«Առաջին լրատվական»–ի զրուցակիցն է քաղաքագիտության դոկտոր Հայկ Ա. Մարտիրոսյանը։

 – Պարոն Մարտիրոսյան, ինչպե՞ս եք գնահատում Հայաստանում ստեղծված իրավիճակը, ի՞նչ հնարավոր զարգացումներ են սպասվում, եթե վարչապետը որոշի հրաժարական տալ արտահերթ ընտրություններ անցկացնելու համար, արդյոք միայն ժողովրդի աջակցությունը բավարար կլինի՞։

– Համարում եմ անչափ վտանգավոր և նախևառաջ ու ամենաշատն այն պատճառով, որ վարչապետը որոշել է հրաժարական տալ: Դա ժողովրդական սատարման ամենակարողության մեջ անչափ վստահ լինելու սխալ կարծիքի արդյունք է: Որոշակի սցենարներում ժողովուրդը ոչինչ չի կարողանալու անել և հնարավորություն չի ունենալու անել:

Երևան կարող են տանկեր բերվել, և փակվեն փողոցները: Դրանից հետո մի քանի տարածք կարող է հանձնվել թշնամուն՝ պատճառաբանելով իբրև թե դա Փաշինյանի մեղքով եղավ: Իսկ այդ ընթացքում թե՛ Փաշինյանը և թե՛ մենք բոլորս բանտերում կլինենք, եթե, իհարկե, կենդանի մնանք, իսկ Հայաստանը՝ մի մեծ և կործանված բանտ կդառնա այլևս: Ես չեմ ասում, որ այսպես կլինի: Ես ասում եմ, որ շատ հնարավոր է նաև, որ այսպես լինի:Այդպիսի պարզ մի սցենար կարող է լինել այն, որ հրաժարականից հետո արագ նոր վարչապետ ընտրեն, այդ ժամանակամիջոցում ռազմական գործողություններ սկսվեն Հայաստանի սահմաններին, կամ անգամ, ասենք, օդային տարբերակով Երևանի հանդեպ ոտնձգություն լինի Նախիջևանից, և երկրում ռազմական դրություն հայտարարվի՝ ովքե՞ր են դուրս գալու փողոց, ովքե՞ր են պաշարելու Ազգային ժողովն ու տերևներին և պատգամավորներին ձեռք չտալու:

Տա՛ Աստված, որ չլինի, բայց ինչպե՞ս կարելի է բացառել նման սցենարը: Բացառել, որովհետև կարծում ենք, թե ժողովուրդն Աստվա՞ծ է, թե՞ որովհետև մեր ականջներին հաճո չէ լսել, իսկ մտքներին՝ մտածել նման տարբերակների մասին:

– Հնարավո՞ր էին երեկվա գործողությունները առանց արտաքին՝ մասնավորապես Ռուսաստանի աջակցության։ Օրինակ՝ ԲՀԿ–ն առանց արտաքին երաշխիքների կհրաժարվե՞ր իր նախարարական և մարզպետի պաշտոններից ու ռիսկի տակ կդնե՞ր Ծառուկյանի ունեցվածքն ու անվտանգությունը։

– Հնարավոր էր՝ մանավանդ, որ որևէ բան էլ ռիսկի տակ չէին դնում: Այդ ո՞վ է լրջորեն և խստորեն պատժվել, որ հիմա էլ նոր ընդդիմություն դարձած խորհրդարանական ուժի ղեկավարի ունեցվածքն ու անվտանգությունը ռիսկի տակ դրվեր: Եկեք ինքնախաբեությամբ չզբաղվենք: Մ

ենք տարված ենք սիրելով և հանդուրժելով, իսկ դրանք վախի և կանխարգելման գործոններ չեն: Ընդհակառակը՝ դրանք քաջալերում են հակաքայլեր: Եվ հիմա մենք դրա պտուղներն ենք քաղում:

– Հակահեղափոխության ձգտող ուժերն ի՞նչ հաշվարկ են արել՝ ըստ Ձեզ։ Երևանի ավագանու ընտրություններում իշխանությունը ստացավ լեգիտիմության բարձր տոկոս, և անտրամաբանական է թվում իրենց այսպիսի քայլը, արդյոք չէի՞ն հաշվարկել, որ ժողովուրդը նորից փողոց դուրս կգա։

