Երկրում տեղի է ունենում մտքի տեռոր. «ՀՅԴ սոցիալ-տնտեսական քաղաքականության հիմնադրույթները» նախագծի շնորհանդեսից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը` անդրադառնալով երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին ազատ արձակելու միջնորդությանը միացած ՀՅԴ-ական պատգամավորների և Դաշնակցության հասցեին հնչող մեղադրանքներին։ «Տեռորը, տեռոր է, ուզում ես կրակի մարդկանց վրա, ուզում ես՝ միտքն արգելակի»,- հայտարարել է Հրանտ Մարգարյանը։
Անշուշտ, ահաբեկչական պայքարի հարուստ պատմություն ունեցող ՀՅԴ-ն կարող է հստակ ներկայացնել տեռորի բոլոր տարատեսակները՝ այս հարցում որևէ տարակույս չկա։ Ամբողջ խնդիրն այն է, որ ամեն օրվա հետ նոր իշխանությանը կամ նոր Հայաստանին տրված ՀՅԴ գնահատականներն ավելի ու ավելի դաժան և անողոք են դառնում՝ ավանդական կուսակցությանը դարձնելով Նիկոլ Փաշինյանի, այսպես կոչված, արմատական, հայեցակարգային ընդդիմություն։ ՀՅԴ-ն Ռոբերտ Քոչարյանին համարում է քաղաքական հալածյալ, ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի շրջանակներում Հովիկ Աբրահամյանի եղբորը՝ Հենրիկ Աբրահամյանին երեկ մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանրորեն վտանգավոր այն արարքի կատարման համար, որ նա ապօրինի կերպով ձեռք է բերել և Ամբիկ Գևորգյանի հետ նախնական համաձայնությամբ, վերջինիս անվամբ ձևակերպված, սակայն փաստացի Հենրիկ Աբրահամյանի եղբորը՝ Հովիկ Աբրահամյանին պատկանող` Մխչյանի նախկին մեխանիկա-վերանորոգման գործարանի տարածքում ապօրինի կերպով պահել է մեծ քանակությամբ զենք-զինամթերք։ ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչի կողմից միջնորդություն է ներկայացվել դատարան` Հենրիկ Աբրահամյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու համար։
Հովիկ Աբրահամայանի, այսպես կոչված, «սուխոյ ատկազից» հետո, թե ինքը կապ չունի ոչ տարածքի և ոչ էլ՝ հայտնաբերված զենքի հետ, իրադարձությունների նման ընթացքը կանխատեսելի էր։
Մյուս կողմից՝ ՀՔԾ-ն, ըստ ամենայնի, չի հավատացել Հովիկ Աբրահամյանին, որովհետև պաշտոնական հաղորդագրության մեջ դարձյալ նշվում է, որ տարածքը փաստացի պատկանում է նախկին վարչապետին՝ թերևս ակնարկելով նաև հայտնաբերված զենքի պատկանելիությունը նրան։ Հիմա քննությունը պետք է այլ փաստերի համադրումով ապացուցի, որ տարածքն ու զենքը պատկանում են Արգամիչին, և վերջինս մեղադրանքից, ըստ ամենայնի, «պլստացել» է ժամանակավորապես։
Հովիկ Աբրահամյանն իրեն պահել է նախկին համակարգի կարկառուն ներկայացուցիչներին բնորոշ քրեական մենթալիտետի տրամաբանությամբ․ «չորով» հերքել է այն, ինչը թերևս ակնհայտ է բոլորի, այդ թվում՝ իր համար։ Այդպես է վարվել նաև Ռոբերտ Քոչարյանը, որը փորձում է իրեն «մաքրել» թիվ 0038 հրամանից՝ թեև ՀՔԾ-ն բնավ էլ չհավատաց երկրորդ նախագահին ու, անկասկած, չի հավատալու նաև Հովիկ Աբրահամյանին։ Առհասարակ՝ նախկին համակարգի առաջին դեմքերը կորցրել են ադեկվատությունը՝ չգիտակցելով, որ իրենց հին վարքագիծը նոր իրավիճակում, մեղմ ասած, չի աշխատում ու ավելի շատ գործում է հենց իրենց դեմ։
