Հայ ազգային կոնգրեսի անդամ, Ազգային ժողովի նախկին պատգամավոր Գևորգ Գևորգյանը դիմել է  Ազգային անվտանգության ծառայությանը ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի, նրա եղբայր Ջոնիկ Աբրահամյանի և ՀՀ նախկին Ոստիկանապետ, ներկայումս Ազգային ժողովի պատգամավոր Ալիկ Սարգսյանի կողմից իրեն ունեզրկելու վերաբերյալ։ ԱԱԾ-ն նյութերն ուղարկել է Ոստիկանության 6-րդ վարչություն, որտեղ ներկայումս նյութեր են նախապատրաստվում։


Գևորգ Գևորգյանը 2000 թվականին հիմնադրել է «Ավազահատիկ» ՍՊԸ-ն և Արարատի մարզի Նորամարգ համայնքում վարձակալած տարածքում հանքարդյունաբերությամբ զբաղվել: 2000-2006 թվականների աշխատանքի արդյունքում, ներգրավելով նաև վարկային միջոցներ, կատարվել են շուրջ 80 հազար ԱՄՆ դոլարի կապիտալ ներդրումներ՝ ձեռք բերելով ավազի լվացման և մաղման հոսքագծեր: Բիզնեսի ընդլայնմանը զուգահեռ, սակայն, սկսվել են խնդիրները։ Գևորգյանի խոսքով՝ «Ավազահատիկ» ՍՊԸ-ի գործունեությանը խոչընդոտելու հարցում շահագրգիռ էին այն ժամանակ դեռ փոխվարչապետ Հովիկ Աբրահամյանն ու նրա եղբայրը՝ Ջոնիկ Աբրահամյանը: Նրանց իր աջակցությունն էր ցուցաբերում նաև այն ժամանակ Արարատի մարզպետ, այժմ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Ալիկ Սարգսյանը:

«Բանն այն է, որ «Ավազահատիկ» ՍՊԸ-ի գործունեությունն իրականացվում էր սահմանային 3-րդ ուղեկալում, իսկ Աբրահամյանների ընտանիքին պատկանող և դարձյալ հանքարդյունաբերությամբ զբաղվող «Հովհան» ՍՊԸ-ն տեղակայված էր հարևան 4-րդ ուղեկալում: Աբրահամյանները նպատակ ունեին միավորել երկու հանքերը՝ իբրև իրենց սեփականություն:

2006-ի դեկտեմբեր ամսից «Ավազահատիկ» ՍՊԸ-ի աշխատանքների համար հարուցվեցին արհեստական խոչընդոտներ՝ նպատակ ունենալով ի վերջո կասեցնել ՍՊԸ-ի գործունեությունը։ Արարատի մարզպետի համապատասխան գրության հիման վրա սահմանային ուղեկալի կողմից արգելվեց ՍՊԸ-ի աշխատակիցների մուտքը ավազահանքի տարածք։ Չնայած սահմանապահ ուղեկալի հարուցած արգելքը հետագայում վարչապետ Անդրանիկ Մարգարյանի միջամտությամբ վերացվեց, սակայն երբ 2007 թվականի աշնանը առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը հայտարարեց 2008-ի նախագահական ընտրություններում իր առաջադրման մասին, առաջ եկան նաև ՍՊԸ-ի գործունեության կասեցման քաղաքական դրդապատճառներ: Ես այն ժամանակ հանդիսանում էի նախագահի թեկնածու Լևոն Տեր-Պետրոսյանի Մասիսի նախընտրական շտաբի ղեկավարը, իսկ եղբայրս՝ «Ղարաբաղ» կոմիտեի անդամ Սամվել Գևորգյանը, Գեղարքունիքի մարզի համակարգողը:

