«Սիրո և հանդուրժողականության» հեղափոխությունը, կարծես, քայլ առ քայլ դուրս է գալիս իր իսկ հռչակած սկզբունքների շրջանակներից՝ հայտնվելով ապատեղեկատվության ու ատելության քարոզի թակարդում։ Այս մասին ասված է ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Միհրան Պողոսյանի հայտարարության մեջ, որը ներկայացնում ենք ստորև.
«Ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ, որ ցանկացած չհիմնավորված խոսք, առավել, պիտակավորում և սպառնալիք չի հանդուրժվելու՝ անկախ նրանից, թե ով է դրանց հեղինակը՝ շարքային քաղաքացի, բարձրաստիճան պաշտոնյա, թե երկրի վարչապետը։
Որպես 20 հազար քվե ստացած ԱԺ պատգամավոր, բացարձակապես անընդունելի եմ համարում չստուգված ապատեղեկատվությունը դրոշակ դարձնելն ու անձի արժանապատվության՝ նրա վարկանիշի հետ խաղալը, առավել ևս, երբ դա անում է երկրի վարչապետը։
Ցավով արձանագրում եմ, որ իմ և վարչապետի երեկվա զրույցն ու այսօրվա նրա արած հայտարարությունը տպավորություն են ստեղծում, որ խոսքը տրամագծորեն տարբեր մարդկանց մասին է։Ցանկացած ահազանգ նախ և առաջ պետք է ստուգվի՝ դրա համար գոյություն ունեն պատկան մարմիններ։ Իսկ համապատասխան քննչական գործողություններից առաջ բարձր մակարդակով արված չհիմնավորված հայտարարությունը նշանակում է, ուղղորդելով օրինապահ մարմինների աշխատանքը, խաչ քաշել իրողության վրա։ Նման գործելաոճը միայն մոտեցնելու է անդունդին։
Հնարավոր է, որ իմ հարցադրումը՝ «Պրն. Փաշինյան, ո՞րն էր այսքան ժողովրդին փողոց հանելու նպատակը, չէ՞ որ դուք վարչապետ եք և կարող էիք առանց այդ քայլին դիմելու գալ խորհրդարան՝ պատգամավորների հետ քննարկման», դարձել է այսօրվա հայտարարության պատճառը։
Բոլորիս նպատակը ստեղծված իրավիճակից դուրս գալն է, իսկ ապատեղեկատվությանն ու կեղծ զգացմունքայնությանը հագուրդ տալը ավելի է սրելու իրադրությունը։
Սա՛ մեր երկիրն է, և առկա խնդիրների լուծման պատասխանատուները բոլորս ենք։ Պետք է առաջնորդվենք բացառապես այս սկզբունքով, այլ ոչ թե արհեստականորեն ատելություն սերմալով։
Հետևանքները կարող են անդառնալի լինել բոլորիս համար»: