«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանի եւ ՀՀ հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանի միջեւ տեղի ունեցած հեռախոսազրույցի գաղտնալսման գործով խուզարկություններն ավարտվել են:
Ինչպես հայտնի է, նախաքննությունն իրականացնող մարմինը միջնորդություններ էր ներկայացրել դատարան 6 տարբեր հասցեներում խուզարկություն կատարելու թույլտվություն ստանալու համար, որոնք բոլորն էլ դատարանը բավարարել էր:
Սակայն հանրությունը իրազեկվեց միայն Yerevan.today տեղեկատվական հարթակի խմբագրությունում կատարված խուզարկության մասին, թե որոնք էին այս գործով մյուս հինգ հասցեները, նախաքննական մարմինը գաղտնի է պահում:
Մեզ հայտնի դարձավ, որ խուզարկությունների նպատակը եղել է մեկը՝ իրավապահները ցանկացել են պարզել, թե համացանցում հայտնված հեռախոսային խոսակցությունն ինչպես է հայտնվել լրատվամիջոցում կամ այլ անձանց ձեռքում՝ կրիչի վրա են ներբեռնել եւ անձամբ հանձնե՞լ, թե՞ էլեկտրոնային տարբերակով են ուղարկել»:
Աղբյուր՝ Lragir.am