2007-ի նոյեմբերի 1-ին Արարատի մարզի հարկայինի օպերատիվ աշխատակիցները ներխուժեցին ՍՊԸ-ի տարածք և ստուգումներ իրականացրին: Նշանակվեց երկու միլիոն դրամի չափով տուգանք, որը վճարվեց: Նոյեմբերի 10-ին հարկային տեսուչների ավելի մեծ խումբ «հյուր եկավ», որից հետո ՍՊԸ-ի նկատմամբ քրեական գործ հարուցվեց: Նորամարգ համայնքի ղեկավարությունն առանց որևէ հիմքի «Ավազահատիկ» ՍՊԸ-ի հետ ունեցած պայմանագիրը կասեցնելու որոշում կայացրեց: Ավելի ուշ մարզպետարանի կողմից համայնքի ղեկավարությանը հրահանգ իջեցվեց՝ դատական կարգով չեղյալ համարել վարձակալության պայմանագիրը: ՍՊԸ-ի ղեկավարությունը իր հերթին դիմեց վարչական դատարան և շահեց դատը: Սակայն ՍՊԸ-ի բնականոն գործունեության վերականգնմանը դա էլ չօգնեց»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Գևորգյանը։

Նրա խոսքով՝ հենց այդ ժամանակահատվածում իրեն է զանգում Հովիկ Աբրահամյանի վարորդը՝ հայտնի Գոքորը, և ասում, որ Հովիկ Աբրահամյանը ուզում է տեսնել իրեն։ Բաղրամյան 26-ում Հովիկ Աբրահամյանի հետ հանդիպման ժամանակ վերջինս  առաջարկում է խնդիրը լուծել իր առաջարկած տարբերակով՝ «Ավազահատիկ» ՍՊԸ-ի բաժնեմասի 30 տոկոսն իրեն տրամադրել, 30-ը՝ Ալիկ Սարգսյանին, 40-նն էլ թողնել սեփականատիրոջը՝ Գևորգյանին:

«2008-ի հուլիս ամսին այս տարբերակով գործունեությունը շարունակելու առաջարկին ստիպված համաձայնեցի, որից հետո կարճվեց նաև ՍՊԸ-ի նկատմամբ հարուցված քրեական գործը, բայց բնականոն աշխատանքը տևեց ընդամենը 2-3 ամիս: Ջոնիկ Աբրահամյանի հրահանգով ուղեկալը կրկին փակվեց, ապա մյուս բաժնետիրոջ՝ Ալիկ Սարգսյանի եղբոր՝ Անդրանիկ Սարգսյանի միջոցով ինձ տեղեկացրին, որ հանքավայրում այլևս անելիք չունեմ և պետք է հեռանամ։ Ի վերջո, մեր մուտքը հանք վերջնականապես արգելվեց, իսկ հանքի սարքավորումները և տարածքի մի մասը ապօրինաբար շարունակում են շահագործել Աբրահամյանների ընտանիքը և Ալիկ Սարգսյանը՝ հրաժարվելով ինձ որևէ շահաբաժին վճարել»,- ասաց Գևորգյանը՝ հավելելով, որ նախկին իշխանության ժամանակ ինքը փորձ չի արել իրավական ընթացք տալ այդ խնդրին, քանի որ արդեն բախվել էր անարդարության պատին։ Իսկ հիմա՝ նոր Հայաստանում, մեծ սպասելիք կա, որ գործը կբացահայտվի, մեղավորները պատասխանատվության կենթարկվեն ու իր հանքը կվերադարձվի իրեն։

«Փաստացի ռեկետ է եղել։ Հիմա գուցե ասեն, որ ես եմ համաձայնել բաժնեմասը տալ իրենց, բայց ինձ տարբերակ չէին թողել։ Կատարվածը փաստացի «խլոցի» է եղել, և կատարվածին պետք է պատշաճ իրավական գնահատական տրվի»,- ընդգծեց Գևորգ Գևորգյանը։

Այս գործի շրջանակներում Գևորգ Գևորգյանն արդեն բացատրություն է տվել, սակայն տեղեկություն չկա՝ Հովիկ Աբրահամյանն ու Ալիկ Սարգսյանը կանչվե՞լ են ոստիկանություն, թե՞ ոչ։

loading...