– Անտրամաբանական է թվում միայն նրանց, ովքեր անտրամաբանականորեն ողջ հույսը դնում են ժողովրդի և ժողովրդավարական պրոցեսների վրա: Ակնհայտ է և հայտնի է բոլորին՝ այդ թվում և այս փոփոխությանը կողմ քվեարկած ուժերին, որ ժողովրդական սատարում իրենք ամենևին չեն ստանալու: Եվ այնուամենայնիվ գնում են այդ լավ մտածված քայլին: Ինչո՞վ բացատրել: Դա միայն մեկ բացատրություն ունի. իրենց հաշվարկներում և պլաններում ժողովրդական սատարման կամ ցասման գործոնը չկա և չեզոքացված է:

Հեղաշրջումներն ընդհանրապես փոքր, բավական սահմանափակ ուժերով են իրականացնում: Այդ հեղափոխություններն են մասսայական ժողովրդական սատարում պահանջում: Հիմա հեղափոխականները հեղաշրջումականներին չափում են սեփական չափանիշներով: Կոպտագույն սխալ է: Կարող են ընտրել վարչապետ, հայտարարել արտակարգ դրություն, արյուն թափել և հարցը փակել: Եթե կան մարդիկ, որոնք կարծում են, թե մի քանի տասնյակ տանկերի դեմ մի քանի հարյուր հազար մարդ դուրս կգա և կամովին բառացիորեն կդառնա թնդանոթի միս՝ սխալվում են: Այդպիսի հիպոթետիկ, տեսական սցենարի պարագայում ամեն բան կլինի այնպես, ինչպես սկսվել են դասական տոտալիտարիզմները: Եվ մեր հեղափոխության օրինամոլությանը փոխարինելու կգա բացարձակ օրինաանտեսումը, որովհետև ՀՀԿ-ն և արբանյակները կենաց ու մահու կռիվ են տալիս և վերադառնալով իշխանության՝ կարողանալու են կառավարել միայն ամենակոշտ մեթոդներով:

Իսկ նրանք, ովքեր էլի խոսելու են «միջազգային հանրության», «աշխարհի նման բան թույլ չտալու» և այլ դատարկ ու ռոմանտիկ պատկերացումների մասին, դարձյալ անրջում են, որովհետև վստահաբար ո՛չ պատմություն գիտեն և ո՛չ քաղաքականություն: Աշխարհում բազում և բազում բռնատիրություններ կան: Այդպիսին էր և Հայաստանը մինչ այս թավշյա հեղափոխությունը:

Եվ եթե նախկին բռնակալները ռևանշի հասնեն՝ հիմա այլևս բացարձակ և բացառիկ բռնատիրությամբ են իշխելու: Ի տարբերություն մեզ՝ նրանք դա շատ լավ են հասկանում: Լավ են հասկանում, և իրենց ռևանշիստական-հակահեղափոխական պլանները հենց այդ հաշվարկով են կազմված: Հուսանք՝ սա տեսական հնարավորության վերլուծություն կմնա: Թեև ասեմ նաև, որ հրաժարականի հետ կապված վատ, շատ վատ, անչափ վատ զգացողություններ ունեմ:

Դա մի բան է, որի դեմ ժողովուրդը պետք է փողոց դուրս գա: Դուրս գա և պահանջի վարչապետից՝ լսել իր ձայնը: Հրաժարականի մանդատ ժողովուրդը վարչապետին չի տվել: Չի տվել և չի տալու, ինչպես և որքան էլ որ վարչապետը համոզի, որ դա է միակ ճանապարհը: Կա մեկ այլ՝ առավել լավ ճանապարհ, և այդ մասին մենք բազմիցս ենք խոսել:

Երկիրը պետք է այդ ճանապարհով գնա, որ Սահմանադրության երկրորդ հոդվածով հանրաքվեով լուծում տալն է, և հեշտորեն ու արագ ցրի այս հանցավոր Ազգային ժողովը: Այո՛, կա դրույթ, որով միևնույն է՝ պառլամենտը պետք է հաստատի հանրաքվեի հրավիրման հանգամանքը, բայց դա կարելի է շրջանցել: Վերջապես օրենքն է կոչված ծառայելու երկրին, ոչ թե երկիրը՝ իր ճակատագրով հանդերձ, հանցավոր ճանապարհով և ապօրինաբար ներդրված օրենքին:

Աղբյուր՝ 1in.am

loading...