշխանությունը աշխատում է, ամեն ինչ ուզում է հակառակ ուղղությամբ տանել։ Նրանք ամեն ինչի ընդունակ են, ընդունակ են ամենակեղտոտ խաղի՝ ընդհուպ Նիկոլին շարքից հանելու։ Դրա համար էլ այն, ինչ նախաձեռնել է նոր իշխանությունը, պետք է արագ ավարտին հասցնել։

loading...