«Այժմ քաղաքի բարոյահոգեբանական մթնոլորտը փոխվել է՝ բավական ջերմ է, հանգիստ, և քաղաքը իր բնականոն կյանքով է ապրում»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց Էջմիածնի քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար Դիանա Գասպարյանը՝ պարզաբանելով, որ ինքը նկատի ունի թե՛ նախկինում տիրող սարսափի մթնոլորտը, թե՛ հայտնի իրադարձություններին հաջորդած՝ Մանվել Գրիգորյանի ընտանիքի անդամների նկատմամբ արդեն ժողովրդի կողմից խիստ ընդգծված անհանդուրժողական վերաբերմունքը:


Մեր զրուցակիցը համոզված է, որ քաղաքի նորմալ բարոյահոգեբանական մթնոլորտը իր դրական ազդեցությունն է ունենալու նաև տնտեսության զարգացման ոլորտում, զբոսաշրջության համար անհրաժեշտ ենթակառուցվածքների ստեղծման գործում. «Մենք ունենք քաղաքի զարգացման տեսլական, բայց պետք է անկեղծ լինել՝ այս կարճ ժամանակաընթացքում՝ մինչև արտահերթ ընտրությունները դա իրականացնելն անհնար է»:

Դիանա Գասպարյանը նշեց, որ իր ծրագրերը մինչ քաղաքապետի պաշտոնակատար նշանակվելը և դրանից հետո բավականին փոփոխությունների են ենթարկվել. «Երբ դու ներսում ես, ավելի սուր ես ընկալում քաղաքի առաջնահերթությունները. քաղաքը նախ ունի կենցաղային խնդիրներ, բարեկարգման, կանաչ գոտիների ընդլայնման, ժամանցի վայրերի և այլ խնդիրներ: Այժմ մենք աշխատում ենք ռեսուրսների ճիշտ բաշխման ուղղությամբ, որպեսզի այդ խնդիրները լուծենք»:

loading...