«ՈՐՊԵՍԶԻ ԲԱՑԱՌՎԻ ՀՆԻ ՎԵՐԱԴԱՐՁԸ
Որպեսզի որևէ ժողովուրդ սոցիալ-մշակութային-քաղաքական մի վիճակից անցնի մեկ այլ՝ ավելի բարձր վիճակի, անհրաժշտ է, որ նախ քաղաքական մտքի բավարար զարգացում տեղի ունենա երկրում և քաղաքագետները՝
ա. պարզեն առկա, անցանկալի վիճակի առաջացման իրական՝ խորքային պատճառները,
բ. հաշվարկեն այդ պատճառների բացասական արդյունարար հանրագումարը, որը որոշում է իրականությունը,
գ. գտնեն այդ պատճառների բացասական արդյունարար հանրագումարը հաղթահարելու ունակ քայլերի համակարգ,
դ. աշխարհաքաղաքական իրավիճակից և ժողովրդի անցյալից ելնելով՝ ուրվագծեն այն պետությունը, որը կապահովի ժողովրդի անվտանգությունը, զարգացումը և որը հոգեհարազատ կլինի ժողովրդի էությանը,
ե. ուրվագծեն առկա վիճակը հաղթահարելու և նոր վիճակին անցնելու ճանապարհային քարտեզը:
Դրանից հետո արդեն երկիրը վերափոխել ձգտող քաղաքական գործիչները պիտի կատարեն որոշակի անհրաժեշտ աշխատանքներ՝
զ. մինչ իշխանափոխություն իրականացնելը քարոզչական-բացատրական աշխատանք տանեն ժողովրդի մեջ Նոր Հայաստանի վերաբերյալ, որպեսզի իրականության մեջ ունենան անհրաժեշտ թվով համակիրներ և նորը ընկալողներ,
է. փորձեն նորը փորձարկել մարդկային որոշակի հանրության շրջանակում՝ շտկումներ անելու համար իրենց ծրագրերի մեջ,
ը. այդ ընթացքում պրակտիկ աշխատանքների հիման վրա ձևավորեն նոր կառավարիչների շերտ,
թ. այս ամենն անելուց հետո նոր միայն փորձեն քաղաքական պայքարի միջոցով նորը հաստատել կյանքում՝ իշխանափոխությամբ կամ ներքևից ինքնակազմակերպման ուղիով:
Այս կետերն անհրաժեշտ են իշխանափոխության առաջին իսկ օրվանից նորի հաստատման ուղղությամբ անհրաժեշտ աշխատանքներ տանել կարողանալու համար, այլապես հին հարաբերությունները՝ լինելով կենսունակ, չեն նահանջի: Դրանք անհրաժեշտ են նաև, որպեսզի նոր իշխանություններն ունենան սոցիալական հենարան, լինի ժողովրդի մեջ մի շերտ, որը կրում է նորն իր մեջ և որն ուղեցույց կհանդիսանա ժողովրդի մնացյալ հատվածի համար:
Հիմա եկեք հարց տանք ինքներս մեզ՝ արդյոք հայ քաղաքական միտքը մարտ ամսին բավարար չափով կատարե՞լ էր այս անհրաժեշտ աշխատանքները:
Իհարկե, ոչ:
Իսկ դա նշանակում է, որ նոր իշխանությունները լուրջ դժվարություններ են ունենալու և մեծ է լինելու հնի վերադարձի հավանականությունը:
Հնի վերադարձը բացառելու համար հարկավոր է սեղմ ժամկետում լրացնել չկատարված աշխատանքի բացը և բավարարել նշված կետերի պահանջները: Անհրաժձշտ է ի հայտ գա մի շերտ, որը կզբաղվի այդ հարցերով:
Այս խնդրում օգտակար լինելու մղումով անցյալ շաբաթ ներկայացրի ԿԱՐԴՈՒՄ ԵՆՔ ՀԱՅԿ ԱՍԱՏՐՅԱՆ շարքը /Հ. Ասատրյանը ծնվել է 1900-ին, Առաջին հանրապետության անկումից հետո արտագաղթել է, գործել է դրսում, 1944-ին ձերբակալվել է սովետական հատուկ ծառայությունների կողմից, 11 տարի անցկացրել բանտում/:
Առաջիկայում ներկայացվելու են նրա և Նժդեհի դիտարկումները ելքի վերաբերյալ, որոնք արդիական են նաև հիմա և որոնք չկիրառելու դեպքում հինն անխուսափելիորեն կվերադառնա :Այդ դիտարկումներն ըմբռնելու համար խորհուրդ եմ տալիս ծանոթանալ ԿԱՐԴՈՒՄ ԵՆՔ ՀԱՅԿ ԱՍԱՏՐՅԱՆ շարքի բոլոր նյութերին այս հղումով՝ #ՀայկԱսատրյան19001956 , որոնցում նկարագրվում է իրականությունը:
#ՀայկԱսատրյան19001956»