Օրինակ՝ Հովիկ Աբրահամյանը «չոր» հերքման հետևանքով իր վրայից չմաքրեց կասկածները, բայց «փուռը» տվեց եղբորը, նաև՝ վարորդի եղբորը, որի մասին հարազատ գյուղում ասում են՝ անշառ մարդ է, համենայն դեպս՝ «Առաջին լրատվական»-ի զրուցակիցները։
Սակայն ՀՔԾ երեկվա հաղորդագրությունը նաև հարցեր է ծնում, որոնց պատասխաններն առայժմ չունենք։ Հայտնի է, որ Հովիկ Աբրահամյանի տարածքում խուզարկություները կատարվել է Մարտի 1-ի գործի հետքերով, այսինքն՝ ենթադրվում է, որ հայտնաբերված զենքն արյունոտ իրադրաձությունների ժամանակ օգտագործվել է։ Այդ վարկածի գոյությունը նախօրեին հաստատել են թե ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը և թե ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը։ Սակայն ՀՔԾ երեկվա հաղորդագրությունից այնքան էլ պարզ չէ՝ Հենրիկ Աբրահամյանը նոր մեղադրյա՞լ է Մարտի 1-ի գործով՝ թվով հինգերորդը, թե նրա գործն առայժմ առանձին վարույթում է ու Մարտի 1-ի գործին կմիանա ընթացքում՝ այլ փաստերի, իսկ գուցե նաև մեղադրյալների ներգրավումից հետո։ Այս հարցի պատասխանը հետաքրքիր է՝ առավելապես Հովիկ Աբրահամյանի ճակատագիրը հասկանալու համատեքստում։
Մի հանգամանք էլ կա, որն առնվազն կհետաքրքրի ընթերցողներին։ Հովիկ Աբրահամյանի տարածքում պահված զենքի մասին նախաքննության մարմինն իմացավ Ռոբերտ Քոչարյանի կալանավորումից հետո։ Արդյո՞ք Քոչարյանը սկսել է խոսել՝ առաջինը թիրախավորելով Հովիկ Աբրահամյանին, թե՞ ազատության մեջ գտնվող կարևոր այլ ֆիգուրանտ է «արդյունավետ» համագործակցում նախաքննության մարմնի հետ։
ՀՅԴ-ն ակնհայտորեն կորցրել է հանգիստը ու հեղափոխական տվայտանքների մեջ է։ Դա գուցե պայմանավորված է նաև այն հանգամանքով, որ հեղափոխությունը ցամաքեցրել է ՀՅԴ սնուցման աղբյուրները։ Օրինակ՝ երեկ ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը «Առաջին լրատվական»-ի եթերում հայտարարել է, որ տարիներ շարունակ Հրանտ Մարգարյանը եղել է իրանցի բիզնեսմենների «տանիքը» Սերժ Սարգսյանի մոտ։ Այս լույսի ներքո բնական է, որ երկրում ստեղծված վիճակը Հրանտ Մարգարյանը «տեռոր» է անվանում, որովհետև հարազատ ՀՅԴ-ն հեղափոխության պատճառով զրկվել է եկամտի, ըստ էության, բոլոր աղբյուրներից՝ մնալով «չոր» կուսակցական գրոշների հույսին։
Ի դեպ, այսօր Նոյեմբերյանում՝ խոսելով Ռոբերտ Քոչարյանի հարցում Դաշնակցության դիրքորոշման մասին, Նիկոլ Փաշինյանն ասել է, որ յուրաքանչյուրը կրում է իր պատասխանատվությունը, յուրաքանչյուրի պատասխանատվությունը վրա կհասնի ճիշտ պահին: Վարչապետի այս լակոնիկ հայտարարությունը հուշում է, որ մոտ է Նիկոլ Փաշինյանի թիմի և ՀՅԴ-ի քաղաքական «ապահարզանի» պահը, որը, ամենայն հավանականությամբ, տեղի կունենա անգամ մինչև խորհրդարանական ընտրությունները։