Հին «Պոպլավոկ», մետրոյով Շենգավվթից «Երիտասարդական» ու երկար զբոսանքներ երեխաների հետ. Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի կինը՝ Աննա Հակոբյանը, պատմում է իր յուրահատուկ Երևանի մասին։

Ամեն օր դասի էի գալիս կենտրոն ու միշտ մետրոյով` փոքր ժամանակ մեր տունը Շենգավիթում էր, բայց ես սովորում էի 119-րդ դպրոցում ու Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցում:

Դասերից հետո սիրում էի զբոսնել քաղաքի հին ու նեղլիկ փողոցներով: Ստացվում էր, որ օրվա մեծ մասը փոքր կենտրոնում էր անցնում: Երևի դրա համար է, որ ես կապված եմ Երևանի, հատկապես դրա սրտի հետ: Եվ քաղաքի ու իմ այդ կապը շատ ամուր է:

Ուսանողական կյանք ես չեմ ունեցել` դրա տարածված դասական իմաստով: Դեռ նոր-նոր էի ընդունվել Երևանի պետական համալսարան, երբ հանդիպեցի ապագա ամուսնուս: Սկսեցինք ընկերություն անել, ու մեր ամբողջ ազատ ժամանակը իրար հետ էինք անցկացնում:

Հիմա դժվարանում եմ հիշել այն թեյարաններն ու սրճարանները, ուր ամուսնուս հետ ժամադրության էինք գնում` քաղաքը շատ է փոխվել: Բայց իմ անձնական ամենասիրած վայրը «Առագաստ» սրճարանն էր` «Պոպլավոկը»: Դպրոցի վերջին տարիներին շատ էի գնում այնտեղ` նստում, կարդում էի: «Պոպլավոկում» միշտ արվեստի մարդիկ էին լինում, ու այդ առանձնահատուկ մթնոլորտը չափազանց գրավիչ էր ինձ համար: Հետագայում էլի գնում էինք այդ սրճարան, բայց ինչպես գիտեք, այն շատ փոխվեց: Հին «Պոպլավոկը» այլևս չկա:

Երեխաների հետ մեր ամենասիրելի ժամանցի տարբերակը մի ամբողջ օր քաղաքի տարբեր վայրերով ու փողոցներով շրջելն է: Օրինակ, դուրս գալ շաբաթ կամ կիրակի, գնալ փոքրիկ կենդանաբանական այգի, հետո սրճարան` մի բան ուտելու, իսկ երեկոյան անպայման շատրվանների մոտ: Հիմա, իհարկե, այնքան էլ չի ստացվում ժամանակ գտնել այդպիտի երկար զբոսանքների համար:

loading...