Հովիկ Աբրահամյանի ներգրավումը լիովին փոխում է Մարտի 1-ի գործի քննության ընթացքը և այսպես ասած՝ համալիր բովանդակությունը: Բանն այն չէ, որ Աբրահամյանի ներգրավումն անսպասելի էր, թե շատերը կկասկածեին, որ նա ինչ-որ առնչություն կարող էր ունեցած լինել այդ գործին: Աբրահամյանը եղել է համակարգի առանցքային դեմքերից մեկը և ոչ մի զարմանալի բան ոչ միայն չկա այդ համակարգի համար առանցքային դրվագներից մեկում նրա մասնակցության մեջ, այլ թերևս տարօրինակ կլիներ հակառակը: Այդ դեպքում ինչ ընթացքի և համալիր բովանդակության փոփոխության մասին կարող է լինել խոսքը:
Նախ, Քոչարյանից հետո գրեթե համընդհանուր ակնկալիքում Սերժ Սարգսյանն էր, և ընթացքին հետևողների թերևս գերակշռող մեծամասնությունը կամ սպասում էր, որ հաջորդ հարցաքննվողը լինելու է Սարգսյանը, կամ առնվազն հարց էր տալիս, թե ինչու է ուշանում նրա հարցաքննությունը: Եվ սա միանգամայն պարզ է ու հասկանալի, նկատի ունենալով 2008-ի մարտի 1-ին Սարգսյանի ունեցած կարգավիճակը: Եվ իհարկե ոչ միայն, այլ օրինակ նաև փետրվարի 29-ի նրա կոալիցիան Արթուր Բաղդասարյանի հետ, որը պետք է դիտարկել Մարտի 1-ի գործողության համատեքստում, չնայած անմիջական ուժային օպերացիայի հետ ուղիղ կամ ֆորմալ առնչության բացակայությանը: Սակայն Սերժ Սարգսյանի փոխարեն իրավապահների թիրախում անսպասելիորեն հայտնվում է Հովիկ Աբրահամյանը, ինչն առնվազն վկայում է մի բան, որ քննությունն ընթանում է այսպես ասած՝ «ասիմետրիկ» տրամաբանությամբ: Դա իր հերթին նշանակում է, որ սուբյեկտները, ովքեր քննության ընթացքին հետևում են, այսպես ասած, հնարավոր հանցակցության հանգամանքից բխող հայացքով, կարծես թե ունենալու են ընթացքը կռահելու խնդիրներ, և քննությունը կարող է անսպասելիորեն փոխել իր ուղղությունն ու անակնկալ մատուցել այդ սուբյեկտներին, որոնք մտահոգ են Մարտի 1-ի գործում իրենց դերակատարության մասով: Իսկ այդպիսի սուբյեկտները, իհարկե, շատ են՝ տասնյակներ:
Ըստ այդմ, մինչ շատերը, այդ թվում իհարկե ոչ միայն հանրությունը, այլև «շահագրգիռ» այդ սուբյեկտները ներկայումս փորձում են կռահել, թե որն է լինելու հաջորդ թիրախը, հարվածի մյուս ուղղությունը, քննությունը շատ հնարավոր է՝ ընթանում է արդեն հերթական անսպասելի ուղղությամբ, և հաջորդ թիրախը ևս կարող է լինել անակնկալ: Դա ինչ խոսք կարող է լինել ուշագրավ մարտավարություն, որը կլուծի ոչ միայն այսպես ասած անկանխատեսելիության խնդիրն ու անսպասելիության շնորհիվ կլինի ավելի էֆեկտիվ, այլ նաև բավական լուրջ հոգեբանական, նյարդային ճնշում կլինի այն անձանց վրա, որոնք այս կամ այն կերպ առնչություն ունեն Մարտի 1-ին՝ թույլ չտալով նրանց, այսպես ասած, հանգիստ ու կազմակերպված մտածել արդարադատության առաջ կանգնելուց խուսանավելու տարբերակների մասին:
Իրավիճակն այլ է նաև քաղաքական տեսանկյունից, որովհետև այն բացում է մի բավականին հետաքրքիր շերտ: Հովիկ Աբրահամյանը 2014 թվականին Հայաստանի Հանրապետության վարչապետ դարձավ ոչիշխանական քառյակի միջոցով, Սերժ Սարգսյանին այդ քառյակի՝ ՀԱԿ-ի, ՀՅԴ-ի, «Ժառանգության» և ԲՀԿ-ի վերջնագրի միջոցով: Նրանք հայտարարեցին շուրջօրյա հանրահավաքների մասին՝ Տիգրան Սարգսյանի պաշտոնանկության պահանջով, որից հետո Սերժ Սարգսյանը թույլ չտվեց, որ բանը հասնի հանրահավաքներին և փոխեց վարչապետին: Ընդ որում, քառյակը, որ խոսում էր, թե չպետք է հանդուրժել ՀՀԿ-ական վարչապետի, միանգամայն հանգիստ կերպով հանդուրժեց ՀՀԿ-ական Հովիկ Աբրահամյանի վարչապետությունը, ո՛չ միայն բացարձակապես չընդդիմացավ, ո՛չ միայն քառյակի ներսում չառաջացան այդ կապակցությամբ տարակարծություններ ու տարաձայնություններ, այլ այդ նշանակումից հետո, ըստ էության, քառյակի ուժերը սկսեցին թիրախավորել արդեն ոստիկանապետ Վովա Գասպարյանին, դեպի Սերժ Սարգսյան ճանապարհը, այսպես ասած, պատնեշներից և խոչընդոտներից ազատելու համար:
Իսկ բանն այն է, որ Մարտի 1-ից հետո անցնող ներքաղաքական տասնամյա փուլը, ըստ էության, զարգացել է հենց Մարտի 1-ի այսպես ասած՝ կամ ուղիղ, կամ անուղղակի ազդեցության ներքո, դրա «էջը փակելու», այսպես ասած, նշանաբանի տակ, պարզապես մասնակից սուբյեկտներից յուրաքանչյուրը ունեցել է այդ «էջը փակելու» իր պատկերացումը: Շատերի դեպքում դա գուցե համընկել է, սակայն անխոս է, որ անցած տասնամյակում քաղաքական անցուդարձը զարգացել է հենց տեղի ունեցածի և դրա հանդեպ այդ տրամաբանության ձևավորված հարաբերությունների ու կարգավիճակների ազդեցության ներքո: Իսկ խնդիրն այն է, որ ոչիշխանական բևեռը գործնականում եղել է Հայաստանի նորագույն պատմության, թերևս, ամենաառանցքային դրվագներից մեկի՝ Եվրաասոցացման գործընթացում շրջադարձի ու ԵՏՄ անդամակցության ոչ ֆորմալ «երաշխավորը», որովհետև հենց այդ բևեռի՝ Ռուսաստանի օգնությամբ իշխանության գալու վախն էր, որ Սերժ Սարգսյանին ստիպեց կատարել շրջադարձը, իհարկե հրապարակավ պատճառաբանելով այն անվտանգության խնդրով, թեև հետո բոլորի համար էր պարզ, որ դա ուղղակի հորինված պատճառաբանություն էր, և Հայաստանն իրականում ավելի էր մոտեցրել վտանգը:
Հովիկ Աբրահամյանն այդ ամենի համատեքստում առանցքային ֆիգուր է, հատկապես նկատի ունենալով այն, որ այդ ճակատագրական շրջադարձից հետո են նաև «բխել» երկու ևս ճակատագրական զարգացումներ Հայաստանում՝ Ապրիլյան քառօրյան և հուլիսյան իրադարձությունները՝ 2016-ին: Դրանք հաղթահարելուց կարճ ժամանակ անց Սերժ Սարգսյանը պաշտոնանկ արեց Աբրահամյանին: