Հակառակ նրան, որ մեզ դեռ փոքրուց զգուշացրել են ծովախեցգետնի ձողիկների վտանգավորության մասին, այդուհանդերձ ժամանակ առ ժամանակ մեզ թույլ ենք տալիս վայելելու այդ կիսաֆաբրիկատի արտասովոր համով։
Ցավոք, շատ արտադրողներ ծովախեցգետնի ձողիկներին են խառնում զանազան կայունացուցիչներ, համի ուժեղացուցիչներ, խտացուցիչներ և բուրահաղորդիչներ։ Ամենասոսկալին այն է, որ նրանցից մի քանիսը հաջողացնում են փոխել ծովախեցգետնի ձողիկների գլխավոր բաղադրամասը՝ սուրիմին (ձկան ծեծած միսը)։
Շատ կարևոր է ճիշտ մոտեցում ցուցաբերել ծովախեցգետնի ձողիկների ընտրության հարցում։ Արժե ժամանակ ծախսել որակյալ մթերքի վրա, որը հետո չի վնասի առողջությունը։
Ինչպես ընտրել ծովախեցգետնի ձողիկներ
Բաղադրությունը
Դա գլխավորն է, որին պիտի ուշադրություն դարձնեք ծովախեցգետնի ձողիկներ ընտրելիս։ Եթե բաղադրամասերի ցակում սուրիմին առաջին տեղում է, ուրեմն մթերքը որակյալ է։ Եթե սուրիմին երկրորդ տեղում է, նշանակում է ձկան քանակը ձողիկներում նվազագույն է։
Երբեմն ծովախեցգետնի ձողիկների բաղադրության մեջ առհասարակ ձուկ չկա, այլ միայն օսլա, սոյայի սպիտակուց և զանազան փոխարինիչներ։ Այդ դեպքում արժե հրաժարվել նման կիսաֆաբրիկատից։
Արտաքին տեսքը
Առանձնապես կարևոր է ծովախեցգետնի ձողիկների արտաքին տեսքը։ Մթերքը միայն մի կողմից պիտի գունավորված լինի։ Ձողիկների գույնը պիտի տարափոխվի բաց վարդագույնից մինչև վարդագույն-կարմիր երանգը։ Կիսաֆաբրիկատի վառ կարմիր գույնը վկայում է տվյալ մթերքում ներկանյութերի առատ օգտագործման մասին։
Միևնույն ժամանակ, ծովախեցգետնի ձողիկները պիտի հարթ, ողորկ և պիրկ լինեն։ Չարժե գնել այն ապրանքը, որը փշրվում է ու կոտրվում։
Փաթեթավորումը
Թե քանի անգամ են ծովախեցգետնի ձողիկները սառցախցիկ դրվել ու հանվել, կարելի է իմանալ՝ նայելով փաթեթավորմանը։ Հաճախ մեջը երևում է սառույցի կամ ձյան փոքրիկ քանակ։ Հերմետիկ փաթեթի մեջ տեղավորված ծովախեցգետնի ձողիկները պիտի լինեն միևնույն չափի ու ձևի։ Այդ կիսաֆաբրիկատն ընտրելիս նախապատվությունը պետք է տալ հայտնի ընկերություններին․ չէ՞ որ ձկան հետ կատակ չեն անում։
Տեսնենք՝ ինչ կա ներսում
Սուրիմին բավական առաձգական զանգված է, որը ենթարկվում է ձևախախտման։ Փորձեք ծռել ձողիկը։ Եթե միայն թեթևակի ճաքճքում է կորացման տեղում, ուրեմն որակյալ ապրանք է։ Եթե կոտրվում է՝ կիսաֆաբրիկատում շատ օսլա կա։
Արժե փորձել ծովախեցգետնի ձողիկը փռել։ Եթե հաջողվի գլուխ բերել նման ձեռնածությունը, ուրեմն մթերքում առատ սուրիմի կա։ Եթե փռելիս ձողիկը վերածվում է կպչուն զանգվածի, դա վկայում է, որ մթերքում լիքը օսլա կա։
Նախապատվությունը պիտի տալ միայն այն ծովախեցգետնի ձողիկներին, որտեղ կարտոֆիլի օսլայի քանակությունը նվազագույն է։