Ծերունին գլուխը տխրությամբ տարուբերեց ու…
-Ես արեցի ինչ հնարավոր էր, բայց ժամանակի քայքայիչ աշխատանքի դեմ ոչինչ չես կարող անել: Այս անգամ վերջ,-ասաց նա:
Ես այդ, իհարկե, սպասում էի: Դա պիտի պատահեր մի օր: Այնուամենայնիվ լուրն ինձ ընկճեց ու կարողացա…
-Միայն այդ էր պակաս,-մռթմռթալ:
Հուսահատությւոնս տեսնելով՝ ծերունին ասաց.
-Դե լավ, պետք չէ այդպես հուսահատվել: Ես ասացի վերջ, բայց դեռ մի քանի օր յոլա կտանի:
Դուրս եկա լրիվ ընկճված: Առանց այն էլ ո՛չ փող ունեմ, ո՛չ աշխատանք, հիմա արդեն կմնամ առանց կոշիկների: Կոշկակարի վճիռն անողոք էր: Կանգնեցի, կոշիկներիս նայեցի: Ներբանները դեռ պինդ են. ես դրանք հեծանիվի հին դողերից էի կտրել-հանել: Կոշիկս ես էի վերանորոգում: Փոքր մեխեր ու մի մուրճ էի գնել ու կարճ ժամանակում ներբանները կարգի էի բերում:
Երբեմն մեխերը դուրս էին պրծնում, ներբանները բացվում էին ու քայլելիս «ֆլակ-ֆլակ-ֆլակ» էին անում: Այդ նյարդայնացնող ձայնը հոգիս կերավ, ու ես ստիպված կոշիկներիս քթերին ռետիններ անցկացրի ու որպեսզի չնկատվեն՝ ներկեցի դրանք:
Այդպես ուրեմն, տակը դեռ դիմանում էր, երեսն էր հոգին ավանդում:
Երկար քայլելուց ճաքճքած, կարված ու նորից կարված՝ էլ չէին դիմանում:
Այդ տարիներին այնքան եմ կոշիկի կարիք զգացել, այնքան եմ ցանկացել կոշիկ ունենալ, որ հիմա, երբ խանութ եմ մտնում, միանգամից քսան զույգ եմ վերցնում: Հիմա պահարանիս մեջ մի հարյուր զույգ ունեմ: Դա ինձ սրտապնդում է:
Հատված՝ «Ազնավուրն Ազնավուրի մասին» ինքնակենսագրական գրքից: